«ԹԵՐԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ»
Գնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում, պահպանում է ՀՀ սահմանների անվտանգությունը: Առաջին հերթին անձնակազմի ջանքերը նպատակաուղղված են հենց այդ խնդրի կատարմանը: Սակայն զորամասի հրամանատարությունը քաջ գիտակցում է, որ մարտական հերթապահության արդյունավետ և անվտանգ անցկացումը մեծապես պայմանավորված է մարտական պատրաստության պարապմունքների լիարժեք կազմակերպմամբ:
-Ինչքան էլ լարված լինի իրավիճակը սահմանում, մենք իրավունք չունենք թերանալու ուսումնական գործընթացն իրականացնելիս,-ասաց գնդապետ Մախսուդյանը:-Մեր զորամասը սահմանային է, ամենաաննշան թերացումն անգամ կխանգարի մարտական հերթափոխի իրականացմանը: Պատկերացրեք, ինչպես կարող է զինվորը բարձրանալ հենակետ, դիտարկում կատարել, եթե չտիրապետի իրեն ամրագրված զենքին, չիմանա իր պարտականությունները, չկարողանա փոխգործակցել ստորաբաժանման իր մյուս զինակիցների հետ: Սահմանային զորամասի համար մարտական պատրաստության պարապմունքները պատերազմական պայմաններում օդ ու ջրի կարևորություն ունեն, որից կախված է թե՛ քո եւ թե՛ ողջ անձնակազմի մարտունակությունը, ասել է թե` անվտանգությունը: Այժմ էլ հերթապահությունում չընդգրկված մեր ստորաբաժանումների մի մասը գտնվում է հրաձգարանում, կատարելագործում է կրակային մարտավարության հմտությունները: Մյուս մասն էլ պարապմունքների համար նախատեսված գոտում տարաբնույթ վարժանքներ է անցկացնում: Անկախ ամեն ինչից, մարտական պատրաստության գործընթացն անընդհատ գործընթաց է:
Հրամանատարը նաև հավելեց, որ օրեր անց վաշտերից մեկի կազմով կանցկացվի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն, որը կամփոփի վերջին շրջանում տվյալ ստորաբաժանման կատարած աշխատանքները:
♦♦♦
Զորամասում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակը ոչ միայն ժամկետային զինծառայողների, այլև սպայակազմի հմտությունների կատարելագործումն է: Մեր այցելության օրերին անցկացվում էին զորամիավորման գնդերի շտաբի պետերի տեղակալների մասնագիտական հավաքներ: Զուգահեռ գործում էր հանձնաժողով` զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Հակոբյանի գլխավորությամբ, որի նպատակը զորամասի բոլոր ծառայություններին համապատասխան մեթոդական օգնություն ցույց տալն էր: Հանձնաժողովի անդամները այցելում էին տարբեր ստորաբաժանումներ և ծառայություններ, ստուգում փաստաթղթերը, որոշակի բացթողում նկատելու դեպքում տվյալ ստորաբաժանման սպաների հետ աշխատում դրանք վերացնելու ուղղությամբ:
Հաջորդ օրը մի շարք նախապատրաստական աշխատանքներից հետո զորամասում սկսվեցին շտաբային մարզումները: Տարածքում բացազատվեց վրան` մարզումները դաշտային պայմաններին առավել մոտեցնելու համար: Մարզումների պլանի համաձայն` զորամասի վարչակազմը օպերատիվ խնդրի կատարման շրջանակներում ծանոթացավ անձնակազմի ընդհանուր գործողություններին, յուրաքանչյուրն իր մասով ներկայացրեց կատարվելիք աշխատանքի ծավալը, իրականացման ուղղությունները: Ընդհանուր գծերով բնութագրելով վարժանքների տվյալ սցենարի առանձնահատկությունները` գնդապետ Մախսուդյանը կարևորեց նախապատրաստական նմանատիպ հավաքների նշանակությունը. հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացումների` նախապես կիրարկելով համապատասխան իրավիճակներում գործելու հավանական տարբերակները: Հրամանատարը մանրամասն անդրադարձավ ամեն մի ծառայության համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների օգտագործման կարգին, քարտեզի վրա պարզաբանեց յուրաքանչյուր ստորաբաժանման և օժանդակ օղակների տեղաբաշխման և գործողության ուղղությունները:
Քարտեզներով աշխատանքից և տեսական պարապմունքներից հետո շտաբային մարզումները շարունակվեցին առաջնագծում` գործնական պայմաններում: Մասնակիցները մեկնեցին հրամանատարական դիտակետ, որտեղ տեղազննում և դիտարկում կատարեցին, տեղում ծանոթացան սահմանագոտու տվյալ հատվածում հակառակորդի հնարավոր հարձակմանը հակազդելու իրենց գործողություններին` տեղանքին համապատասխան համաձայնեցնելով գործողությունները: Մարզումների այս փուլին առանձնակի ուշադրություն հատկացվեց, քանի որ ամբողջ վարչական և հրամանատարական կազմը ծանոթացավ սահմանում տիրող իրավիճակին, անցավ այն ճանապարհով, որտեղով, հնարավոր է, հարկավոր լինի տեղաշարժվել պատերազմական իրադրությունում:
Կարևորելով բոլոր ծառայությունների դերակատարումը` զորամասի հրամանատարն առանձնացրեց հատկապես գումարտակների հրամանատարների ճիշտ եւ համաձայնեցված գործողությունների նշանակությունը, քանի որ հենց նրանց ղեկավարությամբ էլ ստորաբաժանումները պետք է ընդունեն մարտը, իսկ որոշ իրավիճակներում գումարտակների հրամանատարները պետք է նաեւ կայացնեն ինքնուրույն վճիռներ` նպաստելով ընդհանուր գործի հաջողությանը: Ասվածի կարևորությունը ավելի է մեծանում հատկապես վերջերս առաջնագծում հակառակորդի սադրիչ գործողությունների հաճախության ֆոնին:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր