Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ը. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ



Ամենայն հայոց բանաստեղծ. այսպես ենք մենք ճանաչում և գնահատում մեր ազգի մեծագույն զավակներից մեկին՝ Հովհաննես Թումանյանին, և դա մի «տիտղոս է», որ նույն այդ ազգը պետք է շնորհեր և շնորհել է իր միջից ծնված ամենաարժանավորին, ամենաընտրյալին։ Փորձենք հասկանալ՝ ինչո՞վ այդպիսին եղավ հենց Թումանյանը, ի՞նչն է առանձնացնում նրան որպես մեծություն՝ հայ գրականության մեջ և, ընդհանրապես, հայ կյանքում ունեցած իր բացառիկ դերով ու նշանակությամբ։

Այլ խոսքով՝ ո՞րն է Թումանյանի եզակիության, անկրկնելիության ու անզուգականության սահմանումը։

Անհնար է պատասխանել այս հարցերին՝ չդիմելով հենց Թումանյանի օգնությանը։ Սկսվել էր Առաջին աշխարհամարտը, և ահա թե ինչն էր մտահոգում նրան այն դժնդակ օրերին. «Պարզ հասկանալ մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր գրականությունը, մեր պատմությունը ու մեր պատմական հիշատակարանները։ Մինչև այժմ նրանք խոսել են մեր սրտի հետ, և մենք սիրել ենք զգացմունքով, անխտիր, հախուռն, առանց հասկանալու, թե ինչ ենք սիրում և ինչու։ Այժմ գալիս է ժամանակը՝ նրանց էությանը ներհմուտ լինելու, նրանց լեզուն ու միտքը հասկանալու…»։

Հայրենասիրության թումանյանական այս բանաձևումը որքան հստակ է, նույնքան էլ դիպուկ և անխոցելի. հայրենիքը, ուրեմն, պետք է սիրել ոչ միայն զգացմունքով (սրտով), այլև խորապես ճանաչելով ու հասկանալով նրան (բանականությամբ)։ Թումանյանն էր, որ առաջին անգամ իր ողջ խորությամբ գրականություն բերեց հայրենասիրության այս որակը, նա էր, որ հայրենիքի գեղարվեստական պատկերի իր որոնումներում զգացմունքային հայրենասերի կողքին դրեց գիտակից հայրենասերին, որը հայրենիքը սիրում է ոչ թե հախուռն, ռոմանտիկ, չհասկացված սիրով, այլ՝ խորամուխ լինելով նրա էության մեջ, ըստ ամենայնի ըմբռնելով, թե՝ «ինչ ենք սիրում և ինչու»։

Թումանյանի տագնապները խոր արմատներ ունեին։ Դարձյալ դիմենք իրեն. «Չգիտենք՝ ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք – տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները»։

Թումանյանն էր, ահա, որ ավելի խորությամբ, քան իր նախորդներից որևէ մեկը, տեսավ ու հասկացավ նավաբեկվող ժողովրդի իրական կացությունը և ամենակարևորը՝ խոսեց այդ մասին ճշմարտությամբ։ Բայց Թումանյանը Թումանյան չէր լինի, եթե միայն խոսեր։ Եվ նա կատարեց այն առաքելությունը, որը ճակատագրով վերապահված էր իրեն. նախորդ շրջանի հայ բանաստեղծությունը ողողած «գալոց օրերի հրճվանքի», «քնարի երջանիկ ձայների» փոխարեն գրականություն բերեց գալիք օրերի տանջալից հարցը՝ ինչպե՞ս հասնել նավահանգիստ, որտե՞ղ տեսնել փրկության փարոսը։

Թումանյանը Թումանյան չէր լինի, եթե չունենար այդ տանջալից հարցի պատասխանը՝ հայի փրկությունը հայ ոգու մեջ է։ Նա էր, որ ավելի իրատեսորեն, ավելի շոշափելիորեն, քան իր նախորդներից որևէ մեկը, ըմբռնեց և գրականություն բերեց այդ ոգին։ Ասում էր. «Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող էր կրկնել Վարդանանց խոսքը, թե՝ դու կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա ոգու հետ ի՞նչ ես անելու։ Իսկ էդ ոգի ասած բանը անշունչ քարից էլ կարող է Աբրահամու զավակներ հարուցանել և դաշտերում ցրված ոսկորներից՝ կենդանի ժողովուրդ»։

