Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԾՎԻ ՃԱԽՐԸ



1993թ. գարնանը հերթական մարտական առաջադրանքը կատարելիս Շահումյանից Հայաստան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփվեց Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար և պարտիզանական գործողությունների հմուտ կազմակերպիչ, «Գյուլիստանի արծիվ» հռչակված Շահեն Մեղրյանին ու նրա մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը։ Այդ ողբերգական դեպքից անցել է 19 տարի, և այսօր էլ սիրելի հրամանատարի մարտական ընկերներն ու զինակիցները չեն մոռացել հերոսին։

Ապրիլի 17-ին ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ նշվեց Շահեն Մեղրյանի ծննդյան 60-ամյակը։ Քաջարի հրամանատարի հարազատները, բարեկամները, զինակիցներն ու մարտական ընկերները առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ խոնարհվելու և խնկարկելու քաջի շիրիմի առաջ, որից հետո ներկաները ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ աղոթք բարձրացրին առ Աստված՝ հերոսի հոգու անմահության համար։ Կեսօրին Երևանի կամերային երաժշտության տանը շարունակվեց Շահեն Մեղրյան մարդուն, հրամանատարին նվիրված հուշ-ցերեկույթը, որը բացեց ՊՆ ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Հերոսի կյանքին ու գործունեությանը նվիրված իր ելույթում նա, մասնավորապես, ասաց.

-1989-90 թթ., երբ խորհրդային իշխանությունների աջակցությամբ հայաթափվեցին ԼՂՀ կազմից դուրս գտնվող հայկական բնակավայրերը, Շահենը առաջիններից էր, որ գիտակցեց ինքնապաշտպանական ուժերի կազմավորման անհրաժեշտությունը: Արդեն 1990-ի սկզբներին նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ստեղծված շրջանի ինքնապաշտպանական ուժերի շտաբը Արցախում առաջիններից մեկն էր: Շահենը ոչ միայն տեղի հայության առաջնորդը դարձավ, այլև շրջափակման պայմաններում կարողացավ կազմակերպել շրջանի տնտեսական կյանքը: Ամբողջ երկու տարի նրա ղեկավարությամբ շրջանը կարողացավ դիմակայել թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական մարտահրավերներին:

Շահենի բնավորության բնորոշ գծերից էին նրբանկատությունը և բացառիկ ինքնատիրապետումը: Այդ հատկությունն էր, որ նրան դարձնում էր լավ դիվանագետ: 1990-ի հոկտեմբերին Շահումյան ժամանած հայաստանյան ջոկատներից մեկը բացահայտվեց, շրջանում տեղակայված խորհրդային ստորաբաժանումների հրամանատարությունը փորձ արեց զինաթափել և ձերբակալել նրանց: Տղաները առանց կռվի չէին հանձնվի, թվում էր՝ բախումը անխուսափելի է, բայց Շահենի ջանքերի շնորհիվ ստանալով խորհրդային ստորաբաժանումների համաձայնությունը` ջոկատն առանց միջադեպերի անցավ Գետաշեն: Շահենը կարողացավ պայմանավորվել խորհրդային հրամանատարության հետ և կազմակերպել բնակչության ու կամավորական ջոկատների դուրս բերումը գրավված Գետաշենից և Մարտունաշենից, այդ գյուղերից դուրս բերվեցին նաև Թաթուլ Կրպեյանի և Սիմոն Աչիկգյոզյանի մարմինները: Սակայն ամեն ինչ դրանով չսահմանափակվեց, Շահենը, որպես Գետաշենի ու Մարտունաշենի անկման փոխվրեժ, կազմակերպեց Ումուդլուի գործողությունը` ստիպելով խորհրդային զորքերին և ադրբեջանական օմօնականներին հեռանալ Ումուդլուից:

Անգամ ամենադժվարին պահերին` թե՛ գերության մեջ, թե՛ «Կոլցո» օպերացիայի իրականացման ժամանակ, թե՛ Շահումյանի անկումից հետո, նրան ուղղված հանիրավի մեղադրանքների պայմաններում նա իր ինքնատիրապետումը երբեք չկորցրեց. հայրենակիցներն ասես ուժ էին ստանում նրա հանդարտությունից ու վերագտնում հավատը հաղթանակի նկատմամբ:

Շահումյանի անկումից հետո՝ պարտության ու տրտմության դաժան օրերին, թշնամու լայնածավալ գրոհի շարունակության պայմաններում էլի Շահենն էր, որ իր զինակիցների հետ կանգ առավ ու «Ետ՝ դեպի Շահումյան» կարգախոսով վերադարձավ և թշնամու թիկունքում պարտիզանական պայքար ծավալեց` դրանով իսկ թուլացնելով հակառակորդի ճնշումը ռազմաճակատում: Ահա պարտիզանական ջոկատի իրականացրած գործողություններից մի քանիսը միայն. 1992թ օգոստոսի 28-ին Վարարակն գետի ակունքներում գտնվող ադրբեջանցի թալանչիների վրանային «քաղաքի» ոչնչացումը. գործողության ընթացքում ոչնչացվել է 40 ադրբեջանցի թալանչի: 1992թ. սեպտեմբերի 20-ին Գյուլիստանի գործողությունը. ոչնչացվել է 11 ավտոմեքենա և 54 ադրբեջանցի զինյալ: 1992թ. հոկտեմբերի 21-ին Սարսանգ-Հաթերք ճանապարհի վրա ոչնչացվել է վառելիք փոխադրող չորս բեռնատար, սպանվել է հակառակորդի 9 զինվոր: 1992թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոչնչացվել են ադրբեջանական 4 ուղեկալ, 8 ռազմական մեքենա և մի քանի տասնյակ զինծառայողներ:

Պարտիզանների ծավալած ակտիվ գործողություններին հակազդելու նպատակով հակառակորդն ստիպված եղավ Մարտակերտի ռազմաճակատից հանել և Շահումյան ուղարկել ռազմական տեխնիկա: 1993թ. փետրվարին, երբ սկսվեց մեր հակահարձակումը` Սարսանգի ջրամբարը և հիդրոհանգույցը ազատագրելու նպատակով, Շահեն Մեղրյանի պարտիզանական խմբերին առաջադրանք էր տրվել փակելու Սարսանգ-Հաթերք-Գետավան-Քարվաճառ ճանապարհը, ինչը նրանք փայլուն կատարեցին` հնարավորություն ընձեռելով հակահարձակման անցած մեր մարտիկներին նվազագույն կորուստներով հաղթանակի հասնել:

Շահենի զոհվելը մեծ հարված էր բոլորիս համար: Այսօր Շահենը կլիներ 60 տարեկան, նա այդքան չապրեց, բայց նա սոսկ ֆիզիկապես մեզ հետ չէ, նրա հայրենասիրությունը օրինակ է մատաղ սերնդի համար: Շահենն իր անունը հավերժ գրանցեց Արցախյան հաղթանակը կռողների շարքում:

Շահեն Մեղրյանի զինակից ընկեր, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն իր խոսքում ասաց.

-Նա առաջիններից էր, որ գիտակցեց և կյանքի կոչեց պարտիզանական պայքարի կարևորությունն ու նշանակությունը։ Նրա հրամանատարությամբ հակառակորդի թիկունքում ծավալված պարտիզանական գործողությունների շնորհիվ թշնամին զգալիորեն թուլացրեց ճնշումը ռազմաճակատի այդ հատվածում։ Շահեն Մեղրյանը այսօր 60 տարեկան է։ Նրա օրինակով մի ամբողջ սերունդ է մեծանում ու դաստիարակվում։ Նա այնտեղ էր, որտեղ գոյության կռիվ էր, որտեղ պետք է նվաճվեր մեր ժողովրդի ապրելու իրավունքը։ Հարգել հիշատակը` նշանակում է պաշտպանել արյամբ նվաճված Շահենի ու նրա ընկերների հաղթանակը։

Իր հայրիկին հիշելու, նրա ծննդյան 60-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթը հավուր պատշաճի կազմակերպելու համար պաշտպանության նախարարությանն ուղղված երախտիքի խոսք ասաց Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը։

Հուշ-ցերեկույթն իրենց գեղեցիկ կատարումներով ու ելույթներով եզրափակեցին «Հովեր» երգչախումբը, երիտասարդ կատարողներ Գուրգեն Բաբեյանը, ասմունքող Դավիթ Ասատրյանը և ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (931) 19.04.2012 – 25.04.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


25/04/2012