ԵՂԵՌՆԱԽՈՐՀՈՒՐԴ ԳԻՇԵՐ
Պատմում է Հայոց Մեծ եղեռնի մասնակիցներից մեկը. «Երբ անսպասելիորեն թուրքերը գյուղ մտան, ու մեզ բոլորիս անասունի նման իրար գլխի հավաքելով, առաջները արած դեպի դաշտ քշեցին, սկզբում կարծեցինք, թե մեր ունեցվածքը կթալանեն ու նորից բաց կթողնեն, որ գյուղ վերադառնանք։ Բայց ի՜նչ իմանայինք, որ այդ անօրենները հայասպան ծրագիր են մշակել։ Գնում էինք օրերով, նրանք՝ ձիերի վրա, մենք՝ ոտքով, նրանք կուշտ ու կուռ ուտելով մեզանից թալանածները, իսկ մենք՝ ճամփեզրի խոտերը արածելով։ Պարզ էր, որ երկար չէինք դիմանալու, որովհետև առաջին զոհերը տեսանք, որոնք ուժասպառ ճամփեզրին մեկնվեցին ու հոգնած անտարբերությամբ իրենց մահը դիմավորեցին մարդակերպ գազան թուրքերի ձեռքից։ Մենք մի քանի հավատացյալ քույրերով էինք ու ամեն առիթի դեպքում հավաքվում ու աղոթում էինք, որ Տերը մեզ ազատի այս ստույգ մահվանից, կամ էլ խայտառակաբար չլլկվենք անօրեն պիղծերից, որոնք մեր աչքի առաջ իրենց դուր եկած աղջիկներին բռնաբարում էին, իսկ դիմադրողներին հենց տեղում մորթազերծ անում, որ մյուսները վախենան ու չդիմադրեն։
Մի գիշեր մեզ բոլորիս ճամփեզրի մարգագետինը հավաքեցին, իսկ իրենք մեր կողքերը խարույկ վառելով, տաքանում ու հսկում էին ճամբարը։ Իսկ խեղճ հայերս ցրտից դողալով, մեր ունեցած փալաս-փուլուսով ծածկվելով, մի կերպ լուսացնում էինք դժնդակ օրհասներով լեցուն գիշերները։ Տեսնելով, որ արդեն մեր հերթն էլ է գալիս մահկանացուներս կնքելու, քանի որ հյուծվածությունից թուլացել էինք, որոշեցինք այդ նույն գիշերը փախչել. կամ այս, կամ այն կողմ, միևնույն է՝ մահը մեր հետևից է գալիս։ Չգիտեինք՝ ինչքան ժամանակ էր անցել, մենք չորս ընկերուհիներով, ճամբարի եզրին, միմյանց կողքի պառկած, շշնջալով աղոթում էինք ու աստղազարդ երկնքին նայելով՝ Արարչից ողորմություն և օգնություն հայցում։
Երբ գիշերային պահակը մի փոքր հեռացավ մեզանից, դեմքներս խաչակնքելով ու միմյանց կողը բոթելով, անշշուկ սողացինք դեպի խավարը։ Ամեն բան բարեհաջող անցավ, ու որոշ տարածություն փորի վրա սողալուց հետո ոտքի կանգնեցինք և սրտատրոփ ուրախությունով մոռացած մեր տկարությունները դեպի անհայտ հեռուն քայլեցինք։ Երբ դիմացի սարի հետևը անցանք, կանգ առանք շունչ առնելու և միմյանց գիրկն ընկնելով, իրար փաթաթված լաց էինք լինում ուրախությունից և այնպիսի զգացում էինք ապրում, կարծես արդեն երկնային դրախտ ենք ընկել, և մահն ու դժբախտությունները մնացել են հետևում։ Հանդարտվելուց հետո բոլորս ծնկի եկանք ու արտասվախառն աչքերով գոհություն էինք տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Իր կարող Խաչով մեզ փրկեց մարդակեր թուրքերի ձեռքից։
Բայց առջևում դեռ բազում վտանգներ էին մեզ սպասում, այդ պատճառով ամբողջ գիշեր քայլեցինք մեզ անծանոթ տեղանքներով, որ ինչքան հնարավոր է հեռանանք այդ մահվան քարավանից։ Ահա և ծագեց աղոթարանը, և արևի առաջին շողերն ընկան արյունաներկ հայոց հողի վրա։ Անհայտ վտանգների հանդեպ մտորումներով, գլխահակ գնում էինք, ու երբ մի բլրի վրա ելնելով ուզեցինք շրջապատը զննել և հանկարծ ի՜նչ տեսանք. ամբողջ գիշեր պտտվել-պտտվել ենք ու եկել նորից նույն տեղն ենք հասել։ Վախից ու հիասթափությունից կարկամած՝ մի քանի վայրկյան նայում էինք դեպի նոր արթնացող քարավանը, իսկ հետո, երբ ուզում էինք թաքնվել, հանկարծ այդ շան նման սրատես թուրք զինվորներից մեկը մեզ տեսնելով՝ հարայ-հրոց բարձրացրեց, ու նրանցից մի քանիսը ձիերը թամբելով իսկույն մեր կողմը շտապեցին: Փախչելը անիմաստ էր, ու միմյանց գրկելով, գլուխ գլխի տված, ծնկի գալով՝ սկսեցինք Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը ասել, որ երբ մեզ թրատելու լինեն, գոնե աղոթքը շրթներիս, քրիստոնեավայել մեռնենք։ Ու երբ ձիերի սմբակների քառատրոփը մեզ հասավ, արդեն սուրբ Խաչի աղոթքին էինք հասել և վախից դողդոջուն ձայնով միասին ասում էինք.
Խնամող արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին ու մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս. ամեն։
Ընդհուպ այնքան մեզ մոտեցան, որ նրանց ձիերի սմբակների տակի ավազը մեզ վրա էր լցվում, բայց մի քանի անգամ պտտվելով մեր շուրջը, նրանցից մեկը զարմացած բացականչեց թուրքերեն. «Շուն գյավուրներն այս ո՞ւր չքվեցին»։ Ու էլի մի քանի անգամ այս ու այն կողմ քշելուց հետո, մեզ չտեսնելով, հայհոյելով՝ թողեցին հեռացան։ Մինչդեռ մենք հստակ լսում էինք նրանց ձայները, բայց ահից աչքներս փակած՝ շարունակում էինք աղոթել, որովհետև հասկացանք, որ Տիրոջ սուրբ Խաչն է մեզ իր անտեսանելի թևերի տակ առել, որ անօրենները կուրանան ու մեզ չտեսնեն։ Եվ այդպես բազմաթիվ վտանգներից Տերը մեզ ազատելով մինչև սուրբ Էջմիածին՝ մեր հոգիների փրկության տապանը հասցրեց։
Փա՛ռք Քո սուրբ Խաչին Տեր մեր և Աստված մեր Հիսուս Քրիստոս։
Մ. Բաբաջանյանի
«Խաչապատում» գրքից