ԻՆՉ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՆԱՏՕ-ԻՆ ԼԻԲԻԱԿԱՆ ԵՐԿԻՆՔԸ
Հյուսիսային Աֆրիկայում դաշնակիցների ուժերի մարտական գործողությունների վերլուծություն
Մեկ տարի է անցել Լիբիա ներխուժելու օրվանից, և արդեն կարելի է վերլուծել դաշնակիցների մարտավարությունը: Մանավանդ որ «իրենց հերթին են սպասում» ևս երկու թեժ կետեր` Իրանն ու Սիրիան, որտեղ հնարավոր է արդեն մշակված հնարքների կրկնություն:
Լիբիական գործողության ընթացքում առանցքային դեր խաղացին Դաշինքի ինքնաթիռների ռազմաօդային հարվածները: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն վերջին 40 տարվա ընթացքում «C-75», «C-125», «C-200» և «Կվադրատ» խորհրդային հնացած համալիրների հիման վրա ձևավորված ՀՕՊ համակարգերի դեմ պայքարի վիթխարի փորձ են կուտակել: Այդպիսի ՀՕՊ համակարգը հաջողությամբ ճնշել են Իսրայելը` Լիբանանում, ԱՄՆ-ը և դաշնակիցների ուժերը` Իրաքում և Հարավսլավիայում: Հակաօդային պաշտպանության այդպիսի համակարգն այժմ կարելի է համարել գործնականում անօգուտ և արագորեն ճնշվող` Արևմուտքի ժամանակակից զինված ուժերի դեմ:
ՆԱՏՕ-Ի ՕԴԱՅԻՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ
Մինչև գործողությունն սկսելը լիբիական ափի մոտ ստեղծվել էր դաշնակիցների ՌՕՈՒ և ՌԾՈՒ խոշոր խմբավորում. արևմտյան դաշինքի 25 ռազմանավ և սուզանավ, այդ թվում ԱՄՆ ՌԾՈՒ 3 նավ` «Թոմահավկ» հրթիռներով, ԱՄՆ 2-րդ և 6-րդ նավատորմների օժանդակ նավերը` ներառյալ «Էնթըրփրայզ» ավիակիրը, «Կերսաջ» և «Պոնսե» դեսանտային ուղղաթիռակիրները, «Մաունթ Ուիթնի» շտաբային նավը: Ստեղծվել էր հետախուզական ավիացիայի և ռադիոէլեկտրոնային պայքարի հզոր ավիացիոն խմբավորում:
«Ոդիսևսի արևածագը» գործողությունն սկսվեց մարտի 20-ի լույս 21-ի գիշերը` Լիբիայի տարածքում գտնվող առանձին օբյեկտներին հասցվող զանգվածային հրթիռա-ավիացիոն հարվածներից: Առաջին հարվածը բաղկացած էր երեք ալիքից: Հետագայում հարվածները վերածվեցին շարքերի, որոնք հասցվում էին ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկը: Դաշնակիցների գլխավոր թիրախը Կադաֆիի բանակի C-200 հրթիռային համակարգերն էին, որոնք ունակ էին թիրախը խոցել 300 կմ հեռավորությունից, և «Կուբ» տեսակի մոտ 50 հրթիռները, որոնցով սերբերը 1995թ. խոցել էին ամերիկյան «F-16»: Հակաօդային պաշտպանության լիբիական ինտեգրված համակարգը, ինչպես և Իրաքում, ուներ մոտ 30 «երկիր-օդ» տեսակի կայանք, որոնք կապված էին Միջերկրական ծովի ափին գտնվող վաղ ազդարարման ռադարային 15 համակարգերի հետ: Պենտագոնի տվյալներով, դրանք լուրջ սպառնալիք էին Լիբիայի օդային տարածքում կամ դրա հարևանությամբ գտնվող օտարերկրյա ռազմական ինքնաթիռների համար:
ՆԱՏՕ-Ի ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարտի 31-ին «Ոդիսևսի արևածագը» գործողությունն ավարտվեց, քանի որ սկսվելու էր «Միավորված պաշտպան» անվանումը կրող կամպանիան: Լիբիան փաստորեն վերածվեց ՆԱՏՕ-ի նոր սպառազինության մարտական փորձարկման փորձադաշտի: Այսպես, առաջին անգամ փորձարկվեցին «Tomahawk Block IV» մարտավարական թևավոր հրթիռը, ժամանակակից ամենակատարյալ ինքնաթիռներից մեկը` Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ «Eurofighter Typhoon» բազմանպատակային կործանիչը: «Tornado» ինքնաթիռները հարվածներ էին հասցնում «Storm Shadow» թևավոր հրթիռներով: Մարտի 29-ին մարտական պայմաններում առաջին անգամ կիրառվեց ցամաքային ստորաբաժանումների աջակցման «AC-130U» ծանր սպառազեն ինքնաթիռը: Առաջին անգամ իր կարողությունները ցուցադրեց ԱՄՆ ՌԾՈՒ «EA-18G Growler» ռադիոէլեկտրոնային պայքարի տախտակամածային ինքնաթիռը, որը մասնակցում էր լիբիական ռադարների աշխատանքում խանգարումներ առաջացնելուն: Հունիսի 4-ի գիշերը առաջին անգամ մարտական կիրառում գտան Մեծ Բրիտանիայի ՌՕՈՒ «Apache» ուղղաթիռները, որոնց կայանատեղին «Օուշեն» ուղղաթիռակիրն էր, ինչպես նաև՝ ֆրանսիական «Tiger» և «Gazelle» ուղղաթիռները:
ՆԱՏՕ-ի ՌՕՈՒ ռազմավարական կիրառման մյուս առանձնահատկությունը ուրանային զրահահար զենքն էր: «Աղքատացված» ուրանով ռազմամթերքը կիրառվում էր հիմնականում Լիբիայում՝ ռազմագործողության առաջին օրը: Ջամահիրիայի վրա նետված որոշ ռումբերի զանգվածը մոտ երկու տոննա էր: Ֆրանսիական գերճշգրիտ «AASM» հրթիռներն օգտագործվեցին Լիբիայի արևելքում Բենգազիի շրջանում զրահատեխնիկայի շարասյունը ոչնչացնելու համար: Դրանք կիրառվում էին նաև ռուսական արտադրության «C-125» ԶՀՀ ոչնչացնելու համար: Ընդ որում, հրթիռներն արձակվել էին ՀՕՊ համալիրի արդյունավետ գործողության գոտուց դուրս:
ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Լիբիային սկսեցին հարվածել ծովային և օդային կայանման թևավոր հրթիռներով: Մարտի 19-ին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ՌԾՈՒ նավերն արձակեցին 112 «Թոմահավկ» թևավոր հրթիռ` ոչնչացնելով 22 թիրախներից 20-ը: Հետագայում թևավոր հրթիռներ ավելի քիչ էին արձակվում: Որպես թիրախ` ընտրվել էին զորքերի ղեկավարման կետերը, Մուամար Կադաֆիի նստավայրը, Լիբիայի ՌՕՈՒ շտաբը Մատեյգում (Տրիպոլիից արևելք), Ալ-Գարդաբիայում ՌՕՈՒ ռազմակայանը, ՌԾՈՒ կապի հանգույցներն ու ռազմակայանները, լիբիական ՀՕՊ համակարգի ռադարներն ու կապի օբյեկտները, Կադաֆիին աջակցող զորքերի տեղակայման վայրերն ու դիրքերը, հականավային հրթիռների շարժական մարտկոցները: «Թոմահավկեր» են արձակվել ամերիկյան հինգ նավերից` երկու հածանավից և երեք սուզանավից, որոնք ընդգրկված էին Միջերկրական ծովում գործող ԱՄՆ ՌԾՈՒ խմբի մեջ (ափից հեռավորությունը 50-150կմ):
ԱՄՆ ՌՕՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ
«B-2» ռմբակոծիչները հարվածներ հասցրին Տրիպոլիից ոչ հեռու գտնվող լիբիական գլխավոր օդանավակայանին` կառավարելի ավիառումբերով խոցելով ամրացված անգարները, որոնցում լիբիական ՌՕՈՒ կործանիչներն ու ռմբակոծիչներն էին: Այդ ռազմավարական օբյեկտի վրա «B-2»-ները գցեցին 40 ռումբ: Ռմբակոծիչներն օդում էին 25 ժամ և օդում չորս անգամ լիցքավորվել են վառելիքով: «B-2» ինքնաթիռներն օգտագործվել են Լիբիայի առավել կարևոր թիրախները խոցելու համար: Նրանք հարվածներ էին հասցնում 2000 ֆունտանոց (մոտ մեկ տոննա) «GBU-31B/JDAM» կառավարվող ռումբերով: ԱՄՆ ՌՕՈՒ շտաբի տվյալներով, բոլոր նախատեսված թիրախները խոցվել են տրված ճշգրտությամբ: «B-2» ինքնաթիռների կիրառման մեծ արդյունավետությունն ապահովվել էր այն բանի շնորհիվ, որ թռիչքի խնդիրը ճշգրտվում էր հենց օդում, և ռմբային ծանրաբեռնվածությունը վերածրագրավորվում էր այլ թիրախների համար, որոնց մասին տեղեկությունը ստացվում էր իրական ժամանակի ռեժիմում:
ՌՕՈՒ ԳՐՈՀԻ ԲՆՈՒՅԹԸ
Ֆրանսիական և ամերիկյան ՌՕՈՒ գրոհում էին ստանդարտ սխեմայի համաձայն: Նախնական հետախուզություն- հեռվից ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռների մշտական հսկողության գոտու ստեղծում- առաջխաղացում դեպի թիրախների շրջան- լիբիական ՀՕՊ-ի կրակի շրջանում խանգարումների ստեղծում- թիրախների բաշխում – հարված – նահանջ: Լիբիայում գործողության ընթացքում մշակվում էին մարտավարական տարբեր սցենարներ` «Թայֆուն» ինքնաթիռների համար: Հղկվում էր լազերային նշանառման ապահովումը վերգետնյա թիրախների համար: Թեպետ այս տեսակի ինքնաթիռի օդաչուները կարող են ինքնուրույն կատարել լազերային նշանառությունը, մարտական թռիչքների մեծ մասն արվում էր զույգերով. «Թայֆուն» գումարած «Տոռնադո», երբ նրանցից մեկը լազերային նշանառում էր կատարում, իսկ մյուսը՝ հարվածում թիրախին: Դա ավիացիայի հրամանատարությանը հնարավորություն ընձեռեց գործի դնելու ավիացիոն զինամթերքի մեծ տեսականի` ավելի թանկարժեք գերճշգրիտ զենքը խնայելով այնպիսի խնդիրների կատարման համար, որոնց դեպքում անհրաժեշտ էր ապահովել նվազագույն հավելյալ ավերածություն:
ՆԱՏՕ-ի ՌՕՈՒ թիրախներն էին` լիբիական կանոնավոր զորքերի դիրքերը, Լիբիայի ԶՈՒ ղեկավարման կետերն ու կապի հանգույցները, ՀՕՊ միջոցները, երկրի հյուսիսային շրջաններ նահանջող զորային խմբավորումները, օպերատիվ-մարտավարական հրթիռների արձակման կայանքները, սովորական սպառազինության և զինամթերքի արտադրման և պահպանման ձեռնարկությունները, կապի կենտրոնի շենքը և կառավարական համալիրը Տրիպոլիում, խորհրդարանի շենքը, ռազմական հետախուզության, պետական հեռուստառադիոյի և լրատվական գործակալությունների շենքերը, Բաբ-էլ Ազիզիա ամրացված համալիրը, օդանավակայանները, Տրիպոլիի օդանավակայանի ռադարային համակարգը, Էլ-Բրեգ քաղաքի մոտ գտնվող ռադիոլոկացիոն կայանը, էներգամատակարարման համակարգերը: Թերևս պատահական չէր նաև Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության դեսպանատանը հասցված ռմբային հարվածը:
ՀԵՏԱԽՈՒՅԶ-ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Գործողության սկզբնական փուլում գործի էր դրվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առնվազն 5 հետախույզ-ինքնաթիռ: Էլեկտրոնային հետախուզության «RC-135Rivet Joint» ինքնաթիռները զբաղվում էին լիբիացի զինվորականների խոսակցությունները որսալով և ստացված տեղեկույթը «Գլոբալ Հոկ» ԱԹՍ-ին փոխանցելով, որը թռչում էր մեծ բարձրության վրա: Անօդաչու սարքը հետևող սարքավորումն ուղղորդում էր զրահատանկային զորամասերի տեղակայման վայր և որոշում դրա մոտավոր կոորդինատները: Հետո դրանք փոխանցում էր վերգետնյա կենտրոնի վերլուծաբաններին, վերջիններս էլ տվյալներն ուղարկում էին հրամանատարական կետ` թիրախը նշելու: Այնտեղից կոորդինատները հաղորդվում էին հեռվից ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռ և «E-3 Sebtry Awacs» ղեկավարման կետ, որը, իր հերթին, թիրախներին էր ուղղորդում «F-16» կործանիչները, «Հարրիեր» և այլ մարտական ինքնաթիռները կամ հարվածային ԱԹՍ-ները: Նախկինում երբեք ռազմական կամպանիայի ժամանակ տարասեռ ու ժամանակակից ռազմաօդային տեխնիկայի այդպիսի քանակ չէր կիրառվել այդչափ ինտենսիվորեն և միաժամանակ, ինչը բացառիկ բարձր պահանջներ էր ներկայացնում կառավարման համակարգի գործունեությանը և նախևառաջ՝ ավտոմատ կառավարման, կապի և մարտավարական օղակի հետախուզության համակարգերին:
ՀԱՐՎԱԾՆԵՐ «ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ» ԵՒ ԼԻԲԻԱՅԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Վերջին տարիներին ՆԱՏՕ-ն մեծ ուշադրություն էր դարձնում տեխնիկական այնպիսի միջոցների ներդրմանը, որոնք բացառում են կորուստները «բարեկամական» կրակից: Ուստի հետախուզության ամենաարդիական միջոցներին տիրապետող բանակի համար առավել ևս տարօրինակ ու աններելի էր հակազդեցության համարյա իսպառ բացակայության պայմաններում խաղաղ բնակիչներին ու յուրային զորքերին հասցված ավիահարվածների փաստը:
Ահա միայն մի քանի օրինակ: Տրիպոլիից 800կմ արևելք գտնվող Մարսա-էլ Բրեգա քաղաքի շրջանում նատօ-ական ռմբահարման զոհ դարձան երկու ապստամբ և երկու բժիշկ, 14-ը տուժեցին և վեցը անհայտ կորան: Ապստամբների ներկայացուցիչը հարվածից հետո հայտարարեց. «Մենք նախօրոք զգուշացրել էինք ՆԱՏՕ-ին, որ տանկերն առաջ ենք քշում Բենգազիից դեպի Աջդաբի, իսկ հետո` դեպի Մարսա-էլ Բրեգա: Եթե դա ՆԱՏՕ-ի գրոհն էր, ապա սխալ էր, ավելի ճիշտ` «բարեկամական կրակ»»:
Բենգազիի մերձակայքում ՆԱՏՕ-ի ուղղաթիռների հրթիռային հարվածներից մեկի ընթացքում ոչնչացվեց ապստամբների վարձած ֆրանսիական մասնավոր ռազմական ընկերություններից մեկի ենթակառուցվածքը: Քանի մարդ զոհվեց այդ գրոհի հետևանքով, չի հաղորդվել, բայց հայտնի է, որ նրանց մարմիններն անմիջապես ռազմական ուղղաթիռներով ուղարկվել են Ֆրանսիա:
Օգոստոսի 6-ին լիբիական ապստամբների ներկայացուցիչները հայտարարեցին, որ ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են զենքով բեռնավորված քարավանը, որ գալիս էր հարևան Չադից: Քարավանը բաղկացած էր հարյուրավոր ուղտերից և տեղափոխում էր ծանր գնդացիրներ, ականանետներ և այլ ռազմամթերք: Քարավանին օդային հարված էր հասցվել անապատում` Չադի սահմանից 100կմ հեռավորության վրա: «Ուղտերն ամբողջովին այրված են, իսկ ամբողջ զենքը ոչնչացված է»,- հայտարարեցին ապստամբները:
Օգոստոսի 8-ին Զլիթանի մոտ գտնվող Մաջեր գյուղում (Տրիպոլիից 160կմ դեպի արևելք) հրթիռներն ընկան բնակելի տների և հիվանդանոցի վրա: Զոհվեցին 20 տղամարդ, 32 կին և 33 երեխա: Կարմիր խաչի լիբիական ընկերության տվյալներով, ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է ավելի քան 1100 խաղաղ բնակիչ, ներառյալ 400 կին ու երեխա: Ընդհանուր առմամբ, մարտի 19-ից, երբ սկսվեցին ռմբակոծությունները, մինչև մայիսի 26-ը հայտնաբերվել են 718 սպանված և 4067 վիրավոր խաղաղ բնակիչ, որոնցից 433-ը` ծանր: Ինչպես վերջերս խոստովանեց Լիբիայի ազգային անցումային խորհրդի առողջապահության նախարարը, քաղաքացիական պատերազմի ընթացքում երկու կողմից զոհվել է առնվազն 30 հազար մարդ (այլ տվյալներով` 50 հազար), ավելի քան 50 հազար մարդ վիրավորվել է, մոտ 4 հազարը համարվում են անհայտ կորած: Բոլոր այս թվերը խիստ մոտավոր են և դեռ ճշգրտվելու են` անկասկած մեծանալով:
ՕԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
2011թ. մարտի 31-ից հոկտեմբերի 1-ը տևած «Միացյալ պաշտպան» գործողության ընթացքում միջազգային դաշինքի ինքնաթիռները Լիբիայի երկնքում կատարել են 23938 թռիչք, որից 8941-ը` մարտական: Նշանակում է, որ հարվածային ինքնաթիռի մեկ թռիչքն ապահովելու համար ուղարկվում էր երկու օժանդակ ինքնաթիռ (հետախուզություն, ռադիոէլեկտրոնային պայքար, նշանառություն, մարտական ղեկավարում, լիցքավորում օդում, բեռնափոխադրում և այլն): Դա վկայում է մարտական գործողությունների ապահովման խնդիրների ծավալի մեծացման մասին: Հուլիսի 1-ից հետո Լիբիայի երկնքում թռիչքների ինտենսիվությունը կազմում էր միջինում 80-100 թռիչք/օր: Առանձին օրերի այդ թիվը հասնում էր 140-ի:
Լիբիայում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունը ի ցույց դրեց դաշինքի ուժեղ կողմերը` արդյունավետ հետախուզություն, թիրախներ հայտնաբերելուց ընդամենը մի քանի րոպե անց դրանց հարվածելու հնարավորություն, նշանացուցման մեծ ճշգրտություն, ինչը հնարավորություն ընձեռեց կիրառված կառավարելի զինամթերքի մասնաբաժինը հասցնել մինչև 85%-ի:
ՆԱՏՕ-ի տվյալներով, գործողությունը սկսելուց ի վեր ոչնչացվել են մոտ 570 լիբիական ռազմակայան, բունկերներ և այլ օբյեկտներ, 355 զենիթային հրթիռ, ավելի քան 500 տանկ և այլ զրահապատ տեխնիկա, զինամթերքի մոտ 860 պահեստ: Եթե հավատանք այս վիճակագրությանը, ՆԱՏՕ-ի գործողությունների արդյունավետությունը չափազանց բարձր է, բայց մարտական ինքնաթիռների օդաչուները կարող են հաստատել, որ մարտական թռիչքների ժամանակ հաճախ չի հաջողվում ո՛չ թշնամուն հայտնաբերել, ո՛չ էլ ռումբը նետել: Փաստորեն, պատերազմն ապացուցեց, որ համենայն դեպս առաջիկա մի քանի տարվա ընթացքում ռազմաօդային ուժերի նման հաջողությունները վճռորոշ չեն լինի:
ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Բունդեսթագում փակ նիստի ժամանակ գերմանացի ռազմական փորձագետներից մեկը, վկայակոչելով արժանահավատ աղբյուրները, պատմեց, որ բրիտանական հատուկ ծառայությունների կորուստը Լիբիայում կազմել են ոչ թե 35 զինվոր, ինչպես հայտարարել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, այլ` 1500-2000: Սրան պետք է գումարել ֆրանսիացի զոհված զինծառայողների թիվը` 200-500, ԱՄՆ-ի` առնվազն 200, և Քաթարի` ավելի քան 700 զինվոր: Այս թվերը ԶԼՄ-ներում չեն հրապարակվել և նույնիսկ չեն քննարկվում:
ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿ
«Свободная пресса», 01.04.2012
Ռուսերենից թարգմանեց Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