Թումանյանի ստեղծագործությունն է, ահա, որ, շնչելով ու ապրելով ազգային ոգով, դարձավ մեր ժողովրդի պատկառելի խոսքը, և այդտեղ է, որ Թումանյանն իր ողջ հասակով հառնում է որպես մեր ամենաազգային, ամենաժողովրդական բանաստեղծը։ Այդտեղ է, որ նա դառնում է Ամենայն հայոց բանաստեղծ՝ իր եզակիության, անկրկնելիության և անզուգականության ամենախոր կնիքը, առհավատչյան։

Եվ, այնուամենայնիվ, Թումանյանն այդպիսին է ոչ միայն այդտեղ, նրա ստեղծագործության ծիրը շատ ավելի հեռվից է գալիս և շատ ավելի հեռուն է գնում։ Փորձենք մանրամասնել ասվածը։

Թումանյանն ավելի ամբողջական, ավելի համապարփակ, քան իր նախորդներից որևէ մեկը, դարձավ իր ժողովրդի կենսագիրը, վարքագիրը և ժամանակագիրը միաժամանակ։ Նրա ստեղծագործությունը համարվում է «հայ կյանքի հանրագիտարան», որից շատ ավելի բան կարելի է քաղել հայոց վարքուբարքի, կենցաղի, սովորույթների, ընդհանրապես՝ մեր ազգային հոգեբանութան մասին, քան բազում պատմագիտական, հայագիտական ու ազգագրական չորուցամաք ուսումնասիրություններից։ Նա իր ստեղծագործությամբ գեղարվեստորեն ամփոփեց, ի մի բերեց հայոց ամբողջ հետմիջնադարյան պատմությունը՝ այս առումով չունենալով հավասարը և՛ իր նախորդներից, և՛ ժամանակակիցներից։ Այս առումով էլ նա եզակի է, անկրկնելի և անզուգական, ինչպիսին ամեն ազգ ունենում է միայն մեկը։ Ռուսների համար այդ մեկը Պուշկինն է, ուկրաինացիների համար՝ Շևչենկոն, վրացիների համար՝ Ճավճավաձեն, լեհերի համար՝ Միցկևիչը, գերմանացիների համար՝ Գյոթեն։ Մեզ համար «այդ մեկը» Թումանյանն է։ Նա է, որ մտնելով 20-րդ դար՝ իր ստեղծագործությամբ հանրագումարի բերեց ինչ ունեինք մինչ այդ, ամփոփեց մեր հազարամյա կան ու չկան, ինչպես, պատկերավոր ասած, ծովն է ամփոփում իր մեջ թափվող գետերի ջրերը։ Թումանյանը դարձավ այն մեծ, անընդգրկելի հոգևոր ավազանը, որի մեջ պետք է մկրտվեին իրենից հետո եկող գրական սերունդները։

Թումանյանը եզակի, անկրկնելի և անզուգական եղավ եւս մեկ առումով՝ իր ստեղծագործության բազմաժանրությամբ։ Այստեղ անհրաժեշտ ենք համարում դիմել մի «ոչ բանաստեղծական» համեմատության, որը պատկանում է Թումանյանի հոգևոր ավազանում մկրտված և նրան այնքան պաշտող մեր սքանչելի բանաստեղծին՝ Պարույր Սևակին։

Ո՞ւմ հայտնի չէ՝ կան հանրախանութներ, որտեղ մտնելով՝ կարելի է ձեռք բերել ամենաբազմազան իրեր՝ դիմելով այս կամ այն բաժնի վաճառողին, բայց կան և մասնագիտացված խանութներ ընդամենը մեկ բաժնով, որտեղից կարելի է ձեռք բերել միայն մեկ տեսակի իր։ Թումանյանի ստեղծագործությունը, ահա, պատկերանում է որպես մի հսկա «հանրախանութ», որտեղից կարելի է «ձեռք բերել» ամենատարբեր «գրական իրեր»՝ պատմվածք, նովել, բանաստեղծություն, առակ, հեքիաթ, բալլադ, պոեմ, հուշագրություն, գյուղական ակնարկներ, թարգմանություններ… Ինչ ասես, որ չես գտնի այնտեղ։ Բացառություն են, թերևս, վեպն ու դրաման, բայց դա էլ պետք է ընդունել որոշակի վերապահությամբ, որովհետև իր լայնք ու խորքով ինչո՞վ վեպ կամ վիպակ չէ «Գիքորը», ինչո՞վ այն դրամա չէ։ Թումանյանն ինքն էլ ասում էր՝ «Իմ ամեն գրածը մի դրամա է», և մի՞թե պատահականություն էր, որ նույն այդ «Գիքորը», ժանրային իմաստով լինելով պատմվածք, դյուրությամբ վերածվեց դրամատիկական գործի և բազմիցս բեմադրվեց մեր թատրոններում, նույն ձևով վերածվեց կինոդրամայի՝ ցուցադրվելով էկրաններին։ «Անուշ» պոեմը վերածվեց համանուն օպերայի, «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա գրվեց «Ալմաստ» օպերան, կինոնկարներ ստեղծվեցին նրա բազմաթիվ հեքիաթների թեմաներով։

Թումանյանն էր, ահա, որ ավելի, քան իր նախորդներից որևէ մեկը, հետագայում իր հաղթ ուսերին առավ մի ամբողջ մշակույթ՝ սնելով այն իր ստեղծագործության կենսարար ակունքներով։ Այս դեպքում էլ նա եզակի է, անկրկնելի և անզուգական։

Թումանյանին նայենք ևս մեկ տեսանկյունից՝ նա բացառիկ բնածին ընդունակությունների, արվեստի, բնության և ընդհանրապես կյանքի խոր զգացողության տեր մարդ էր։ Պարզապես ապշել կարելի է՝ նույնիսկ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի լրիվ դասընթացը չէր անցել, բայց ի՜նչ խորունկ հետազոտություններ գրեց միջնադարյան հայ քնարերգության մասին (Քուչակ, Հովնաթան, Սայաթ-Նովա), ի՜նչ նրբին դիտողականությամբ վերլուծեց «Սասունցի Դավիթ» էպոսի և Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի պատմական արմատները, ինչպիսի՜ ճշտությամբ գնահատեց Պուշկինին, Լերմոնտովին, Տոլստոյին, Գյոթեին, Բայրոնին, Շեքսպիրին ու Սերվանտեսին, հայոց երևելիներից՝ Նարեկացուն, Ալիշանին, Պատկանյանին, Րաֆֆուն, Աղայանին և այլոց՝ միշտ մնալով գրականագետ-քննադատի բարձր դիրքի վրա։ Եվ ի՜նչ խորությամբ գիտեր հայոց պատմություն, ազգագրություն, ճարտարապետություն, բանահյուսություն ու երաժշտություն (իր իսկ հեղինակած «Ա՜խ, ինչ լավ են» երգը այսօր էլ հնչում է բեմերից), ի՜նչ բանիմացությամբ էր լեզվի և գրականության հարցերում բանավիճում Աճառյանի, Մառի, Աբեղյանի ու բազմաթիվ այլ համալսարանավարտ գործիչների հետ։

