Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԶՈՀՎԵԼՆ ՈՒ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ



1992թ.

ԱՊՐԻԼ

Ապրիլի 14-ին իր բնակարանում դիպուկահարի կրակոցից զոհվեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը: Նա ծնվել էր 1959 թվականի փետրվարի 10-ին, Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում. պատմական գիտությունների թեկնածու էր, եղել էր Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրենը և շրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը: Ապրիլի 15-17-ին ԼՂՀ-ում, իսկ 17-ին՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց սուգ: Ինքնապաշտպանության ուժերի հրամկազմը հայտարարեց, որ դժվարին այդ պահին ըստ ամենայնի սատարում է ԼՂՀ իշխանություններին:

Արթուր Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ Արկադի Տեր-Թադևոսյանի ելույթից. «Արթուրը սկզբից եղել է իմ զինվորը, պարտաճանաչ ու կարգապահ զինվորը, հետո դարձել է իմ հրամանատարը: Եվ երբ էլ առիթ է եղել զրուցելու նրա հետ, ինձ միշտ էլ հիացմունք են պատճառել նրա հոգու մաքրությունը և նվիրվածությունը Արցախի ազատագրության սուրբ գործին: Մենք այսուհետ ևս կկատարենք քո պատգամը, Արթուր: Ես, որպես քո զինվոր, երդվում եմ մինչև վերջ պայքարել այս հողի համար, հայ ժողովրդի ազատության ու անկախության համար»:

Իսկ թշնամին, սգո օրերին ավելի ուժեղացնելով կրակը, պատրաստվում էր լուրջ հարձակման:

Ապրիլի 16-ին Ադրբեջանին հանձնվեց Կասպյան նավատորմի գույքի ու սպառազինության 25 տոկոսը:

Ապրիլի 17-ին ԱՊՀ միացյալ զինված ուժերի հրամանատարությունը հայտարարեց, որ Վագիֆ Կուրբանովը Սիթալչայի ռազմական օդանավակայանից ՍՈՒ-25 ինքնաթիռ է փախցրել Եվլախ, և Վրաստանում երկու կործանիչ պատրաստ է առաջին իսկ թռիչքի դեպքում կալանելու նրան:

Ապրիլի 23-ին ԼՂՀ ԳԽ-ն ընդունեց «ԼՂՀ պաշտպանության խորհրդի կանոնադրությունը» և հաստատեց կազմը՝ նրանում ընդգրկելով ԻՊԿ նախագահին, ԳԽ նախագահի 1-ին տեղակալին, նախարարների խորհրդի նախագահին, ինքնապաշտպանության ուժերի հրամանատարին, ԼՂՀ պաշտպանության նախարարին և ԳԽ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահին: Ի պաշտոնե խորհրդի նախագահն էր ԼՂՀ ԳԽ նախագահը:

Ապրիլի 24-ի նախօրեին կտրուկ սրվեց իրադրությունը ողջ ռազմաճակատում:

Ապրիլի 25-26-ին ոչնչացվեցին Կապանին սահմանակից Ղազանչի, Սեյվալադ և Իջևանին սահմանակից Սոֆուլլու ու Բարխուդարլու հենակետերը:

Ապրիլի 27-ին ԼՂՀ պաշտպանության խորհուրդը քննարկեց սաստկացող հարձակման և վառելիքի ու ռազմական նշանակության այլ ապրանքների խիստ սակավության պայմաններում հանրապետության ապահովվածության վիճակը և ԻՊՈՒ մարտունակության ու թիկունքային աշխատանքների կազմակերպման հարցերը: Մշակվեց Ջանհասանից ու Շուշիից կրակի պայմաններում ինքնաթիռային թռիչքների իրականացման համալիր ծրագիր:

Ապրիլի 29-ի առավոտյան Ջանհասանից ու Զառիսլուից հարյուրավոր հետևակայիններ 10 միավոր զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակման անցան Քարինտակի ու Ստեփանակերտի ուղղություններով: Ժամը 16.00-ին մեկ այլ հարձակում էլ Ղայբալուի ուղղությունից սկսվեց:

Շուշիում միմյանց բախվեցին ադրբեջանական կառավարամետ ու ԱԺՃ-ական զինված կազմավորումները, իսկ Կապանում ու Կրասնոսելսկում հետ մղվեցին թշնամու խոշոր հարձակումները:

ՀՀ զինվորական կոմիսարը հայտարարեց, որ 1974 թվականին ծնվածների մայիսյան զորակոչը կմնա Հայաստանում, քանի որ Վրաստանը հրաժարվում է կազմակերպել նրանց ուսուցումը:

