Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



ՀՀ ՊՆ 95532 զորամասի և ԵՃՇՊՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության 2012 թվականի համատեղ միջոցառումների պլանի համաձայն` ս.թ. ապրիլի 10-ին և 11-ին դպրոցի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները զորամասի ուսումնական բազայում մարտական պատրաստության պարզեցված ծրագրով անցկացրին զենքի տեսակների, դրանք քանդելու, հավաքելու գործողությունների տիրապետման, առաջին բուժօգնության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության պարագաների ուսումնասիրման գործնական պարապմունքներ:

Մենք` աշակերտներս, նախապես գիտեինք դպրոցին կցված շեֆ զորամաս այցելելու մասին, սակայն չէինք պատկերացնում, թե ինչ գործնական պարապմունքների ծրագիր է նախատեսվում մեր դպրոցի աշակերտների համար: Ապրիլի 10-ին զորամասի տարածքում (ֆուտբոլի դաշտում)` առանձին ցուցակետերում, զորամասի հմուտ և բանիմաց սպաներն ու զինվորները թե՛ ցուցապաստառների վրա և թե՛ իսկական հրաձգային զենքի տեսակներով բացատրում, պարզաբանում էին հրաձգային զենքի մարտական բնութագրերը, դրանցից օգտվելու, քանդելու և հավաքելու, ճիշտ նշանառության կանոնները և վարժասարքերի վրա ավտոմատով կրակային վարժանքներ կատարելը:

Այդ օրվա ստացած տպավորությունները և ձեռք բերած գիտելիքները առավել էին սպասվածից: Գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Ռ. Պապյանի, դասակի հրամանատար կապիտան Վ. Հակոբյանի, դպրոցի ուսումնական մասի գծով փոխտնօրեն Կ. Շիտիկյանի, դպրոցի զինղեկ փոխգնդապետ Վ. Հակոբյանի կողմից ՆԶՊ-ի գործնական պարապմունքները արժանի մակարդակով կազմակերպելու և արդյունավետ անցկացնելու համար դպրոցի 10-րդ (Բ-1) դասարանի աշակերտների անունից շնորհակալական խոսքեր ենք հղում և ակնկալում ևս մեկ անգամ (հաջորդ տարի) այցելել զորամաս` է՛լ ավելի խորացնելու գործնական կապերը զորամասի և դպրոցի միջև:

ՐԱՖՖԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի
10-րդ (Բ-1) դասարանի աշակերտ

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Բանակ և հասարակություն


02/05/2012