Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՀԻՇԵՆ…



Մարտի առաջին տասնօրյակը մեր զորամասի կյանքում նշանավորվեց մի շարք գեղեցիկ ու անմոռաց միջոցառումներով և հանդիպումներով։ Առաջին միջոցառումը, որին մենք՝ զինվորականներս ու սպաներս, երկարատև էինք նախապատրաստվել և անհամբերությամբ էինք սպասում, նվիրված էր մեր բանակի 20-ամյակին և սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 43-րդ տարեդարձին։

Զորամասի հրամանատարությունը, սպաները և զինվորականությունը, ինչպես նաև Խանջյանի անվան N 53 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները ամենից առաջ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայրենիքի համար զոհված մարտիկների հիշատակին՝ ծաղիկներ և ծաղկեփնջեր դնելով զորամասի տարածքում գտնվող նրանց հուշարձանին։ Դպրոցականները հայ զինվորների ներկայությամբ հանդիսավորությամբ երդվեցին, որ հավատարիմ կմնան իրենց եղբայրների և հայրերի գործին, կդառնան նրանց թողած լավագույն ավանդույթների շարունակողները։ Փաստորեն, նրանք այդ օրը ստացան իրենց կյանքի, թերևս, հայրենասիրության ամենամեծ դասը, որը, անշուշտ, ուղեկցելու է նրանց ամբողջ կյանքում և լինելու է նրանց անմոռաց հիշողություններից մեկը։ Համոզված եմ, որ նրանք չեն մոռանալու նաև այն պահը, երբ զինվորները նրանց գրկած դահլիճ բերեցին՝ ներկաների բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։

Օրվա բանախոսները ներկայացրին հայոց բանակի 20-ամյա փառավոր ուղին, ինչպես նաև քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի դերը հայոց բանակի կերտման դժվարին գործում։

Այնուհետև դպրոցականները հայրենասիրական խրոխտ բանաստեղծություններով նշանավորեցին սպարապետի ծնունդը։ Դահլիճը հատկապես ոգևորությամբ ընդունեց աշակերտների երաժշտական բեմականացված ներկայացումը։ Հավաքվածներին՝ սպաներ, մտավորականներ, արվեստագետներ, անմոռաց և սրտառուչ պահեր նվիրեցին նաև Մարի Իզմիրյանի անվան մանկատան սաները. նրանք ներկաներին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստված գեղեցիկ հուշանվերներ։

Գեղեցիկ անակնկալ էր սպասում նաև աշակերտներին. միջոցառման պատվավոր հյուրերից մեկը, լրագրող տիկին Սեդա Խոյեցյանը, իր կյանքի գիրքը՝ «Լեհական օրագիրը», նվիրեց բոլոր աշակերտներին։ Այն տխուր պատմություն է մի վտիտ ու փոքրամարմին, բայց ոգու մեծ ուժ ու անկոտրում կամք ունեցող կնոջ մասին, որը հայրենիքի համար ծանր տարիներին՝ 90-ական թվականներին, օտար ափերում տառապելով ու պայքարելով, հայրենիքում պահել է իր բազմանդամ ընտանիքը։

Միջոցառման ավարտին ևս մի անակնկալ էր սպասվում, որն այս անգամ մատուցեցին զինվորականները. Խանջյանի անվան N 56 դպրոցի 4-րդ դասարանին զորամասի հրամանատարի մակագրությամբ նվիրվեց «Մարշալ Բաղրամյան» պատկերազարդ և ստվարածավալ գիրքը։

Միջոցառումը ավարտվել էր, բայց աշակերտներն ու մանկատան սաները կարծես չէին ուզում հեռանալ, նրանք դեռ երկար զրուցում էին զինվորների և սպաների հետ, անվերջանալի հարցեր էին տալիս և լուսանկարվում՝ ի հիշատակ։

♦♦♦

Նույնքան մարդաշատ էր զորամասը նաև հաջորդ երկու օրերին։ Մենք նախ հյուրընկալեցինք «Արծիվ մահապարտներին»՝ գեներալ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ։ Իրենց ելույթներում մարտական փառահեղ ուղի անցած մահապարտները զինվորներին պատմեցին այն հերոսների մասին, որոնք արժանապատիվ մահը գերադասեցին ծնկած ապրելուց և իրենց կյանքի գնով կառուցեցին այն հայրենիքը, որտեղ մենք այսօր ազատ ապրում ենք։

Տոնական մթնոլորտ էր զորամասում տիրում նաև մարտի 7-ին։ Զորամասի կանայք դահլիճ էին մտնում զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների ուղեկցությամբ։ Զինվորականներ, սպաներ, շարքայիններ. նրանցից յուրաքանչյուրին ծաղիկներ ու ծաղկեփնջեր էին նվիրում՝ շնորհավորելով գարնանային տոնը։ Հանդիպումը սկսվեց շնորհավորական ելույթներով, որով հանդես եկան զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Տոնոյանը, շտաբի պետ փոխգնդապետ Երոյանը և ուրիշներ։ Կանանց համար հատուկ անակնկալ էր պատրաստել շարքային Ավոյանը։ Դահլիճի էկրանին ներկայացրեց զորամասի կանանց մասին պատրաստած փաստագրական իր տեսաֆիլմը, որը ներկաների, հատկապես կանանց կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ և ծափահարությամբ։

Այո՛, ավարտվեցին գարնանային տոները, բայց ես համոզված եմ, որ թե՛ մասնակիցները, թե՛ զորամասի հյուրերը և թե՛ զինվորականները դեռ երկար կհիշեն։

ՍԻԱՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
զորամասի ակումբի պետ
պատերազմի վետերան

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Բանակ և հասարակություն


11/04/2012