Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ



ՄԵՔԵՆԱՎԱՐՈՒՄ, ՌԱԶՄԵՐԹ, ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի` փոխգնդապետ Վ. Վարդանյանի հրամանատարությամբ գործող գումարտակի վաշտերից մեկին հանդիպեցինք կենտրոնացման շրջանում։ Վաշտի հրամանատար մայոր Ռոբերտ Քարամյանը պարզաբանեց գործնական պարապմունքի նպատակը։

-Վաշտը զորամասից դուրս է եկել ուսումնական տագնապով և ռազմերթով հասել կենտրոնացման շրջան։ Նպատակը ՀՄՄ-1 մեխանիկ-վարորդների վարպետության կատարելագործումն է։ Բնականաբար, ուշադրությամբ հետևում և գնահատում ենք գործընթացի բոլոր տարրերը, օրինակ, ինչպես են մտնում մեքենայի մեջ, նստում հատկացված տեղում, շարժիչը գործարկում, շարժվում… Այժմ էլ կատարվում է ստուգողական զննում։ Կուրսանտները զեկուցում են ջրի, յուղի և մյուս կարևոր ցուցանիշների տվյալները։

-Թերություններ նկատո՞ւմ եք։

-Իհարկե՛, միանգամից հնարավոր չէ առանց սխալների վարել հզոր ռազմական տեխնիկան, բայց մեզ ուրախացնում են ձեռքբերումները։ Շատ են այն կուրսանտները, որոնք ամեն ինչ ճիշտ են անում, բայց չեն կարողանում հստակ զեկուցել… Բայց անհանգստանալու բան չկա, օր օրի շատ բան է փոխվում, և վստահ եմ, որ ուսումնական փուլի վերջում բավական լավ արդյունքներ կունենանք…

♦♦♦

Ուսումնական տեղամասերից մեկում փորձարկվում էր մեխանիկ-վարորդների նստեցումը։ Տասնհինգ վայրկյանում մեխանիկ-վարորդը պետք է նստեր մեքենան, փակեր դռնակը և ազդանշան տար շարժիչի պատրաստ լինելու մասին։

Մեկ այլ ուսումնական կետում կրկնվում էին ռազմերթի անվտանգության կանոնները։ Պարապմունքը ղեկավարում էր պայմանագրային զինծառայող շարքային, դասակի հրամանատարի տեղակալ Մարտին Հակոբյանը։ Ներկայացնելով դասակի կուրսանտներին, նա ասաց.

-Կան կուրսանտներ, որոնք հենց վաղն էլ կարող են հաջողությամբ հանձնել քննությունները։ Այդպիսիներից են Նարեկ Ազատյանը, Արա Ավետիսյանը, Նվեր Աղբալյանը, Գևորգ Չոբանյանը…

Մեր ուշադրությունը գրավեց կուրսանտներից մեկի անչափ գեղեցիկ ձեռագիրը։ Հաճույքով կարդացինք հատվածներ տարբեր թեմաներից։

-Կուրսանտ Համբարձում Թորօղլյան,- ներկայացավ։

Հետաքրքրվեցինք, թե ո՞ր դպրոցն է ավարտել, ո՞վ է եղել հայերենի ուսուցիչը.

-Գյումրեցի եմ, ավարտել եմ տեղի N 7 դպրոցը, դասատուս տիկին Քնարիկ Հարոյանն էր, ինձ շատ էր սիրում…

Կուրսանտ Արտակ Քեշիշյանի տետրն էլ շատ գրավիչ էր.

-Երևանցի եմ, սովորել եմ Արմենակ Արմենակյանի անվան N 26 դպրոցում, իմ հայերենի ուսուցչուհին էլ տիկին Մարինե Աղբալյանն էր…

Երևանի N 131 դպրոցում էր սովորել կուրսանտ Ֆելիքս Գևորգյանը։ Նա էլ իր տետրը ցույց տվեց:

-Ձեր դասակն աչքի է ընկնում նաև վայելչագրությամբ,, ապրե՛ք, երևում է՝ շատ պարտաճանաչ եք,- գովեցինք տղաներին ու անցանք հաջորդ ուսումնական կետը, ուր կրկնում էին վարժության պայմանները։