ՄԱՅԻՍ

Մայիսի 1-ին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ ԼՂՀ ԻՊԿ-ն հայտարարեց, որ «Տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման և զինված առճակատման նոր սաստկացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը»:

Մայիսի 4-ին Ստեփանակերտի խելագար հրթիռակոծումը շարունակվում էր: Հետ մղվեցին խոշոր հարձակումները Թալիշ ու Նորշեն գյուղերի ուղղությամբ:

Նույն օրը Տավուշի մարտիկներն ու Վանաձորի երկրապահները ոչնչացրին Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի շտաբը:

Մայիսի 7-ին հրթիռահրետանային հզոր աջակցություն ունեցող թշնամին հասավ Ստեփանակերտի արևմտյան արվարձաններին, բայց հետ շպրտվեց: Ուշ երեկոյան ԼՂՀ ԻՊԿ արտակարգ նիստը, նկատի առնելով Ստեփանակերտում ստեղծված ճգնաժամային իրավիճակն ու արցախահայության ֆիզիկական գոյությանն սպառնացող վտանգը, ԻՊՈՒ հրամանատարությանը հանձնարարեց վնասազերծել Շուշիի բոլոր հենակետերը, որտեղից 1991-ի նոյեմբերից ի վեր ԼՂՀ մայրաքաղաքի վրա էին արձակվել շուրջ 15.000 արկ ու հրթիռ:

Մայիսի 8-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը և Հայաստանի կամավորական ջոկատներն ազատագրեցին Ջանհասան և Քյոսալար գյուղերը:

Մայիսի 9-ին ինքնապաշտպանության ուժերը և Հայաստանի կամավորական ջոկատները լրիվ ազատագրեցին Շուշի բերդաքաղաքը: Հայերից զոհվեց 20 մարտիկ, թշնամին թողեց մոտ 100 դիակ:

Նկատի առնելով Շուշին երիզող կրակակետերի երկայն՝ շուրջ 35 կիլոմետր ձգվածությունը, ինչն անհնար էր դարձնում ողջ ճակատով հարձակողական մարտերի ծավալումը, հարվածային խմբավորումները Շուշին գրոհեցին չորս ուղղությամբ:

Հրետանավորները Շուշին բաժանեցին երեք մասի՝ համազարկային կրակով հատված առ հատված խփելու համար, որպեսզի մեծ տարածք խոցվեր, ապա նշանակետերի վրա աշխատեցին բոլոր կայանքները: ՀՀ զինված ուժերում Շուշիի ազատագրման ժամանակ առաջին անգամ ստեղծվեց հրետանու խմբավորում՝ կազմված երեք Դ-30 հաուբիցներից, երեք 120մմ ականանետներից, երկու «Գրադից» և մեկ ԿՍ-19-ից: Հետևակը մի քանի 82մմ ականանետ ուներ:

Գրոհի բոլոր ուղղություններում 23 կապավոր էր աշխատում, որոնք կցված էին բոլոր հրամանատարներին, ու ռադիոկապով խոսակցությունները եթե ոչ գաղտնագրված, ապա գոնե գաղտնաբառերով կազմված տեքստերով էին:

Ենթադրվում էր, որ ամենադաժան մարտերը թիկունքում էին լինելու, ուստի Սղնախի ու Քարինտակի միջև՝ առաջին գծից երկու կիլոմետր հեռավորության վրա, դաշտային հոսպիտալ բացազատվեց: Բայց վիրավորների սպասված հոսք չեղավ, իսկ հիմնական ծանրությունը Ստեփանակերտի հոսպիտալը կրեց:

Գրոհին ավելի քան 20 սակրավոր մասնակցեց, իսկ մի խումբ էլ նախօրեին հսկա շրջանցում կատարելով՝ Զառիսլուի ուղղությունում բավական ականներ տեղադրեց: Քյոսալար-Ջանհասան հատվածում ևս հարձակման ինժեներական ապահովման մեծ աշխատանք էր կատարվել:

Մայիսի 8-ի գիշերը, ժամը 2.30-ին տրվեց հարձակման հրամանը, և 2.000 մարտիկներ սկսեցին բերդաքաղաքի գրոհը:

Ամեն ինչ հարթ էր ընթանում, մինչև տանկը խփվեց, ապա ՀՄՄ-ն շուռ եկավ, և թվաց, թե գործողությունը վտանգվել է: Բայց Արկադի Տեր-Թադևոսյանը պնդեց դիմանալ ու սպասել: Առավոտյան ժամը 4-ին նա բոլոր զորքերին անձամբ հաղորդեց գրոհը շարունակելու հրամանը:

