Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈՒ՞ ՍՏԱԼԻՆԸ ՌՈՒԶՎԵԼՏԻՆ ՆՎԻՐԵՑ «ՎՈԼԳԱ-ՎՈԼԳԱ» ՖԻԼՄԸ



1942թ.-ին Իոսիֆ Ստալինը ԱՄՆ-ի դեսպանին հրավիրեց միասին դիտելու «Վոլգա-Վոլգա» ֆիլմը: Դեսպանը ֆիլմը հավանեց, իսկ Ստալինը, նրա միջոցով, ֆիլմի օրինակը խնդրեց փոխանցել նախագահ Ռուզվելտին: Նախագահը ֆիլմը դիտեց, սակայն չհասկացավ, թե ինչու է Ստալինը այս ֆիլմը ուղարկել իրեն: Այդ ժամանակ Ռուզվելտը խնդրեց թարգմանել ֆիլմում հնչող երգերի բառերը: Երբ թարգմանվեց ֆիլմի երգերից մեկը, որը նվիրված էր «Սեվրյուգա» գնացքին (Ամերիկան Ռուսաստանին գնացք է նվիրել,/ Առջևից` գոլորշի, հետևից` անիվներ/ և սարսափելի, սարսափելի, սարսափելի դանդաղ ընթացք), նախագահը բացականչեց.«Այժմ ինձ հասկանալի է նրա ակնարկի իմաստը, նա մեզ կշտամբում է «դանդաղ ընթացքի» համար: Մենք մինչև այժմ չենք բացել երկրորդ ռազմաճակատը»:

«ՎՈԼԳԱ-ՎՈԼԳԱՅԻ» ՄԱՍԻՆ ԼԵԳԵՆԴԸ

Այս դրվագի մասին ես առաջին անգամ տեղեկացա Գ. Բ. Մարյամովի (ով այդ ժամանակ Կինեմատոգրաֆիստների միության քարտուղարն էր) «ԽՐպՎսպՉրՍՌռ ՓպվջՏՐ» գրքից: Մարյամովը գրեց այս փոքրիկ գիրքը, երբ նրան հեռացրին իր պաշտոնից: Ընդ որում` գրքում ներառված փաստերի մեծ մասը գրառվել է Իվան Գրիգորևիչ Բոլշակովի պատմածների հիման վրա, ով 1939 թ.-ից ղեկավարում էր սովետական կինոմատոգրաֆիան, և ով ամեն օր շփվում էր կրեմլյան առաջնորդի հետ:

Մարյամովը իր գրքում գրում է: «Ստալինի սիրած ֆիլմերի շարքում իր ուրույն տեղն ուներ Ալեքսանդրովի «Վոլգա-Վոլգա» կատակերգությունը: Նա բազմիցս դիտել էր այդ ֆիլմը, անգիր էր սովորել նրանում հնչող արտահայտությունները և նույնիսկ երբեմն «հուշում էր» դրանք իր հյուրերին: Այս ֆիլմի հետ է կապված դիվանագիտական ոլորտում հիշարժան դարձած մի դրվագ: Ստալինը դեսպան Հոպկինի միջոցով ֆիլմը որպես նվեր ուղարկում է ԱՄՆ նախագահ Ռուզվելտին: Այն ստանալով` Ռուզվելտը սկսում է մտորել, թե ինչ է այս նվերով ցանկանում ակնարկել Ստալինը: Ֆիլմի բովանդակության մեջ նա չգտավ այդ հարցի պատասխանը: Նա շնորհակալություն հայտնեց Ստալինին նվերի համար` այդպես էլ չկռահելով դրա քողարկված նշանակությունը: Ոչ ոք չէր էլ մտածում, որ Ստալինը, ուղարկելով նրան «Վոլգա-Վոլգա» ֆիլմը, ցանկություն ուներ պարզապես նրա հետ կիսելու այն հաճույքը, որ նա ստացել էր ֆիլմի դիտումից»:

