Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ԿԻՆԸ, ՈՐ ԵՂԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ



Այսօր կանանց ներկայությունը քաղաքական դաշտում բոլորովին էլ նորություն չէ։ Ըստ միջազգային փորձագետների (ընդ որում՝ արական սեռի)` պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող լեդիները ո՛չ վատ են և ո՛չ էլ առավել են տղամարդկանցից, պարզապես նրանք ուրիշ սեռի են և քաղաքականություն են բերում նոր հայացքներ, ղեկավարման նոր ոճ։

Իհարկե, հասարակությունը մի փոքր ավելի հանդուրժող է, երբ կինը առողջապահության կամ մշակույթի նախարարի պաշտոնն է զբաղեցնում, բայց, այ, զուտ տղամարդկային համարվող աշխատանքներում, այդ թվում՝ ուժային կառույցներում կնոջ ղեկավարմանը դեմ է արտահայտվում, սվիններով ընդունում։ Սակայն ժամանակի հետ քարացած կարծրատիպերը փլուզվում են։ Առաջին կինը, որ հարթեց ճանապարհը դեպի պաշտպանական գերատեսչության ղեկավարի աթոռը, ֆիննուհի Էլիզաբեթ Ռենն է։ Պետք է խոստովանել, որ Ֆինլանդիայի քաղաքական կյանքում կանանց գործունեությունը այդ ժամանակ բոլորովին էլ նորություն չէր։ Առաջինը հենց Ֆինլանդիայում էր, որ դեռևս 1906 թվականին կանայք ստացան ձայնի և ընտրվելու իրավունք, իսկ բոլորովին վերջերս Ֆինլանդիան կին էր ղեկավարում՝ Տարյա Կաարինա Հոլոնեն (ըստ ամերիկյան «News Week» հեղինակավոր պարբերականի՝ Ֆինլանդիան դասվում է այն երկրների շարքը, որտեղ կանանց քաղաքական իրավունքները առավելագույնս են պաշտպանված)։ Ինչևիցե, այսօր Ֆինլանդիայում որևէ պաշտոնի նշանակելիս կարևորում են ոչ թե սեռը, այլ պրոֆեսիոնալիզմը։ Մնում է հուսալ, որ ֆիննուհիները չեն պայքարի միայն Յոլլուպուկի, այսինքն՝ Սանտա Կլաուսի տեղը գրավելու համար, և Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող Լապլանդիայում գոնե իշխանությունը տղամարդու ձեռքում կմնա…

Էլիզաբեթ Ռենը գլխավորեց Ֆինլանդիայի պաշտպանական գերատեսչությունը 1990-95թթ.։ «Այն ժամանակ, երբ ես դարձա պաշտպանության նախարար,- վերհիշում է Էլիզաբեթը,- շուրջս միայն տղամարդ գեներալներ էին։ Նրանք եկան ինձ շնորհավորելու նշանակման առթիվ, բայց ես նրանց խեթ հայացքներում կարդում էի` «Դե, Դուք այստեղ երկար չեք մնա», բայց միասին աշխատեցինք համարյա 5 տարի։

Իհարկե, ասել, որ հեշտ ու խաղաղ է անցել նրա ղեկավարման շրջանը, այնքան էլ ճիշտ չի լինի։ Նա անընդմեջ բախվում էր կարծրացած ավանդույթների ինչպես քաղաքական գործիչների հետ շփվելիս, այնպես էլ գործնական շրջանակներում։ Ուշագրավ է նրա հանդիպումներից մեկը, որը պետք է կայանար պետերբուրգյան սաունաներից մեկում, որտեղ գործընկերները անհամբեր սպասում էին նրա ներկայանալուն։ «Ես նախընտրում եմ հանդիպումներս անցկացնել հագնված»,- կարճել էր նա։ Այս ամենից հետո մամուլը երկար ժամանակ գրում էր ոչ թե նրա քաղաքական հայացքների, այլ հագուկապի մասին։ Ի դեպ, Ռենը երկու անգամ մասնակցել է Ֆինլանդիայի նախագահական ընտրություններին եւ առաջին մասնակցության ժամանակ հավաքել ձայների 45 տոկոսը։ Նա տղամարդավարի է տարել իր պարտությունը. «Ես միշտ ռեալիստ եմ։ Եթե այսօր պարտվել եմ, ուրեմն՝ պարտվել եմ։ Ես նրանցից չեմ, ովքեր լաց են լինում անցյալ տարվա ձյան պատճառով։ Ես միշտ առաջ եմ նայում»։

Գործունյա, եռանդով լի Էլիզաբեթ Ռենը միշտ ակտիվ գործունեություն է ծավալել. աշխատանք եվրոպական պառլամենտում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, այսօր էլ խաղաղասիրական առաքելություններով լինում է տարբեր երկրներում, պայքարում է մարդու իրավունքների ոտնահարման դեմ, կանանց իրավահավասարության համար, հանդես է գալիս բռնության դեմ և ոչ միայն կենցաղային, ընտանեկան, այլ ընդհանրապես` աշխարհում բռնության դեմ։

Նախկին պաշտպանության նախարարուհին անչափ կարևորում է խաղաղության գինը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Բանակ և հասարակություն


18/04/2012