Կեսօրին արդեն կռիվներ էին մղվում շուկայում ու քաղաքի կենտրոնական մասում: Իսկ Քիրս լեռան ուղղությամբ գործող կամավորական ջոկատները գրավելով կարևոր բարձունքները, սկսեցին վերահսկել Շուշի-Լաչին ավտոճանապարհը, ինչը վերջնական խուճապ առաջացրեց հակառակորդի շարքերում:

Շուշիի՝ 19-րդ դարի հայ մշակույթի կենտրոններից մեկի ազատագրումը ռազմաքաղաքական, հոգեբանական ու ազգային-հոգևոր առումներով շրջադարձային նշանակություն ունեցավ: Կիլիկյան Հայաստանի բերդաքաղաքների կորստից հետո հայկական զինված ուժերն առաջին անգամ բերդաքաղաք ազատագրեցին: ԼՂՀ մայրաքաղաքն այլևս փրկված էր դանդաղ մահվան ճիրաններից:

Մայիսի 10-ին Վագիֆ Կուրբանովի փախցրած ՍՈՒ-25-ը ԼՂՀ մայրաքաղաքն առաջին անգամ ենթարկեց օդային հարվածի: Զոհեր չեղան: Այդ ռմբահարումը Ստեփանակերտի երկնքում շուտով սկսվելիք օդային ռազմավարական, արյունալի ու ամոթալի օպերացիայի նախերգանքն էր:

Նույն օրն ադրբեջանական բանակը մի քանի տասնյակ տանկերի ու զրահամեքենաների աջակցությամբ հզոր հարձակում ձեռնարկեց Ասկերանի հատվածում, անգամ կարճ ժամանակով գրավեց Սառնաղբյուր, Արանզամին, Դահրազ ու Նախիջևանիկ գյուղերը, բայց թանկ զոհերի գնով երեկոյան հետ շպրտվեց:

Մայիսի 11-ին Մարգուշևանի ու Մարաղայի փողոցներում, ինչպես նաև Սառնաղբյուրի ենթաշրջանում, որտեղ հարձակումը երկրորդվել էր, ծանր մարտեր էին: Հադրութում դժվարությամբ հետ մղվեց Սարիշենի լայնածավալ գրոհը, իսկ Տավուշում ու Գորիսում վիճակը վերստին սրվել էր:

Մայիսի 12-ին, թեև Սառնաղբյուրի ենթաշրջանում ծանր մարտերը շարունակվում էին, ինքնապաշտպանության ուժերը գրավեցին Զառիսլուն ու շրջակա բոլոր բարձունքները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահմոն Ղազիևը մեկնեց ռազմաճակատ՝ հայտարարելով, որ կվերադառնա միայն հաղթանակով…

Մայիսի 14-ին ջախջախվեցին Կուբաթլուից Լաչին օգնության շտապող թշնամու զորախումբն ու զրահատեխնիկայի շարասյունը: Հակառակորդն ապարդյուն շարունակում էր խելագար հարձակումները ողջ ճակատով: Ադրբեջանի Գ արտակարգ նստաշրջանը Մութալիբովին վերականգնեց իր պաշտոնում: Վերջինս հայտարարեց, որ կմասնակցի հաջորդ օրը կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը, հանրապետությունում հայտարարեց արտակարգ դրություն, փակեց բոլոր կուսակցությունները, բայց Հեյդար Ալիևն ու ԱԺՃ-ն չընդունեցին նրան և Մութալիբովը հաջորդ օրը հեռացավ:

Մայիսի 15-ին Մարտունու երկնքում «Ստրելա-2»-ով խոցվեց թշնամու «ՄԻ-8» ուղղաթիռը:

Մայիսի 15-ին ինքնապաշտպանության ուժերը Մարտունու շրջանում փորձեցին վերացնել Աբդալ-Գյուլափլու սեպը: Թշնամին մեծ կորուստներով պաշտպանվում էր, կորցրել էր մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ Լաչինում գնդակահարելով նահանջողներին՝ հետ էր քաշվում դեպի Լիսագոր:

Նույն օրը Ստեփանակերտի օդանավակայանի հրթիռակոծման պատճառով այրվեց Երևանի «ՅԱԿ-40» ինքնաթիռը, իսկ Գորիսի ու Տավուշի սահմաններում ծանր մարտերը շարունակվում էին:

Մայիսի 17-18-ին ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Քաշաթաղի շրջանը և Բերձոր քաղաքը: Շրջափակված Արցախը մարդասիրական միջանցքի բացումով ցամաքային ճանապարհով կապվեց Մայր Հայաստանին:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


11/04/2012