Կապիտան Վահագն Սարգսյանի դասակի կուրսանտներ Գրիգոր Չթեյանը, Հաբեթ Հայրապետյանը, Արմեն Աբրահամյանը, Արտակ Պողոսյանը, Հայկ Սարոյանը, Ալեքսան Ղասաբյանը պատրաստվում էին շարունակել ռազմերթը։

ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Փոխգնդապետ Հ. Եգորյանը վերջերս է նշանակվել ուսումնական զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ։ Նա փորձառու սպա է, երկար տարիներ ծառայել է մարտական զորամասերում։ Նրա հետ զրուցեցինք ծառայողական կարգապահության, զինվոր-սպա հարաբերությունների մասին։

-Այն կուրսանտները, որոնց հրամանատարն է ընտրել հավաքակայանից, շատ ավելի կարգապահ ու բանիմաց են, քան նրանք, ովքեր գործուղվել են այլ զորամասերից։ Վերջիններիս հետ, բնականաբար, ավելի շատ ենք աշխատում։ Ցավոք, այսօր շատ-շատ են խոսում բանակի մասին, և նորակոչիկներից շատերն էլ բանակ են գալիս խեղաթյուրված պատկերացումներով։ Երբ նորակոչիկի հետ զրուցում ես նրա ծառայության առաջին օրերին, զգում ես, որ նա եկել է բանակի հանդեպ բացասական տրամադրվածությամբ, իսկ մեկ ամիս անց նա իր կարծիքը լիովին փոխում է։ Իհարկե, լինում են տղաներ, նրանց անվանում ենք դժվար դաստիարակվող, որոնք ոչ թե հենց բանակում, այլ ընդհանրապես կյանքում գնում են հոսանքին հակառակ և միշտ խնդիրներ են ստեղծում։ Նրանց հետ դժվար է նույնիսկ իրենց ծնողների համար։ Իսկ մեծ մասամբ այսօր տղաները բանակ են գալիս լիովին տեղեկացված իրենց իրավունքներին, և զինվոր-սպա հարաբերությունները տեղափոխվում են օրենքի դաշտ։ Սպաները դարձել են շատ ավելի զգուշավոր։ Օրինակ, սպան զինվորին չի դիմում «ա՛յ տղա» արտահայտությամբ, այլ դիմում է «շարքային Պողոսյան…»։ Կամ, եթե զինվորն ասաց՝ ոտքս ցավում է, չեմ կարող վազել, ուրեմն սպան պետք է նրան տանի բժշկի մոտ, և միայն բժիշկը պետք է որոշի` զինվորը կարո՞ղ է մասնակցել ֆիզպատրաստության պարապմունքի, թե՞ ոչ։ Ստացվում է այնպես, որ հաճախ զինվորն ամբողջությամբ օգտվում է իր իրավունքներից, բայց լավ չի կատարում իր պարտականությունները, իսկ բացատրական աշխատանքի, դաստիարակության համար ժամանակը չի բավականացնում, որովհետև բանակում ուսուցանվում են մի շարք առարկաներ։ Սա նշանակում է, որ սպան պետք է մի քանի առարկա պարապի։

-Ի՞նչ տվեց բջջային հեռախոսների հատկացումը։

-Զինվորները դրա կարիքն ունեին, սահմանված ժամին վերցնում են վաշտի կամ գումարտակի հրամանատարներից և օգտվում։ Բայց կան շատ զինվորներ, որոնք դրսից են բերում հեռախոսներ, ինչի դեմ մենք պայքարում ենք: Ի դեպ, սպան հեռախոսը կոտրելու, փչացնելու իրավունք չունի, այլ պետք է վերցնի գրավոր բացատրությամբ և հանձնի ծնողին։ Հեռախոսներով, երբեմն անգիտակցաբար, անթույլատրելի խոսակցություններ են վարում, միաժամանակ նկարվում են իրենց զենքերով։ Այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, հարկավոր է կրկին անդրադառնալ հարցին։ Ի վերջո, բանակը դպրոց չէ, զինվորական կյանքը ենթադրում է ազատությունների որոշ սահմանափակում, առօրյա պարտականությունների կանոնակարգված կատարում։ Եվ զինվորների իրավունքների պաշտպանության «ջատագովները» պետք է նաև չմոռանան սպաների իրավունքների, սպաների պաշտպանության մասին, որովհետև սպաները նույնպես զինվոր են և կրում են իրենց ենթակա զինվորների անվտանգության պատասխանատվությունը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #14 (930) 12.04.2012 – 18.04.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/04/2012