«ՍՊԱՆ ՊԵՏՔ Է ԴԵՄՔՈՎ ՇՐՋՎԻ ԴԵՊԻ ԶԻՆՎՈՐԸ»
Զրույց ՌԴ ազգային անվտանգության խնդիրներով միջազգային ակադեմիայի նախագահության II կարգի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, մարդու իրավունքների քաղաքականության եւ հումանիտար պրոբլեմների միջազգային «Կյանք» ասոցիացիայի նախագահ գեներալ-լեյտենանտ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՆԵՎԻԴԻՍԻ հետ։
-Պարոն Մանևիդիս, նախքան Ձեր ղեկավարած հասարակական կազմակերպության գործունեությանն անդրադառնալը, պիտի խնդրեմ, որ համառոտ ներկայացնեք Ձեր կենսագրությունը։
-Մայրս՝ Նվարդը, Հայրենական պատերազմի ճակատային էր։ Հզոր խառնվածքով, համարձակ ու հայրենասեր մի կին։ Ամեն ինչ անում էր, որ ես տղամարդ մեծանամ։ Տղամարդու նրա իդեալը շատ ինքնատիպ էր և ընդգծված։ Ես բնավորությամբ մորս եմ նման՝ «ճակատային եմ»… Եթե առաջարկեք, որ հորս բնութագրեմ մեկ բառով, ես կասեմ՝ աշխատասեր։ Նա առավոտից իրիկուն աշխատում էր։ Կարծում եմ՝ հորս մահը շատ խորհրդանշական էր. Կիրովի գործարանում վթար էր տեղի ունեցել, հայրս շտապել էր փրկելու տուժածներին ու զոհվել։
Ես երբեք աչքի չեմ ընկել օրինակելի վարքով։ Ու միշտ չէ, որ իմ կազմակերպչական ունակությունները ծառայեցրել եմ բարի նպատակների (խոսքս դպրոցի մասին է), բայց արի ու տես, որ հաշվի չառնելով անկատար վարքս, հենց ինձ էին ընտրում կոմերիտմիության քարտուղար։ Ե՛վ դպրոցում, և՛ բուհում սովորել եմ բարձր գնահատականներով։ Հետո աշխատանքի եմ նշանակվել կոմերիտմիության կենտկոմում։ Աշխատել եմ ներքին գործերի համակարգում, հասել եմ քաղվարչության պետի պաշտոնին։ Ավարտել եմ կիբեռնետիկայի և իրավագիտության ֆակուլտետները։ Երկար տարիներ զբաղվել եմ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։
-Ի՞նչ նպատակով է ստեղծվել «Կյանք» հասարակական կազմակերպությունը, և ի՞նչ է խորհրդանշում հասարակության անվանումը։
-Կազմակերպության գլխավոր նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Գաղտնիք չէ, որ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը իր ժողովրդավարացման ճանապարհին մեծ անելիքներ ունի` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Մեր խնդիրն է ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ դրա խոցելի կողմերը, պատճառահետևանքային աղերսները և աջակցել, որ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները կայանան հնարավորինս արագ և արդյունավետ աշխատեն։ Հասարակական կազմակերպության մեջ ընդգրկված են կյանքի դպրոց անցած և մեծ փորձառություն ունեցող մասնագետներ։ Նրանց ջանքերը ուղղված են մեր կյանքն առավել օրինավոր դարձնելու նպատակին։
-Դուք ակտիվ գործունեություն են ծավալում բանակում, և մենք առավելապես կանդրադառնանք Ձեր գործունեության այս ոլորտին։
-Բանակը հասարակության և պետական կառույցի ամենակարևոր օղակն է։ Բանակի մարտունակությունը էապես պայմանավորված է զորքերում օրինականության մակարդակի, կարգապահության, կանոնադրային հարաբերությունների հաստատման և անձնակազմի իրավունքների պաշտպանության հետ։ Բանակի վիճակը մեծ ազդեցություն է ունենում հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ Բանակի ներքին խնդիրները, թերությունները, անկատարությունը ուղղակիորեն ազդում են հասարակության տրամադրության ու տրամադրվածության վրա, թևաթափ են անում նրան, կոտրում ոգին, բարոյալքում, դարձնում հոռետես։ Եվ հակառակը, բանակի հաջողությունները, բանակի առաջընթացը հատկապես ներքին փոխհարաբերությունների ոլորտում, զինվորի հոգեբանական, ֆիզիկական պաշտպանվածությունը բարձրացնում են հասարակության ոգին, դառնում են հոգեկան վերելքի խթան, տոգորում են լավատեսությամբ, ապագայի հանդեպ հավատով։ Տղամարդկանց հասարակությունը անցնում է բանակով և հետագայում իրենով պայմանավորում է հասարակության մեջ առկա բարոյական արժեհամակարգի նկարագիրը։ Տղամարդն ինչ արժեքներ ու գաղափարներ կտանի բանակից հասարակություն, ինչպես կփոխի հասարակության դիմագիծը, կախված է զինվորական ծառայության տարիների արդյունավետությունից։