Եվ այսպես, ի՞նչ ենք իմանում մենք այս հրապարակումից: Առաջինը, որ ֆիլմը Ռուզվելտին է փոխանցել դեսպան Հոպկինսը, երկրորդը` որ նախագահն այդպես էլ չհասկացավ նվերի քողարկված ակնարկը, որն իրականում ոչ մի ակնարկ էլ չէր պարունակում: Տեղեկանում ենք նաև, որ նախագահը նվերի համար շնորհակալություն է հայտնել Ստալինին: Սակայն հայտնի չէ, թե երբ է այս դեպքը տեղի ունեցել, ինչպես նաև գոյություն չունի դեպքի հղումով որևէ փաստաթուղթ:

Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպե՞ս է արձագանքել այս նվերին Ռուզվելտը, թե ինչպե՞ս են նախագահն ու նրա շրջապատը փորձել գտնել «ակնարկի բանալին», ի՞նչ բառերով է ԱՄՆ նախագահը շնորհակալություն հայտնել և վերջապես` ե՞րբ է այս ամենը տեղի ունեցել:

Որտե՞ղ փնտրել այս տեղեկությունները: Միգուցե Սպիտակ Տան պահոցու՞մ: Բայց այդպիսի պահոց գույություն չունի: Յուրաքանչյուր ԱՄՆ նախագահ, ով ավարտում է իր պաշտոնավարման ժամանակահատվածը, իր հետ է վերցնում իր կառավարման ժամանակահատվածի փաստաթղթերը: Պետության հաշվին նրանց համար ստեղծվում է հատուկ գրադարան, որը ծառայում է և՛ որպես թանգարան, և՛ պահոց, և՛ հետազոտական կենտրոն, որտեղ կարելի է ուսումնասիրել արդեն նախկին նախագահների կառավարման անցած ուղին:

Հենց այս պատճառով ես առաջին հերթին ուղևորվեցի Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի գրադարան, որը գտնվում է Նյու Յորքի Հայդ Պարկ փոքրիկ քաղաքում: Այս գրադարանը ամենահարուստն է համարվում իր նյութերի քանակով, քանզի Ռուզվելտը ԱՄՆ-ի նախագահների շարքում ամենաշատ անգամներ վերընտրվածն է, բացի այդ` այնտեղ պահվող նյութերը բազմիցս վերամշակվել են: Գրադարանի նյութերը համակարգչի օգնությամբ խնամքով դասակարգված են: Գրադարանին ուղարկված իմ էլեկտրոնային հարցմանը պատասխանեցին արդեն երեք օրից: Այնտեղ մասնավորապես նշված էր. «Պրն Գալովսկոյ, մենք տնտղեցինք մեր պահոցի փաստաթղթերը, սակայն «Վոլգա-Վոլգա» ֆիլմի մասին ոչ մի հիշատակում չգտանք: Ցավում ենք, որ չկարողացանք Ձեզ օգտակար լինել: Մարկ Ռենովիչ: Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահական գրադարան»:

Այսպիսով` Մարյամովի նշած տեղեկությունները չհաստատվեցին: Ակնհայտ է, որ, եթե ֆիլմի օրինակն իսկապես ուղարված լիներ Սպիտակ Տուն ու բազմիցս դիտված և քննարկված լիներ, ապա այդ մասին տեղեկությունները իրենց տեղը կգտնեին գրադարանի թղթաբանության մեջ: Այս պարագայում Ռուզվելտի շնորհակալական նամակի պատճենը անկասկած կուղարկվեր պահոց, ինչպես մնացած բոլոր փաստաթղթերի, նամակների և այլ գրառումների պատճենները կամ բնօրինակը:

Ես պատճառ չունեի կասկածելու գրադարանի աշխատակիցների բարեխղճությանը, այդ իսկ պատճառով հիշելով հրապարակման մեջ հիշատակված Ֆրանկլին Ռուզվելտի խորհրդականի` Հարրի Հոպկինսի անունը, ով պատերազմի տարիներին մի քանի անգամ այցելել էր ԽՍՀՄ` որպես ԱՄՆ նախագահի պատվիրակ, որոշեցի կառչել այս թելից:

