Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՂՈԹՔ



Սուրիկ Հակոբյանը հայոց նորաստեղծ բանակի առաջին զինվորներից է։ Ծնվել է 1974թ. մայիսի 28-ին, Երևանում։ Միջնակարգն ավարտելուց հետո 1993-ի հունիսի 15-ին զորակոչվել է հայոց բանակ։ Զոհվել է 1994-ի ապրիլի 26-ին, Ֆիզուլիում։

Քույրը՝ Սուսաննան, ստեղծագործում է։ Նա աղոթքի է վերածել Սուրիկ եղբորը հասցեագրած նամակը…

-Սիրելի եղբայրս, ես տխրում եմ առանց քեզ, կարոտում…

Սիրելի, անգին, իմ «չախկալ» եղբայր, գիտես, որ միայն ես չեմ տխրում առանց քեզ։ Ինձ թվում է, թե այս գարունն էլ անցածների նման չէ, նրանք կարծես գալիս էին երգով, բուրավետ ծաղիկներով։ Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ էր այդպես, որովհետև իմ սիրելի Սուրիկը, իմ քաջ ու անվախ եղբայրը իմ կողքին էր, որովհետև միասին էինք դիմավորում գարնան գալուստը, միասին էինք ուրախանում արևի, ծաղիկների ու ջինջ երկնքի համար։ Իսկ հիմա… Հիմա գարունը ես զգում եմ քեզ համար բերված ծաղիկներով։ Մինչև ե՞րբ ապրեմ քո բարի հիշատակներով, մինչև ե՞րբ փակեմ ականջներս` չլսելու համար, թե ինչպես են պատմում քո ընդհատված կյանքի մասին, բայց մի՞թե այն ընդհատվել է…

Երազանքդ էր ազատագրել պատմական Գարդման աշխարհը, մեր պապիկի ծննդավայր Բանանցը, լուսանկարվել մեր պապիկի տան շեմին։ Սակայն երազանքդ չիրականացավ, ասկյարի գնդակը կտրեց քո կյանքի թելը…

Եվ ահա Հայաստանի անկախության օրը՝ մայիսի 28-ին, լրացավ քո 21-րդ տարին։ Քո 20 և 21-ամյակները մենք նշեցինք տխրությամբ, արցունքն աչքներիս։ Ծննդյանդ օրն այնպես էի ցանկանում նորից քեզ տեսնել, գրկել և տալ 21 քույրական համբույր։ Ու տարիների հետ ավելանում են այդ համբույրները…

Քո 10-ամսյա ծառայության ընթացքում երեք անգամ եղար կռվի թեժ կետերում՝ Կրասնոսելսկում, Քարվաճառում, Ֆիզուլիում։ Եվ Ֆիզուլիի մարտը եղավ վերջինը…

Իմ հերոս եղբայր, ինչո՞ւ իմ աղոթքը քեզ չփրկեց… Իմ Սուրիկ եղբայր, ես շատ եմ քեզ կարոտում։ Թող Աստված ձայնս լսի, և թող ես եղբայր կորցրած վերջին քույրը լինեմ, վերջինը, որովհետև սահմանում կանգնած բոլոր հայ զինվորները իմ եղբայրներն են` էլ չեմ ուզում ոչ մեկին կորցնել և ուզում եմ շշնջալ. «Աստված, պահիր, պահպանիր եղբայրներիս»։

1995թ.

Խորագիր՝ #15 (931) 19.04.2012 – 25.04.2012, Հոգևոր-մշակութային


25/04/2012