-Զինվորը բանակ է գալիս 18-20 տարվա կենսագրությամբ և դաստիարակությամբ, զինվորական կյանքի երկու տարին կարո՞ղ են էական նշանակություն ունենալ արժեհամակարգի ձևավորման գործում։
-Խորհրդակցություններից մեկի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ այդ խնդրին և ասաց, որ անընդհատ թմբկահարելով ընտանիքի, հանրակրթության և դաստիարակչական կառույցների թերությունները և մեղքը բարդելով նախազորակոչային ժամանակահատվածի վրա, մենք փաստորեն արդարացնում ենք սեփական անգործությունը և ի սկզբանե դատապարտում ենք մեզ ձախողման։ Նախարարը նշեց, որ բանակի դաստիարակչական կառույցները պետք է անեն ամեն ինչ, որ բանակը ձևավորի իր գաղափարները, իր բարոյական արժեհամակարգը և ստեղծի այդ արժեքներով ու գաղափարներով ապրելու ավանդույթ բանակի պատերից ներս։ Փակ, աստիճանահարգությամբ և ենթակայությամբ գործող համակարգը կարող է ձևավորել իր ավանդույթները և արմատավորել այդ ավանդույթներին ենթարկվելու պրակտիկա։ Նախարարի հրամանով՝ հասարակական խորհրդին կից ստեղծվեց զորակոչիկների և նրանց ծնողների նամակ-բողոքներն ուսումնասիրող հանձնաժողով, որը համալրվեց փորձառու մասնագետներով։ Ես նույնպես այդ հանձնաժողովի անդամ եմ։
-Ի՞նչ մեթոդներով եք իրականացնում Ձեր գործունեությունը բանակում։
-Նախ ասեմ, որ մեր կազմակերպությունը «Զինվոր» անվանումը կրող հասարակական կազմակերպություններից մեկն է։ Սերտորեն համագործակցում ենք համակարգող խորհրդի հետ և պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հետ։ Ակտիվ շփումներ ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ։ Մեր անդամներն ընդգրկված են ՀՀ նախագահին առընթեր հասարակական խորհրդի 12 հանձնաժողովներում։ Մենք պարբերաբար այցելում ենք զորամասեր, տեղում ծանոթանում ենք խնդիրներին և առաջարկում ենք դրանք լուծելու ուղիներ։
-Ի՞նչ իրավիճակ է զորքերում զինվորի իրավունքների պաշտպանության առումով։ Ավելի կոնկրետ՝ ե՞րբ և ինչո՞ւ են խախտվում զինվորի իրավունքները։
-Զինվորի իրավունքները խախտվում են սկսած նախազորակոչային շեմից, երբ որևէ մեկին հաջողվում է օգտագործելով ֆինանսական հնարավորությունները՝ շրջանցել օրենքը և իր համար ծառայություն ապահովել էլիտար զորամասերում։
-Ի՞նչ է նշանակում էլիտար զորամաս։ Կան էլիտար և ոչ էլիտար զորամասե՞ր։ Եվ ո՞րն է էլիտարության չափանիշը։
-Այդ անվանումը պայմանական է այն առումով, որ մայրաքաղաքամերձ զորամասերը առավել գայթակղիչ են, և ոմանք փորձում են դյուրին ծառայություն ապահովել իրենց զավակների համար այդ զորամասերում։
-Դուք այն կարծիքին եք, որ դա զանգվածային բնո՞ւյթ է կրում։
-Ո՛չ, ես այդ կարծիքին չեմ, սակայն պիտի պնդեմ, որ որոշ մարդկանց դա հաջողվում է, և հենց այդ որոշ դեպքերն էլ շղթայական ռեակցիայով տարածվում են ժողովրդի շրջանում՝ ստեղծելով սոցիալական անարդարության բարդույթ։ Եթե մեկը նախապես իր հարևաններին, բարեկամներին, ծանոթներին ասում է, որ իր որդին ծառայելու է քաղաքամերձ զորամասում, և նրան հաջողվում է իր որդուն տեղավորել հենց այդ զորամասում, այն մարդիկ, ովքեր նախապես գիտեին նրա մտադրության մասին, այդ լուրը շատ արագ տարածում են հասարակության մեջ՝ ստեղծելով ամենաթողության, անարդարության, անօրինականության և կաշառակերության պատրանք։ Ես խոսում եմ մեկ դեպքի մասին, որը դառնում է ընդհանրացման և զորակոչի մասին կարծիք ձևավորելու առիթ։
Զինվորի իրավունքների ոտնահարում է նկատվում որոշ զորամասերում, երբ զինվորները ծառայում են արտոնյալ պայմաններում… Սա արդեն էապես հարվածում է բանակում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ձևավորելու նպատակի իրագործմանը և բանակի բարոյախոսությանը։
Երբ սպան խոսում է բարձր գաղափարներից, երբ անձնվեր ծառայություն է պահանջում զինվորից և այդ նույն զինվորի աչքի առաջ հովանավորում է որոշ զինվորների, ապա այդ զինվորը հակակրանքով է լցվում ոչ միայն այդ սպայի հանդեպ, այլև, որ ամենացավալին է, չի հավատում ու հակադրվում է նրա քարոզած գաղափարներին։
Ես այն կարծիքին եմ, որ զինվորների անհատական գրքույկները զինվորի հետ անձնական աշխատանքի հիմքն ու երաշխիքն են։ Յուրաքանչյուր հրամանատար պետք է իր առաջին հոգսն ու պարտականությունը համարի իր ղեկավարած կառույցում բարոյական և օրինական հարաբերություններ ստեղծելը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է արմատավորել փոխադարձ բարյացակամության, հոգատարության, հանդուրժողականության մթնոլորտ։ Այդ մթնոլորտը չի ձևավորվի, եթե չլինի սպայի անհատական աշխատանք՝ հիմնված զինվորի ընկերն ու բարեկամը լինելու գաղափարի ու գործունեության վրա։ Սպան պետք է դեմքով շրջվի դեպի զինվորը։ Սա շատ կարևոր է բանակի ներքին փոխհարաբերություններում արմատական առաջընթաց արձանագրելու համար։
Պետք է առավելագույնս իրենց նպատակին ծառայեն նախարարի պարբերական ուղերձները բանակի սպայակազմին։ Այն պետք է ունենա ուղղորդող և առաջնահերթություններ թելադրող նշանակություն։
-Դուք ինչպե՞ս և ինչո՞վ եք օգնում բանակին։ Խոսքը Ձեր ղեկավարած հասարակական կազմակերպության մասին է։
-Նախ ասեմ, որ բանակում ձևավորվել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու խրախուսելի և արդյունավետ պրակտիկա։ Պիտի երախտագիտությունս հայտնեմ և՛ պաշտպանության նախարարին, և՛ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանին` փոխըմբռնման և արդյունավետ համագործակցության համար։ Նրանք կարևորում են մեր առաջարկությունները և օգնում են իրագործել դրանք։ Բանակը բաց է հասարակության առաջ, և դա շատ կարևոր նախադրյալ է բանակի թերությունները քողարկելու պրակտիկան մերժելու և առաջընթաց ապահովելու համար։
Ինչ վերաբերում է մեր գործունեությանը, մենք շեշտը դնում ենք կանխարգելիչ աշխատանքի վրա։ Մեր փորձառու մասնագետները ցույց են տալիս մեթոդական օգնություն։ Կազմակերպում ենք զինվորի և սպայի իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, նրանց բացատրում ենք իրենց իրավունքները։ Մեր հրավերով բանակում դասախոսություններ են կարդում բազմաթիվ բարձրորակ մասնագետներ։
Ես կարծում եմ` պետք է բանակի հետ առնչվող մարդկանց ընտրել բծախնդրորեն։ Խոսքը վերաբերում է և՛ հոգևորականներին, և՛ ադապտացիոն շրջանում զինվորների հետ աշխատող սպայակազմին։ Այդ ընթացքում զինվորի կողքին պետք է լինեն փորձառու սպաները և ոչ ռազմական ինստիտուտը նոր ավարտած 21-22 տարեկան լեյտենանտները։
Որպես վերջաբան` ցանկանում եմ նշել, որ ենթասպաների, սպաների, գեներալների մի մեծ խումբ գերմարդկային լարումով ու անմնացորդ նվիրումով փորձում է շտկել բանակի թերությունները և ստեղծել ամուր, կարգապահ, բարոյական ու մարտունակ զինուժ։ Եվ նրանց կողքին զինվորականների մի խումբ կա, որը մատների արանքով է նայում իր աշխատանքին։ Իսկ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է լինել բանակի կողքին և աջակցել այն մարդկանց, ովքեր կյանքի գնով պահպանում են իր անվտանգությունն ու խաղաղ կյանքը։ Մենք պետք է օգնենք բանակին` ընտանիքում, դպրոցում, կրթօջախներում, հասարակության մեջ դաստիարակելով, իրոք, ազգային գաղափարներին նվիրված, բարոյական և օրինավոր քաղաքացիներ։
«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ի դեմս Մարգարիտ Խաչատրյանի), նախարարին առընթեր հասարակական խորհրդի (ի դեմս Գեղամ Հարությունյանի) և մյուս հասարակական կազմակերպությունների ակտիվ անդամների մշտական ներկայությունը զորամասերում ոչ միայն աջակցող, այլ նաև զսպող ուժ է, նաև միջանկյալ օղակ՝ ներկայացնելու զորամասերում առկա թերությունները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր