Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ» ԻՐԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ



Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության «Շարղ» («Արևելք») օրաթերթը, որն այս երկրի մտավորականության ամենից սիրված պարբերականն է և տպագրվում է մոտ կես միլիոն տպաքանակով, ամբողջությամբ, առանց որևէ բառ դուրս թողնելու, տպագրել է հայ լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի հայրենիք կատարած վերջին այցելության ժամանակ հատուկ «Հայ զինվորի» համար Գևորգ Ասատրյանին տված ընդարձակ հարցազրույցը` «Դեռ գալու են իմ ժամանակները» վերտառությամբ (2010թ. թիվ 41): Զարմանալի չհամարենք թերևս, որ իրանական թերթը թարգմանաբար ներկայացնում է հայաստանյան մամուլի որևէ հրապարակում, անգամ, եթե այն տպագրված է զինված ուժերի պաշտոնաթերթում, սակայն հետաքրքիր է և ամենայն ուշադրության արժանի այն փաստը, որ «Շարղում» տպագրված հիշյալ հարցազրույցում հռչակավոր հետախույզն ու հայ ժողովրդի արժանավոր զավակը, ներբողելով հայ ժողովրդին ու նրա հանճարը, նրա փառավոր պատմությունն ու ստեղծագործ ներկան, միաժամանակ հիացական խոսքերով է ներկայացնում հաղթանակած հայկական բանակն ու հրամանատարությունը… Ահա հարցազրույցում տեղ գտած համապատասխան հատվածը.

-Գեորգի Անդրեյիչ, հենց նոր պաշտպանության նախարարությունից եք գալիս, ոգեւորված եք…

-Ոգեւորված եմ, որովհետեւ մեր բանակը առաջ է գնում, եւ դա ինձ շատ է ուրախացնում։ Բանակի ղեկավարները հմուտ մարդիկ են, իրենց գործին նվիրված հայրենասերներ։ Ես միշտ էլ հեռվից հեռու հետեւում եմ մեր բանակի զարգացմանը։ Իսկապես ուժեղ են, իսկապես կազմակերպված բանակ ունենք։ Մեր բանակի հաջողությունները միայն թշնամին չի ուզենա տեսնել։ Ես հավատում եմ մեր զինվորի ուժին, ոգուն։ Մեր ազգը մարդու պինդ տեսակից է՝ չկոտրվող, չխոնարհվող։ Մեզ դժվար է ծնկի բերել։ Դժվարին է եղել մեր պատմությունը, բայց, ինչպես տեսնում եք, դիմացել ենք, կանք… Դոլորես Իբարուրիի խոսքերը կարծես հենց մեր ազգի մասին են ասված. «Ավելի լավ է մարդ կանգնած մեռնի, քան ապրի չոքած»։ Մենք միշտ արժանապատիվ կյանքն ենք գերադասել։ Այսպիսին է եղել հայը, այսպիսին է այսօր մեր զինվորը։ Նա պահում է մեր ներկան ու մեր ապագան։ Ես հավատում եմ մեր զինվորի ուժին…:

Տարածաշրջանում ստեղծված բարդ ու լարված իրավիճակի և հայ-իրանական օրեցօր խորացող հարաբերություների ենթատեքստում առավել քան հասկանալի է ադրբեջանցի քաղաքագետների ու մտավորականների մտահոգությունն ու տագնապը իրենց երկրի ու ժողովրդի համար. «Ադրբեջանական բանակը թույլ է ու անզոր Հայաստանի բանակից,- իրանական «Արաննյուզ» կայքին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն և հավելել:- Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել իրանական բանակի դեմ, որն ընդամենը 12 ժամվա ընթացքում կարող է գրավել Բաքուն»:

Ահա սա՛ է ճշմարտությունը:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #13 (929) 5.04.2012 – 11.04.2012, Բանակ և հասարակություն


11/04/2012