Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԽԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ



Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման տագնապի հոգեվիճակն է:

– Պարո՛ն Մարգարյան, ուսումնամարտական գործունեության պայմաններում զինծառայողների շրջանում ո՞ր հոգեվիճակն է ամենատարածվածը:

– Թերևս, տագնապային վիճակը: Տագնապը հոգեբանության բնագավառում համարվում է կարճատև հուզական վիճակ (թույլ վախ հիշեցնող պատասխան իրական կամ սպասվող վտանգավոր իրադարձություններին) կամ տևական հոգեվիճակ: Տագնապի ազդեցությամբ անձի այլ հոգեկան պրոցեսներ (օրինակ` մտածողությունը, երևակայությունը) և վարքը կրում են փոփոխություններ: Տագնապը այն հուզական վիճակներից մեկն է, որը բնորոշ է հուսալքված անձին: Կան անձինք, որոնց բնորոշ է տագնապալից վիճակների ապրումը` տագնապախռովությունը…

– Կներեք, ինչո՞ւ անպայման հուսալքված: Մի՞թե մարտից առաջ տագնապի զգացողությունը անպայման ուղեկցվում է հուսալքությամբ: Մի՞թե վտանգի կանխազգացումից տագնապելը մարդու բնական արձագանք չէ:

– Տագնապային հոգեվիճակն արտացոլում է «մարդ-արտաքին միջավայր» համակարգում հավասարակշռության խախտումը, ինչը գիտակցվում է որպես ոչ առարկայական, վերացարկված սպառնալիք: Անշուշտ, դա բնական արձագանք է, սակայն համաձայնեք, որ հույսն ու տագնապը անհամատեղելի են. եթե մարդ վտանգը հաղթահարելու հույս ունի, տեսնում է ելքն իրավիճակից, ապա ինչո՞ւ պետք է տագնապի: Եւ ընդհակառակը, եթե տագնապում է, ուրեմն ելք չի տեսնում, և ուրեմն` ինչ-որ չափով հուսալքված է:

– Փաստորեն, տագնապային հոգեվիճակը անձի սուբյեկտիվ ընկալման արդյունք է, վտանգի չափազանցման:

– Այո՛: Հետևաբար, տագնապախռովության մակարդակը որոշվում է ավելի շատ զինծառայողի անհատական հատկություններով, քան այն իրադրությամբ, որի մեջ հայտնվել է նա:

– Ի՞նչն է տագնապային հոգեվիճակի ամենավատ կողմը:

– Այն, որ տագնապ ապրելը բացասաբար է ազդում զինծառայողի վարքային ակտիվության վրա:

– Դա էլ, հավանաբար, կախված է տագնապի խորության աստիճանից:

– Այո՛, ըստ ապրումների ինտենսիվության` կարելի է առանձնացնել տագնապի մի շարք վիճակներ: Ներքին լարվածության զգայությունը տագնապի ամենաթույլ աստիճանն է, որին բնորոշ են լարված ուշադրությունը, հոգևոր անհարմարավետությունը:

– Կարո՞ղ եք օրինակ բերել, թե ե՞րբ է առաջանում այսպիսի հոգեվիճակ:

– Օրինակ, երբ սահմանին կանգնած դիտորդը գիշերն ինչ-որ ձայն է լսում առջևից:

-Լավ, ո՞րն է տագնապի մյուս աստիճանը:

-Հիպերստեզիական հակազդումները:

– Ինչակա՞ն:

– Հիպերստեզիան մարդու բարձր մակարդակի զգայունակությունն է թույլ գրգռիչների նկատմամբ, որոնք ազդում են նրա զգայարանների վրա: Դիտորդի հետ կապված օրինակում դա կարող է լինել ձայնի նկատմամբ բարձր զգայունակությունը: Հիպերստեզիական հակազդումները դրսևորվում են չափից մեծ հուզական զգայունակության դեպքում, ինչի հետևանքով որոշ` ընդհանուր առմամբ չեզոք, խթաններ դառնում են տագնապային ապրումների հարուցիչ (գրգռիչ):

– Պարզ ասած` խոտի խշշոցը կարելի է ընկալել որպես հակառակորդի մի ամբողջ դասակի տեղաշարժի ձա՞յն:

– Այո՛:

– Անցնենք տագնապի մյուս աստիճանին:

– Դա հենց տագնապ էլ կոչվում է: Տագնապը վտանգի չգիտակցված զգացում է: Առաջանում է վտանգի մասին տեղեկույթի անբավարարության կամ հակասականության, զինծառայողի դիրքորոշումների և ռեալ իրադրության ընկալման աստիճանի միջև անհամապատասխանության հետևանքով:

– Այսինքն` տագնապը վախն է` առանց վախեցնող օբյեկտի՞:

– Կարելի է նաև այդպես ասել: Իսկ ավելի ճիշտ, վախը մի վիճակ է, որն առաջանում է տագնապի պատճառների, վտանգավոր իրավիճակների կոնկրետ գործոնների ի հայտ գալու հետևանքով: Այդ վիճակի ազդեցության ներքո կարող է սահմանափակվել զինծառայողի մարտական գործունեությունը:

– Ուրեմն` վախը տագնապի հաջորդ աստիճանն է:

-Այո՛:

-Իսկ խուճա՞պը:

– Խուճապ լինում է, երբ մարդուն համակում է մոտեցող աղետի զգայությունը: Այն բնութագրվում է սպառնալիքի անխուսափելիության ապրումով, անելանելիության զգացումով և արտահայտվում է մեծ շարժումային ակտիվությամբ, օգնության խուճապային որոնումներով:

– Սա վախի առավելագույն աստիճա՞նն է:

– Ո՛չ: Առավելագույնը համապատասխանում է տագնապավախային գրգռման հոգեվիճակին, որն արտահայտում է տագնապի կրիտիկական դրսևորումը, երբ զինծառայողի վարքը այնքան է խաթարված, որ չկա նպատակաուղղված գործունեության որևէ հնարավորություն:

– Այսինքն` երբ մարդ, ինչպես ասում են, «վախից քարանում է»:

– Այո՛:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Ռազմական


11/04/2012