Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ



ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը` կրճատ ԶԾԱ ապահովում, ցանկացած պետության զինված ուժերի հիմնախնդիրներից է:

Հարկ է նշել, որ 20-րդ դարի 50-ական թվականներից հետո զարգացած երկրների զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման շնորհիվ հաջողվել է զգալիորեն կրճատել մարտական կորուստները: Թեպետ առայժմ բարձր է մնում ոչ մարտական կորուստների քանակը:

Լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա փոքրիկ էքսկուրս կատարելով՝ կանդրադառնամ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ադրբեջանի զինված ուժերում արձանագրված ոչ մարտական կորուստներին, որոնք հիմնականում դժբախտ պատահարներ, ոչ կանոնադրային հարաբերություններ, զենքի հետ անզգույշ վարվելու, ինքնասպանությանը, վթարների, ծեծկռտուքի դեպքեր են:

Ըստ ՌԴ ՊՆ տեղեկությունների, ռուսական բանակում (զինված ուժերի պաշտոնական թիվը 1 մլն. 37 հազար) 2008թ. ոչ մարտական կորուստների թիվը 471 մարդ է, որոնց մոտ կեսը` 231-ը, ինքնասպանություն են գործել (յուրաքանչյուր երրորդը եղել է նորակոչիկ), դժբախտ պատահարների հետեւանքով զոհվել է 121 զինծառայող, 50-ը երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման պատճառով, 26 ծառայակցի «անզգուշորեն» սպանել են, 24-ը զոհվել են ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում:

2007 թվականին կորուստների թիվը կազմել է 417 մարդ:

2009թ. հունվարից հոկտեմբեր ամիսներին ոչ մարտական կորուստների թիվը ՌԴ բանակում կազմել է 297 հոգի, որոնցից 149-ը ինքնասպանություն են գործել: Ժամկետային զինծառայողների շրջանում ինքնասպանության հիմնական պատճառը տնից տհաճ լուր ստանալն է (սիրած աղջիկը դավաճանել է, ամուսնացել է ուրիշի հետ), իսկ երկրորդ պատճառը, այսպես կոչված, «դեդովշչինան է»: Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպաների շրջանում ինքնասպանության պատճառ են կենցաղային խնդիրները՝ անհամաձայնությունը ընտանիքում, ֆինանսների անբավարարությունը:

ԱՄՆ զինված ուժերում պաշտոնական թիվը 1 մլն. 426 հազար 715 է, «Իրաքյան ազատություն» օպերացիայի միայն առաջին 6 տարիների ընթացքում ամերիկացիների ոչ մարտական կորուստները կազմել են 818 մարդ:

ԱՄՆ զինված ուժերում ինքնասպանությունների ավելի քան 50 տոկոսի դրդապատճառը «անձնական է», այսինքն՝ իրենց կանանցից հեռանալը, սիրած աղջկա դավաճանությունը, զինծառայությանը չդիմանալը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2009թ. առաջին 6 ամսվա ընթացքում ինքնասպան է եղել 88 զինծառայող, ինչը մոտ 1/3-ով ավելի է 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: 2008թ. ընթացքում ԱՄՆ զինված ուժերում գրանցվել է 128 ինքնասպանության դեպք, որը ռեկորդային համարվեց վիճակագրության ամբողջ պատմության ընթացքում՝ 1980 թվականից սկսած:

Այժմ զինվորականներն ստիպված են ընդունել, որ ինքնասպանությունների թիվը շարունակում է աճել: 2007թ. դրանց թիվը եղել է 115, իսկ 2006թ.՝ 108: Ադրբեջանական բանակում /պաշտոնական թիվը` 128.600/, նույնպես ոչ մարտական կորուստների թիվը տարեցտարի աճում է, 2010թ. առաջին 3 ամիսների ընթացքում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով զոհված զինծառայողների թիվը կազմել է 22 մարդ, զինծառայողների միջև փոխհրաձգությունից 2009թ. ընթացքում 28 զինծառայող է մահացել, 5-ը՝ ծանր վիրավորվել: 1994թ.-ից ի վեր ադրբեջանական բանակը կորցրել է 3.500 զինծառայող:

«Էխո» թերթի տեղեկատվությամբ, 2003-2010թթ. 85 ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են նվազագույնը 402 զինվոր, որոնցից 253-ը մահացել են ոչ ճակատային գծում: Նրանցից 50-ը ինքնասպան են եղել, 37-ը զոհվել են տարբեր վթարների հետևանքով, 85-ը՝ ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով, 38-ը դարձել են դժբախտ պատահարի զոհ, 15-ը մահացել են կասկածելի և անորոշ հանգամանքներում, 29-ը` տարբեր հիվանդություններից:

«Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ 2011 թվականին Ադրբեջանի ԶՈՒ կորուստները կազմել են 78 զինծառայող, որոնցից 11-ը՝ մարտական, 67-ը՝ ոչ մարտական:

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ՀՀ զինված ուժերում անձնակազմի մահացության, ֆիզիկական և բարոյահոգեբանական խեղումների քանակի բացառումը սպաների և ենթասպաների, ինչու չէ, նաև կրտսեր հրամկազմի հիմնական խնդիրներից է:

ՀՀ Սահմանադրությամբ որոշված է մեր երկրի զինված ուժերում անվտանգության ապահովման իրավական հիմքը: Այն ամրագրում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության ապահովման կանոնադրական կարգը սահմանված է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով` համաձայն ՀՀ 1996թ. դեկտեմբերի 3-ի N99 օրենքի:

ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 73 հոդվածում նշված է՝ յուրաքանչյուր հրամանատար (պետ) պատասխանատու է անձնակազմի ԶԾԱ ապահովման համար, իսկ 78 հոդվածը ներկայացնում է հրամանատարի (պետի) պարտականությունները անձնակազմի անվտանգության ապահովման գործում:

Եվ ասել, թե անվտանգության ապահովման հարցերը 1996 թվականից անուշադրության էին մատնված, առնվազն տկարամտություն կլինի, սակայն արձանագրման է արժանի այն փաստը, որ 2009 թվականից առանձնակի կարևորություն է ստացել զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրը, բացառելու համար ոչ մարտական կորուստները: Մշակվել են մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ, փոփոխություններ են կատարվել ՀՀ օրենքներում, մասնավորապես՝ ՀՀ ԶՈՒ ներքին, ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքերում, և, որ հատկանշական է, ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության գաղափարական և իրավական հիմքերը սահմանելու, ԶՈՒ բարեփոխումների շրջանակում ՀՀ զինված ուժերի զինվորական ծառայության անվտանգության ապահովման աշխատանքների կազմակերպման ժամանակակից մոտեցումների մշակման նպատակով մշակվել և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով գործողության է դրվել «ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգը»:

Այսօր արդեն զինվորական ղեկավար օղակները և զորամիավորման, զորամասի պաշտոնատար անձինք իրենց առօրյա գործունեության ոլորտում ԶԾԱ ապահովման աշխատանքները կազմակերպելիս հիմնականում ղեկավարվում են համազորային կանոնադրությունների պահանջներով, մասնավորապես՝ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ գլխի, ինչպես նաև «ՀՀ զինված ուժերում զորքերի ծառայության կազմակերպումը և զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» մեթոդական ձեռնարկի ու «ԶԾԱ ապահովման ուղեցույցի» դրույթներով:

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերը նշված փաստաթղթերով սահմանված են «Զինվորական ծառայության անվտանգություն» հասկացության էությունը և զորամասում ԶԾԱ ապահովման աշխատանքների համակարգը: Այժմ կանդրադառնամ ՀՀ ԶՈՒ ՆԾ կանոնագրքի` ՀՀ Ազգային ժողովի վերջերս կատարած լրացումների շարքում ավելացված 13-րդ գլխի դրույթներին՝ հնարավորինս մանրամասնելով զինվորական ծառայության անվտանգության ապահովում հասկացությունը:

ԶԾԱ ասելով հասկանում ենք զինծառայողների, զորքի մշտական տեղակայման վայրի բնակչության ու բնապահպանական կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածությունը խաղաղ ժամանակ ԶՈՒ գործունեության հետևանքով առաջացող սպառնալիքներից:

ԶԾԱ ապահովման աշխատանքների համակարգը հրամանատարների, շտաբների, դաստիարակչական աշխատանքի կոչված մարմինների և այլ պաշտոնական անձանց համատեղ գործունեությունն է` հանուն զինվորական ծառայության այնպիսի պայմանների ապահովման, որոնք կբացառեն /նվազագույնի կհասցնեն/ վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցությունը զինծառայողների վրա:

ՀՀ զինված ուժերի ԶԾԱ հասկացության անմիջական օբյեկտներ են զինծառայողները, տեղի բնակչությունը և շրջակա բնական միջավայրը, սուբյեկտներ են զինվորական ղեկավար մարմինները և զինվորական պաշտոնատար անձինք:

Շարունակելի
Հ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #15 (931) 19.04.2012 – 25.04.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


25/04/2012