«ԱՐԱՅԻԿ» ՋՈԿԱՏԸ
1992 թ. մայիսի 14-ին Արցախի Մարտունիի շրջանի Ճարտար գյուղի երիտասարդության հավաքն էր. օրըստօրե ահագնացող վտանգի առջև հարկավոր էր համախմբել անառիկ լեռների կրծքին բազմած շենի առողջ ուժերը, կազմակերպել և ստեղծել ինքնապաշտպանական ջոկատ, լուծել պաշտպանական գծի, զենք-զինամթերքի, համազգեստի և փոխադրամիջոցների հարցերը:
Ինչ խոսք, ջոկատի ստեղծումը չի կարելի կապել սոսկ գյուղի ինքնապաշտպանության հետ: Գերակա նպատակը մեկն էր. բարձրացնել մարդկանց ոգին, հույս և հավատ ներշնչել, հիշեցնել, որ իրենց հպարտ պապերը երբեք չեն ընկրկել ո՛չ թշնամու բիրտ ուժի, ո՛չ քանակային, ո՛չ զինատեսակների գերազանցության առջև: Հիշեցնել, որ հետջրհեղեղյան առաջին պատերազմում, երբ տիտանյանները ելել էին հսկաների դեմ, հաղթանակ են տարել իրենց նախնիները՝ ցեղի անվանադիր Հայկ Աղեղնավորի առաջնորդությամբ:
Ջոկատը կոչված էր ճակատում և թշնամու թիկունքում ցանկացած մարտական գործողության մասնակցելու, ընդ որում՝ ոչ միայն Ճարտարի ուղղությամբ, այլև ցանկացած վայրում և պահի, երբ ի հայտ գար դրա անհրաժեշտությունը: Փաստորեն, ստեղծվում էր մի հատուկ նշանակության ջոկատ, որի մարտիկներից ոմանք, ճիշտ է, անցել էին Աֆղանական պատերազմի բովով, սակայն հիմնական մասը չուներ և չէր էլ կարող ունենալ անհրաժեշտ պատրաստվածություն. նրանք հողի ազնիվ մշակներ էին, որ նոր էին ելել աշակերտական սեղանից կամ բուհում ուսումը թողած՝ անվտանգ ու խաղաղ մայրաքաղաքից վերադարձել էին հայրենի եզերքը պաշտպանելու:
Սևակ Ղուկասյանը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետից էր, Վահրամ Ղահրամանյանն ու Հովիկ Ջիվանյանը` իրավաբանության, Մեսրոպ Մեքիյանը` Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ծանրամարտի բաժնից… Ջիվանու խոսքով՝ «Երկիրը ուսեալ զաւակին է փայփայում մօր պէս…».-այժմ Երկիրն իր զավակների կարիքն ուներ:
Ջոկատի ստեղծման նախաձեռնողը Վահրամն էր: Երրորդ կուրսի ուսանող էր: Ծառայել էր Աֆղանստանում` հատուկ նշանակության զորքերում, հմտացել արևելյան մարտարվեստներում: Ազատագրական շարժման սկզբից ևեթ մասնակցել էր մարտական գործողություններին, մշտապես պատվով ելել անգամ ամենածանր իրավիճակներից: Հիմա ժամանակն էր, որ իր փորձը փոխանցի: Հենց նա էլ ստանձնեց ջոկատի հրամանատարությունը և շուրջ մեկ տարի ղեկավարեց մարտերը: Վահրամի ծանր վիրավորվելուց հետո արդեն գումարտակի վերածված ջոկատը Հովիկ Ջիվանյանն էր ղեկավարում, մի մարտիկ, որ միայնակ գրոհել և գրավել էր թշնամու ամրացված բարձունքը: Հետո նրան փոխարինելու էր Սևակ Ղուկասյանը: Տարիներ անց էլ Սևակի կուրսեցիները միշտ պնդում էին, որ նրա պես խելացի և համեստ մեկը չկար ֆակուլտետում: Հետագայում էլ, Ֆրունզեի անվան ակադեմիայում ուսանելիս, Սևակը մշտապես աչքի էր ընկնելու իր համակողմանի գիտելիքներով:
