ՏԱՊԱԿԱԾ ԼՈԲԻ
պատմում է Ժորա Դիլանյանը
Ահեղ կռիվ էր։ Այնքան էի կրակել, որ ավտոմատի փողը կարմրել էր։ Մի կողմից էլ քաղցն էր նեղում, ժամանակ չկար մի կտոր հաց ուտելու։ Իսկ որ ես քաղցած եմ լինում՝ աչքիս էլ բան չի երևում։ Ու էդ գիտեին նաև տղաները։ Ավտոմատը մի կողմ դրեցի ու հենվեցի պատին։ Կրակոցի ձայն չլսելով, Աշոտը վատ բան կասկածելով, իրեն գցեց ինձ մոտ։ Տեսնելով, որ ոչինչ էլ չի պատահել, գլխի ընկավ, որ… քաղցած եմ ու դիմելով ինձ՝ ասաց.
-Ժորա ջան, կրակի՛ր, գիտեմ քաղցած ես, էնպես արա, որ թշնամին պոչը քաշի։ Պոչը քաշեց թե չէ՝ գիտե՞ս ինչ ես ուտելու։
-Ի՞նչ,- թուքը կուլ տալով, հարցրի։
-Ասել եմ, շուտով կանաչ լոբին ձվով տապակած տեղ է հասնելու։
-Ո՞վ է տապակել,- տղաների հոգու հետ սկսեցի խաղալ։
-Ժորա ջան, մամադ է տապակել, մամադ, դու կռվիր, կրակիր՝ շուտով կբերեն, տեղ կհասցնեն…
Մամայիս պատրաստած կանաչ լոբին իմ ամենասիրած ուտելիքն է, ու տղաները դա գիտեին։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Մայոր