Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԺՎԱՐ ԷՐ ԶՍՊԵԼ ՀՈՒԶՄՈՒՆՔԸ…



«Բանակն ամեն մեկի մտքում է. այն իր սենյակն է, իր տունը, իր բակը: Երբ տարբեր տեղերից տարբեր մարդկանց սենյակներ, տներ, բակեր հավաքվում են մի տեղ` դառնում է հայրենիք: Դառնում է ոչ թե այն տարածքը, որն զբաղեցնում են սենյակը, տունը, բակը, այլ դառնում է գաղափար: Գաղափար, որն օգնում է հասկանալու` պատասխանատուն ես ինքդ քո, կողքինիդ եւ հայրենիքիդ համար»: Այս տողերի հեղինակը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 12-րդ դասարանի աշակերտ Վահան Կոստանյանն է: Նա եւ տասնյակ աշակերտներ ու զինծառայողներ մասնակցել էին «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով համադպրոցական և համաբանակային շարադրությունների մրցույթին, որի արդյունքները ապրիլի 17-ին ամփոփվեցին ՀՀ պաշտպանության նախարարությունում: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ և ԿԳՆ ներկայացուցիչներ, ժամկետային զինծառայողներ, ուսուցիչներ և աշակերտներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց նմանաբնույթ միջոցառումների կարևորությունը` նշելով, որ նմանատիպ մրցույթներն ուղղված են պետականության զարգացմանը, անվտանգության ապահովմանը, ժողովրդի խաղաղ ապրելու երաշխիքների ստեղծմանը. «Յուրաքանչյուր շարադրություն կարդալիս նաև ընթերցում ենք զինվորի, աշակերտի ներաշխարհը, ծանոթանում բանակի դերակատարության մասին նրանց պատկերացումներին: Այս ամենի շնորհիվ մենք արձանագրում ենք, որ հասել ենք հաջողությունների և, իրոք, արժանի սերունդ ենք դաստիարակում: Հարկ եղած դեպքում մեր երեխաներն ավելի անձնուրաց են պաշտպանելու հայրենիքը»: Նախարարը նշեց, որ բանակը ոչ միայն զինված ուժերինն է, այլեւ յուրաքանչյուր քաղաքացունը, ավագ եւ մատաղ սերնդինը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց` բանակը ոչ միայն զինծառայողներն են, այլեւ 43000 մանկավարժները, ուստի պատահական չէ, որ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարությունների միջև նման սերտ համագործակցություն է ծավալվում, մանավանդ վերջին տարիներին. «Շարադրություններն ընթերցելիս դժվար էր զսպել հուզմունքը: Զարմանում էի, թե ինչ մաքրությամբ ու պարզությամբ են արտահայտում մեր զինվորներն ու աշակերտները իրենց հույզերն ու վերաբերմունքը բանակի և հայրենիքի նկատմամբ: Դեպի հայրենիք և հայրենիքի պաշտպանը տածած այդ պարզ, զուլալ և ջինջ զգացմունքը միավորել էր աշակերտներին և զինվորներին, որոնք միմյանցից հարյուրավոր կիլոմետրեր հեռու են եղել»,-նկատեց Արմեն Աշոտյանը:

Օրը հիշարժան էր նաեւ զորամասի կապի վաշտի հեռախոսային դասակի վերանորոգման ջոկի մարտկոցավար, շարքային Վիտալի Սարգսյանի համար, որովհետեւ, ինչպես ինքը նշեց, գնահատվել էր իր շարադրությունը մեր բանակի մասին. «Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա սրտիս խոսքն ասելու մեր զինական ուժի մասին, արտահայտելու իմ անկեղծ զգացմունքն ու հույզերը: Խոստովանում եմ` իրականում չեմ պատկերացրել, թե ինչ է զինվորական ծառայությունը, իսկ երբ դարձա հաղթանակած բանակի զինվոր, հասկացա, որ մեծ պատասխանատվություն է ընկած իմ ուսերին, եւ ես պարզապես իրավունք չունեմ վախկոտ լինելու»:

Պաշտպանության նախարարի հրամանով շարադրությունների մրցույթի հաղթող ճանաչված ժամկետային զինծառայողները, աշակերտները խրախուսվեցին պատվոգրերով, իսկ ուսուցիչները` «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով: Նույն հուշամեդալով նախարար Օհանյանը պարգեւատրեց նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

Կրթության եւ գիտության նախարարի հրամանով նախարարության պատվոգրերով պարգեւատրվեցին հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչները, ժամկետային զինծառայողները, իսկ աշակերտները խրախուսվեցին շնորհակալագրերով:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (931) 19.04.2012 – 25.04.2012, Բանակ և հասարակություն


25/04/2012