Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄԻԴ՝ ԶԳԵՏՆՎԱԾ



ՀԱՂԹԱՆԱԿ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

2004 թվական, Անկարա։

Ազատ ոճի ըմբիշ Մարտին Բերբերյանը, հաղթելով թուրք ըմբիշին, մտավ եզրափակիչ։ Այնուհետև վճռական գոտեմարտում նա հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

55 կգ քաշային կարգում տանելով երեք հաղթանակ` նա մտավ կիսաեզրափակիչ, ուր, ապրիլի 24-ին պարտության մատնեց իր մրցակից թուրք ըմբիշին, ապա և վճռական գոտեմարտում Ռուսաստանի ներկայացուցչին հարկադրեց «սպիտակ դրոշ պարզել»։

Մարտին Բերբերյանը աշխարհի գավաթակիր (1958թ.) Նորայր Թագավորի Մուշեղյանի եղբոր` Պետրոսի թոռն է…

ԲՌՈՒՆՑՔՎԱԾ ՈԳԻ

1985թ., Բուդապեշտ։ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հանդիպում են հայ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը եւ թուրք Այկաչը։

Տրիբունաներում մեծաքանակ հայրենակիցների աջակցությունից ոգեւորված Այկաչը դիմում էր բուռն գրոհների։ Մոլեգնած թուրք հանդիսականը ժամանակ առ ժամանակ բացականչում էր. «Թալեաթ փաշա, Թալեաթ փաշա»։

Եղեռնի 70-ամյակը նշող ժողովրդի համար հայ ժողովրդի դահճի անունը նշելը պատահական չէր։ Բեռլինում 1921թ. հայ վրիժառուի կողմից գնդակահարված, 1943թ. Թուրքիային հանձնված Թալեաթի դիակը 1981թ. մարտի 15-ին ամենամեծ պատիվներով հողին էր հանձնվել Ստամբուլի ազգային հերոսների դամբարանում։ Դիմացի տրիբունայում մի խումբ հայեր սկսեցին վանկարկել «ASALA-ASALA»:

Ու հանկարծ թուրքերը լռեցին։ Մեկ ակնթարթ պահանջվեց հայ բռնցքամարտիկից, որ նրա ուժգին հարվածից Այկաչը հայտնվի ռինգի հատակին։ Տիրեց լռություն, ու լռության մեջ հայերենով հնչեց. «Կեցցե՛ Սամսոնը, կեցցե՛ Հայաստանը», ու հետո նույնը կրկնվեց թուրքերենով։

«ՄՐՑԱԿԻՑԴ ԹՈՒՐՔ Է»

Պատմում է թեքվանդոյի ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Լևոն Փաշաբեզյանը.

-2003թ. գարնանը, Աթենքում Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ, առաջին մրցամարտում ինձ բաժին ընկավ Գերմանիայի հավաքականի մարզիկը։ Մարզիչս` Վարդան Շամոյանը, մոտեցավ ինձ և ասաց. «Լևոն, մրցակիցդ թո՛ւրք է, գերմանացի չէ, իմացի՛ր»։ Մարտը լարված անցավ, ես կարողացա հաղթել 6։4 հաշվով։ Եթե թուրքին չհաղթեի՝ հավանաբար այդ քաշային կարգում նա՛ դառնար չեմպիոն։ Երկրորդ մրցամարտում հաղթեցի Սլովակիայի ներկայացուցչին, իսկ երրորդ հակառակորդս նորից թուրք էր, այս անգամ՝ Ադրբեջանից։ Չորրորդ և հինգերորդ մրցակիցներս համապատասխանաբար Բելառուսի և Ուկրաինայի ներկայացուցիչներ էին։ Հաղթանակների արդյունքում՝ Հայաստանի թեքվանդոյի պատմության մեջ առաջին անգամ հայրենիքիս համար նվաճեցի ոսկե մեդալ։

Երբ վերադարձա տուն, հայրս ասաց. «Մինչև հիմա մարզիկ էիր, այնուհետև մարտիկ դարձար, հիշի՛ր»։

Լևոնը «Ուխտ Արարատի» ամսագրի խմբագիր Տիգրան Փաշաբեզյանի զավակն է…

13:0

1983թ., Կիև:

Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում Բենուր Փաշայանի մրցակիցը թուրք հանրահայտ ըմբիշ Էրոլ Քեմալն էր։ Վերջինս Թուրքիայի միակ հույսն էր ոսկե մեդալների համար մղվող պայքարում։

Արդեն մրցամարտի ավարտին ոչինչ չէր մնացել Էրոլի ինքնավստահությունից ու խիզախությունից (էրոլ թուրքերեն նշանակում է խիզախ)։ Թուրք ըմբիշը պարտվել էր 13։0 հաշվով։

-Էրոլ, դու մեր միակ հույսն էիր, ինչպե՞ս եղավ, որ պարտվեցիր գյավուրին,- հարցրեց նրան թուրք լրագրողը։

-Իմ մրցակիցն այնքան ուժեղ էր, որ ես միայն մի բան էի մտածում՝ ինչպե՞ս առանց ջարդվածքների դուրս պրծնեմ նրա բազուկներից,- տխուր պատասխանեց Թուրքիայի առաջին նախագահի ազգանունը կրող ըմբիշը։

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Մարզաշխարհ, Պատմության էջերից


02/05/2012