Ստալինի հետ Հոպկինսի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 1941թ.` պատերազմի հենց սկզբին: Այս հանդիպմանը նրանք քննարկել են լենդ-լիզ ծրագրի շրջանակում զինամթերքի ներկրումը: Այսպիսի ծրագիր այդ ընթացքում արդեն գոյություն ուներ, սակայն նպատակաուղղված էր Մեծ Բրիտանիային և այլ երկրներին: Այժմ Ռուզվելտը որոշել էր այս ծրագրում ընդգրկել նաև Խորհրդային Միությունը, և հենց այդ նպատակը իրագործելու համար էլ Հարրի Հոպկինսին պատվիրակ էր ուղարկել Մոսկվա: Դժվար է պատկերացնել, որ 1941թ. հնարավոր էր քննարկել ֆիլմը, ո՛չ ժամանակն էր դրա համար պատեհ, ո՛չ էլ իրավիճակը: Սակայն Հոպկինսի` Մոսկվա կատարած հաջորդ այցելությունների ընթացքում ֆիլմի փոխանցումը Ռուզվելտին հավանական է թվում, մանավանդ որ պատվիրակի և Ստալինի միջև ընկերական ջերմ հարաբերություններ էին հաստատվել: Այս մասին է նշել այն ժամանակ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ավերելլ Հարիմանը: Նա Հոպկինսի կենսագրականը գրելիս ընդգծում է, որ Ստալինը հարգելով Հոպկինսին` ուշադրության նշաններ էր ցուցաբերում: 1945թ., տասը օր տևած բանակցություններից հետո, ամերիկյան դեսպանատան մոտ մի բեռնատար է կանգնել, որը բեռնված է եղել Հոպկինսի կնոջ համար նախատեսված նվերներով: Ստալինյան նվերների շարքում նշվում են թանկարժեք քարեր և մորթիներ, սակայն դրանց շարքում չի հիշատակվում «Վոլգա-Վոլգա» ֆիլմը:

Առաջնահերթ պետք էր ճշտել, թե երբ էր Հոպկինսը գնացել Մոսկվա: Համացանցում որոնողական ջանքերս հանգեցրին Հոպկինսի` Վաշինգտոնում գտնվող Ջորջթաունյան համալսարանի պահոցին: Եվ հենց այնտեղ էլ ես ուղարկեցի իմ հարցումը: Պատասխանում նշված էր. «Պրն Գոլովսկոյ, ես ստուգեցի Հոպկինսի պահոցը և հայտնաբերեցի այնտեղ Ստալինի հետ ունեցած նրա 4 հանդիպումների վերաբերյալ հիշատակումներ: Առաջինը տեղի է ունեցել 1941թ. և նվիրված է եղել լենդ-լիզին: Երկրորդը` 1943թ. էր Թեհրանում, 3-րդը` Յալթայում տեղի ունեցած հավաքի ընթացքում, իսկ 4-րդը` 1945թ.-ի մայիսի 12-ին` Մոսկվայում: Տասնօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել են Միավորված ազգերի կազմակերպության հետ կապված հարցերը, լեհական խնդիրներն և այլն: Հարգանքով` պահոցապան Քելլի Էնտիդ»:

Եվ այսպես, պարզ դարձավ, որ ֆիլմը չէր կարող փոխանցվել Հոպկինսի միջոցով 1942թ., քանզի այդ ժամանակահատվածում նա Մոսկվա չէր այցելել: Ինչպես նաև` 1945թ., քանի որ Հոպկինսի` Մոսկվա կատարած այցի ժամանակ Ռուզվելտն արդեն մահացել էր, այդ իսկ պատճառով էլ նրան հասցեագրված ոչ մի նվերի մասին խոսք անգամ լինել չէր կարող:

Այս ամենի հետ մեկտեղ ես որոշեցի ամեն դեպքում անհանգստացնել Հարրի Հոպկինսի անվան ֆոնդի աշխատակիցներին` ուղղելով նրանց կոնկրետ «Վոլգա-Վոլգա» ֆիլմի մասին հարց: Պատասխանը ինձ չստիպեց սպասել: «Մենք (…) չկարողացանք գտնել որևէ գրառում` կապված «Վոլգա-Վոլգա» ֆիլմի հետ կամ Ձեր նկարագրած դրվագի մասին… Ցավում ենք, որ ի վիճակի չենք Ձեզ օգնել, Սկոտ Թեյլոր, Ջորջթաունյան համալսարանի գրադարանի հատուկ ֆոնդի պահոցապան»:

Ես խղճիս հանգստության համար ընթերցեցի Հոպկինսի մասին պատմող մի քանի գրքեր, սակայն դրանցում էլ ստալինյան նվերի մասին ոչ մի հիշատակման չհանդիպեցի: Այս դեպքերին հաջորդող օրերին, կարծես ինձ հակառակ, ռուսական մամուլում իմ աչքին զարնեցին նաև այլ նշումներ «Վոլգա-Վոլգա» ֆիլմի վերաբերյալ, քանզի այդ ընթացքում լրանում էր ֆիլմի 65-րդ տարեդարձը, ինչպես նաև բեմադրող ռեժիսոր Գ. Ալեքսանդրովի ծննդյան 100-ամյակը:

6 տարվա վաղեմություն ունեցող «ԿչՏվպՍ» ամսագրում (այս հոդվածը գրվել է 2003թ.-ծնթ. խմբ.) ես գտա Յուրի Բորևի փոքրիկ անդրադարձը «Նոր հին պատմություններ» խորագրի ներքո: Այնտեղ գրված էր. «Ստալինը ԱՄՆ-ի դեսպան Հարրիմանին` որպես Մոսկվայից հուշ, նվիրեց «Վոլգա-Վոլգա» ֆիլմի օրինակը: Այդ ժամանակ Հարրիմանը, ստանալով այն, մտորումների մեջ ընկավ: Ամերիկյան կառավարության ներկայացուցիչները մի քանի անգամ ֆիլմը դիտեցին` ցանկանալով կռահել այդ «տարօրինակ» նվերի տակ քողարկված խոր իմաստը: Նրանց ուշադրությունը գրավեց «Ամերիկան Ռուսաստանին գնացք է նվիրել` ահռելի անիվներ, սարսափելի դանդաղ ընթացք» երգը: Եվ այստեղ մտածեցին, թե դա լենդլիզյան ծրագրի որակը մատնանշող ակնարկ է: Իսկ իրականում ժապավենը իր մեջ ոչ մի ակնարկ էլ չէր պարունակում: Պարզապես Ստալինը շատ էր հավանում այս ֆիլմը և ցանկություն էր հայտնել ֆիլմի դիտումից ստացած հաճույքը կիսել իր հյուրի հետ»:

Այս հրապարակման մեջ Մարյամովի ներկայացված տարբերակի հետ շատ ընդհանուր գծեր կան: Բորևի անդրադարձում առկա է Ստալինի` լենդլիզյան ծրագրի իրագործման նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին ակնարկ, սակայն Բորևը, ինչպես և Մարյամովը, հանգում են այն եզրակցության, որ այդ նվերը ոչ մի ակնարկ էլ չի պարունակում: Եվ նորից մենք ոչ մի տեղեկություն չունենք այս զավեշտալի դեպքի ժամանակաշրջանի, ինչպես նաև դրա իսկությունը վկայող որևէ փաստաթղթի վերաբերյալ: Մարյամովի և Բորևի պատմությունների մեջ կար մի զգալի տարբերություն. ֆիլմը Ստալինը նվիրում է ոչ թե Հոպկինսին, այլ Հարրիմանին: Այստեղ ուշադրություն է գրավում ևս մեկ տարաձայնություն: Ըստ Բորևի` ֆիլմը նվիրվել է ոչ թե նախագահ Ռուզվելտին, այլ հենց Հարրիմանին:

Եթե ուշադրություն դարձնենք հրապարակման մեջ նշված «հիշատակ Մոսկվայից» բառերին, ապա կարելի է ենթադրել, որ նվերը մատուցվել է Ավերրել Հարրիմանի առաքելության ավարտից անմիջապես հետո, ինչը տեղի է ունեցել 1946թ.-ին:

Ավերելլ Հարրիմանը` որպես Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան է գտնվել 1943-1946թթ.: Մինչ այդ, նա ստանձնել է ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև եղել է լենդ-լիզ ծրագրի համակարգողը: Նա բարեկամական հարաբերությունների մեջ էր ինչպես նախագահ Ռուզվելտի, այնպես էլ վարչապետ Չերչիլի հետ: Նա իրեն լավ էր զգում Լոնդոնում և հենց այդ պատճառով էլ ընդվզում էր` Խորհրդային Միություն տեղափոխվելու որոշման դեմ: Հարրիմանը 1941թ.-ից աշխատել էր Մոսկվայում ամերիկյան դեսպանատան խորհրդականի պաշտոնում և նպատակ չուներ այստեղ վերադառնալու: Սակայն նախագահը պնդեց, և նա չկարողացավ ոչինչ անել:

Հարրիմանը չէր սիրում Մոսկվան, չէր տիրապետում լեզվին և առանձնանալով, չէր շփվում ռուսների հետ: Միակ բացառությունը Ալեքսեյ Տոլստոյն էր, ով սիրում էր դեսպանատանը մասնակցել համեղ ուտեստներով ճաշկերույթների և զրուցել նրա հետ: Նրանց շփումը տեղի էր ունենում հետևյալ կերպ` Տոլստոյը խոսում էր ռուսերեն, նրա կինը թարգմանում էր ամուսնու խոսքերը ֆրանսերեն, իսկ նրանց դուստրն էլ այնուհետև` անգլերեն: Այստեղ հատկանշական է, որ Հարրիմանը հակակրանք էր տածում Մոլոտովի հանդեպ: Հարրիմանը բազմիցս հանդիպումներ էր ունեցել Ստալինի հետ, սակայն ոչ մի անգամ` առանձին. Նրան միշտ ուղեկցում էին Չերչիլը կամ էլ Հոպկինսը: Այնպես որ՝ քիչ հավանական է, որ Ստալինը ֆիլմը նրան նվիրած լինի, սակայն դա չի էլ բացառվում:

Միաժամանակ, եթե դա տեղի ունեցած լիներ, ապա ժապավենը նախ կդիտեին դեսպանատանը, ապա պարտադիր հաշվետվություն կկազմեին պետության համար: Այս վարկածը հաստատելու համար էլ ես դիմեցի պետական պահոց, որտեղ պահոցապան Սալլի Կյուիսելը, ով մասնագիտացած էր ամերիկյան դիվանագիտության ոլորտում, մանրակրկիտ տնտղելուց հետո ոչ մի տեղեկություն չգտավ «Վոլգա-Վոլգա»-ի մասին. ֆիլմի դիտման վերաբերյալ Մոսկվայի դեսպանատանը կազմված հաշվետվություն Վաշինգտոնին չի ներկայացվել:

Ինչպես և Հոպկինսի պարագայում, ես ընթերցեցի Հարրիմանի` Մոսկվայում պաշտոնավարման տարիների մասին մանրամասներ, սակայն «Վոլգա-Վոլգա»-ի մասին ոչ մի հիշատակման չհանդիպեցի:

Բայց ինձ հաջողվեց թեմայի վերաբերյալ դուրս գրել մի կարևոր վկայություն: Իր հիշողություններն էր գրառել օդաչու Ա. Ս. Յակովլևը: Պատմելով գեներալ դե Գոլլի` Մոսկվա կատարած այցելության մասին` 1944թ.-ի դեկտեմբերի 9-ի կրեմլյան ընդունելություններից մեկի ժամանակ, պաշտոնական ընթրիքից հետո, բոլոր հրավիրյալները ուղևորվում են հյուրասենյակ, որտեղ նրանց էր սպասում սուրճն ու այնուհետև` կինոդահլիճը: Սկզբում ցուցադրվել է «Եթե վաղը պատերազմ է» ֆիլմը, այնուհետև Դիսնեյի մուլտֆիլմը, իսկ վերջում` «Վոլգա-Վոլգա»-ն: Այդ ընթացքում Ստալինը նստած է եղել Հարրիմանի կողքին: «Վոլգա-Վոլգա»-ի դիտման ընթացքում նրանք երկուսն էլ ծիծաղում էին: Հատկապես այն ժամանակ, երբ ֆիլմում հնչել է «Ամերիկան Ռուսաստանին գնացք է նվիրել,/ այն հետևից անիվներ ունի,/ իսկ ընթացքն էլ շատ դանդաղ է,/ «Սեվրյուգա» գնացքը սկսել է քանդվել» երգի բառերը»:

Այդ գրառումից մենք համենայնդեպս տեղեկանում ենք, որ «Վոլգա-Վոլգա» ֆիլմի դիտում 1944թ.-ի վերջին կայացել է, սակայն այն, թե դրանից հետո Ստալինը Հարրիմանին նվիրել է իր սիրած ֆիլմի օրինակը, թե ոչ, այդպես էլ գաղտնի է մնում:

Մեկ այլ գտածո էր Նիկոլայ Կլիմոնտովիչի փոքրիկ հրապարակումը «ծպջՈՉՌրՌՎՈÿ չՈջպՑՈ»-ում, որը վերնագրված էր «Ստալինի ժամանակ սեքս գոյություն ուներ»: Այն հրապարակվել էր ռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: Մեզ հետաքրքրող թեմայի մասին այստեղ նշված էր. «Հայտնի է մի դեպք, երբ 1942թ.-ին Ստալինը Ռուզվելտին հասցեագրված նամակին կցում է նաև Գ. Ալեքսանդրովի «Վոլգա-Վոլգա» ֆիլմի օրինակը»: Ամերիկյան կառավարությունը երկար ժամանակ ծոծրակն էր տրորում, թե ինչ կարող էր այդ ֆիլմը նշանակել: Եվ երբ Ռուզվելտի համար թարգմանվել են ֆիլմում հնչող երգի բառերը, նախագահը խոր մտորումների մեջ է հայտնվել, ու հանկարծ նրա միտքը փայլատակել է. «Ստալինն այս կերպ ակնարկում է, որ արդեն ժամանակն է բացելու Երկրորդ ռազմաճակատը»:

Մոտավորապես նույն պատմությունը, միայն թե նվազ գեղարվեստորեն, ավելի վաղ ներկայացրել է Յու. Սաակովը «ՁՐցՊՏՉՈÿ ՀՏրրՌÿ»-ում: Այնտեղ գրված էր. «… Եվ հենց այդպիսի ֆիլմ էր «Վոլգա-Վոլգա» -ն, որը 1942թ.-ին Ստալինը ուղարկեց Ռուզվելտին` որպես նվեր` ֆիլմում հնչող երգի միջոցով ակնարկելով, ինչպես հետագայում նախագահը կռահեց, որ ժամանակն է բացելու Երկրորդ ռազմաճակատը: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում: Ինքնավստահ Ամերիկային ծաղրում են դանդաղ ընթացքի համար»:

Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր հրապարակման մեջ երգի բառերը տարբեր կերպ են թարգմանվում: Մնացած ամեն ինչում և՛ Կլիմոնտովիչի, և՛ Սաակովի տեղեկությունները համապատասխանում են` նվերը մատուցվել էր 1942թ. և նպատակ ուներ ակնարկելու, որ ժամանակն է բացել Երկրորդ ռազմաճակատը: Ոչ մի պարագայում չէր ենթադրվում, թե առաջնորդը այդպիսով ցանկանում է փոխանցել իր լավ տրամադրությունը: Եւ՛ Կլիմոնտովիչը, և՛ Սաակովը նշում են, որ այս ֆիլմը որպես նվեր մատուցելն ակնարկ էր պարունակում: Սակայն նրանց գրածներում ոչ մի հիշատակում Հոպկինսի և Հարրիմանի մասին չկա: Հենց այս պատճառով էլ ֆիլմի փոխանցման տարբերակը այդպես էլ մութ է մնում` «ֆիլմը կցված էր Ռուզվելտին ուղղված նամակին»: Եվ կրկին ոչ մի հղում:

Եթե Մարյամովի հրապարակման մեջ նվերի մատուցման դրդապատճառների մասին ոչ մի հիշատակում չկար (նա ցանկանում է բարձրացնել իր գործընկերոջ տրամադրությունը), ապա Բորևի հոդվածում թռուցիկ նշվում է, թե Ստալինը դժգոհ էր լենդլիզյան ծրագրի կատարման որակից, իսկ Սաակովի և Կլիմանտովիչի գրածներում արդեն բացահայտ ընդգծվում է Երկրորդ ռազմաճակատի փակված մնալու հանգամանքը:

Նույն Յու. Սաակովը «ծՏՉօռ ՎՌՐ»-ում հրապարակված իր «Բաց թողնված երկու կիսամյակ» պահոցային լուրջ ուսումնասիրությունների հիման վրա գրված հոդվածում, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում խորհրդա-ամերիկյան մշակութային հարաբերություններին, հոդվածի վերջում կրկին անդրադառնում է «Վոլգա-Վոլգա»-ի պատմությանը` արդեն առանց պահոցային փաստաթղթերին հղում կատարելու. «… Ստալինը 1942թ.-ին ցանկություն հայտնելով «Վոլգա-Վոլգա» կատակերգության մեջ հնչող «Ամերիկան Ռուսաստանին գնացք է նվիրել/…, սակայն նա սարսափելի, սարսափելի, սարսափելի դանդաղ ընթացք ունի» երգի միջոցով ակնարկել Ֆ. Ռուզվելտին` Երկրորդ ռազմաճակատի դեռևս փակ լինելու մասին, միանգամից իրագործեց իր նպատակը…»: Հաջորդ առավոտյան, երբ Ստալինին այցելած Ռուզվելտի հատուկ օգնական Հ. Հոպկինսը Մոսկվայից ուղևորվեց հայրենիք, «Վոլգա-Վոլգա» ֆիլմի օրինակը հայտնվեց Ամերիկայի նախագահի մոտ:

Եվ այսպես` կրկին 1942թ., կրկին Հոպկինս, կրկին հիշատակում Երկրորդ ռազմաճակատի փակ գտնվելու հանգամանքի մասին և կրկին մատնանշում Ռուզվելտի կողմից ֆիլմը դիտելու փաստին…: Սակայն այս տեղեկություններից ոչ մեկը չհաստատվեց օվկիանոսից այս կողմ: Հիշեցնեմ, որ 1942թ.-ին Հոպկինսը Մոսկվա չէր այցելել:

Վերջիվերջո, ի՞նչ է այս պատմությունը: Միգուցե պարզապես գեղեցիկ ավանդությու՞ն: Հավանաբար, այո՛: Համենայնդեպս, այն ավանդություն կհամարվի մինչև այն պահը, երբ ռուս հետազոտողները կկարողանան ապացուցել խորհրդա-ամերիկյան կինեմատոգրաֆիական կապի պատմությունը հաստատող այս խորհրդավոր դրվագի եղելությունը:

ՎԱԼԵՐԻ ԳՈԼՈՎՍԿՈՅ (Վիրջինիա):
Ռուսերենից թարգմանեց
ՄԻԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Պատմության էջերից


11/04/2012