Թումանյանը, լինելով մեծագույն հայ, ամբողջովին ապրեց և գործեց հայկականության մեջ՝ այս հասկացության ամենալայն իմաստով, և բնավ սխալ չի լինի ասել, որ նա այն եզակիներից էր, որոնք իրենց էության մեջ առավելագույնս են կրում հայկականության հատկանիշները՝ մարմնավորելով հայ ազգի ոգին և խիղճը։ Այդ ոգին ու խիղճն էին ահա, որ նրան տեր կանգնեցրին կոտորածներից որբացած հայ երեխաներին (դուստրը՝ Թամարան, պատմում է, որ Էջմիածնում նա ինքն էր իր ձեռքով խուզում որբերի գլուխները), նրան տարան ազգամիջյան ընդհարումների թեժ կետեր՝ հաշտության դրոշ պարզելու, խաղաղեցնելու խաբված ամբոխներին, բարիդրացիության, բարեկամության սերմեր ցանելու մարդկանց հոգիներում։ Եվ նրան՝ այդ մեծ հաշտարարին, երկու անգամ (1909, 1911) բանտ նետեցին «հակապետական» գործունեության մեղադրանքով (ի դեպ, հենց Թիֆլիսի Մետեխի բանտում է գրել «Մի կաթիլ մեղրը»՝ այնքան համահունչ այդ շրջանի արյունոտ իրադարձություններին)։

Եղել է «քաջ մարդ, լավ հրացանաձիգ և որսկան» (Իսահակյանի բնորոշումն է), և բնավ անհիմն չէ այն պնդումը, որ նա այդ հատկանիշները ժառանգել էր իր նախահայր Հովակիմից՝ Լոռվա ձորերի ու անտառների քաջ նահապետ Հովակիմ Մեհրաբյան-Թումանյանից, որի մասին գրել է նաև Խաչատուր Աբովյանը։

Թումանյանն ու Անդրանիկը՝ երկու մեծ հայ, նաև մեծ բարեկամներ էին (այդ մասին կան բազմաթիվ գրավոր վկայություններ, հուշեր), և նրանց կապը գրչի ու սրի ամրակուռ դաշինք էր՝ հայոց փրկության հույսի ու հավատի մի ուրույն խորհրդանիշ։ Ամենայն հայոց բանաստեղծի մասին ինչքա՜ն շատ բան է ասում Զորավարին ուղղված նրա նամակը՝ թվագրված 1917թ. դեկտեմբերի 23-ին։ Ծանր ժամանակներ էին, հայրենիքին պետք էին կամավորներ, և ահա Թումանյանը գրում է. «Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և Քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն» (տղաներից մեկը՝ Արտավազդը, զոհվեց ռազմաճակատում՝ այնքան վիշտ պատճառելով հորը)։ Ուշագրավ է նամակի հետգրությունը՝ «Պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ մեր ընդհանուր գանձարանին»։ Խոսքը հայ կամավորության կարիքների համար ազգային տուրքի վճարման մասին էր։

Երազում էր ունենալ նոր հայրենիք և հզոր ազգային բանակ։ Գրեց «Հայկական բանակ» բանաստեղծությունը (1920), որը, ըստ որոշ տվյալների, տպագրվել է «Բանակի օր» մեկօրյա թերթում, տարածվել հայ զինվորականության շրջանում (թերթը մեզ չի հասել)։ Դիմելով գեղարվեստական պատկերին՝ նա հայոց գնդեր համարում է հայոց լեռները, որոնց գլուխ կանգնած է Սասունցի Դավիթը. «Ո՞ր թշնամին կանցնի կենդանի Դավթի զորքից ու զարկից»։

Եվ ի՜նչ կենսասիրություն էր հորդում նրա ամեն խոսքից, հարգանքի, հյուրասիրության ու մարդասիրության ի՜նչ ալիքներ կային նրա հոգում…

Այսպիսին էր Ամենայն հայոց բանաստեղծը, մեծ մտածողն ու հայրենասերը, իր ժողովրդի ազնիվ ձայնն ու Հայաստան աշխարհի անձնուրաց նվիրյալը, և ճիշտ էր մեր ժողովրդի անկաշառ բարեկամ Վալերի Բրյուսովը, երբ նրա ստեղծագործությունը համարում էր «Հայաստանն ինքը՝ հնադարյան ու նոր, հարություն առած ու բանաստեղծություն դարձած մեծ վարպետի ձեռքով»։ Իրա՛վ այդպես է։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Հոգևոր-մշակութային


11/04/2012