ԵՍ ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ…
Բանակը նոր էր ստեղծվել։ Ղազար Ղազարյանին վստահել էին գումարտակի հրամանատարությունը։ Պատերազմում ընկերներ կորցրած ազատամարտիկը գուրգուրանքով ու հայրական հոգատարությամբ էր վերաբերվում ամեն մի զինվորի։ Սկիզբը դժվար էր, չկային առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդն այն չէր։ Երբ հրամանատարը տնից բարձրանում էր դիրք, զինվորներն արդեն գիտեին, որ նրա ուսապարկում օճառ է, աման-չաման, տարբեր պահածոներ։ Եվ նրանք ուրախությամբ իջեցնում էին ուսապարկը հրամանատարի ուսից։
-Ձեր ցավը տանեմ, դուք միայն պատվով կատարեք ձեր գործը։ Մի՛ մտածեք` ամեն ինչ լավ կլինի։ Ամեն մի գործի սկիզբն էլ դժվար է,- այսպես սիրով զրուցում ու հույս էր տալիս իր զինվորներին հրամանատարը։
Սակայն ամեն անգամ, երբ ուղեւորվում էր տուն, շեմից ներս մտնելիս գաղտագողի հայացքը նետում էր կնոջ ուղղությամբ։ Իսկ կինն ամեն անգամ թաքուն ժպիտով բողոքում էր.
-Ղազար, տունը գող էր մտնում, աման-չաման չմնաց, հիմի էլ անցել է մուրաբաներին։ Ես էլ ասում եմ, թե էդ ինչ սրտի տեր մարդ պիտի լինի, որ Ղազարի տնից գողություն անի։ Լավ էր իմացանք, այսինքն` երեխեքն էին գողին տեսել ու ինձ ասին, որ գողի հասցեին վատ խոսք, անեծք չասեմ։
Խորագիր՝ #15 (931) 19.04.2012 – 25.04.2012, Հոգևոր-մշակութային