Ջոկատը տարբեր ուղղություններում մասնակցել է երեք տասնյակից ավելի մարտական գործողությունների եւ երբեք պարտություն չի կրել՝ փայլուն կատարելով իր առջև դրված մարտական առաջադրանքները, անկախ այն բանից, թե թշնամու ինչ ստորաբաժանում և ինչ միավորում է իր առջև: Այդպես երկու անգամ մարտի բռնվեցին իրենց քանակապես գերազանցող «Գորշ գայլերի» հետ, որ հատուկ հեղինակություն էին վայելում թշնամու ռազմուժի կազմում, տարբերվում էին իրենց պատրաստվածությամբ, զինվածությամբ: Սակայն վերջիններիս սին-հերոսական համբավը չփրկեց նրանց: Երկու ընդհարումների ժամանակ էլ «գայլերը» գլխովին ջախջախվեցին՝ առաջին անգամ Ուրյան լեռան մարտում տալով վեց զոհ և նույնքան վիրավոր, ինչից հետո անմիջապես գործեց կաշին փրկելու գայլային բնազդը, և մեծաքանակ ռազմամթերք, զոհեր ու վիրավորներ թողնելով` իսպառ անհետացան: Գևորգավանի տեղամասում «գայլերը» թերևս արդեն սերտել էին հայտնի դասը՝ ամենակատաղած գայլի համար էլ կգտնվի արժանի գելխեղդ:
♦♦♦
Հայրենիքը գնահատեց իր զինվորների սխրանքը. Անդրանիկ Ղահրամանյանը (հետմահու) և Հովիկ Ջիվանյանը «Մարտական Խաչ» առաջին աստիճանի, Հովիկ Առստամյանը (հետմահու), Սևակ Ղուկասյանը և Կարեն Շաքարյանը «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի ասպետներ դարձան:
Խաղաղ ժամանակներում «Արայիկ» ջոկատի հինգ մարտիկներ շարունակեցին իրենց ծառայությունն արդեն կանոնավոր բանակում: Սևակ Ղուկասյանը և Կարեն Շաքարյանը հասան գնդապետի աստիճանի, Վրեժ Գրիգորյանը, Մուշեղ Աղաջանյանն ու Արամ Խաչատրյանը` մայորի:
Իր անցած ողջ ուղու ընթացքում ջոկատն ութ զոհ տվեց, ևս չորսը կնքեցին իրենց մահկանացուն զինադադարից հետո: Եվ յուրաքանչյուր կորստից հետո հույսով աղերսում էինք Աստծուն՝ թող որ վերջինը լինի… Սակայն առաջին զոհերից մեկին՝ Մեսրոպ Մեքիյանին նվիրված բանաստեղծությունը ձոն դարձավ տասներկու հերոսացածների հիշատակին:
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ
մայոր
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Կոպերդ դանդաղ իրար են գգվում,
Քեզ այցելում են քաղցրիկ երազներ,
Պարզ ու ջինջ` ինչպես հեռու անցյալում,
Ճարտարցի արծիվ, իմ հերոս ընկեր:
Մազեր` խռնված ամպերի նման,
Տանջված տերևի պես խոնարհվող աչքեր,
Ձեռքեր` կարոտով գրկած ապագան,
Ճարտարցի արծիվ, հեռացող ընկեր:
Երկար է կյանքը, կամ գուցե շատ կարճ,
Քո կյանքը անծիր հավերժություն էր,
Եվ հաղթանակը կանչում էր հառաջ,
Ճարտարցի արծիվ, իմ հաղթող ընկեր:
Ծարավ ծաղկաթերթին մի կաթիլ ցող,
Աստվածային ծիածանը ցողի մեջ…
Խաղաղությո՜ւն ժողովրդին հաղթող,
Եվ հիշատակ հերոսներին հավերժ:
ԳԵՎՈՐԳ ՀՆՁԱՑՅԱՆ
Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Ճակատագրեր