Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՐ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ



Յուրաքանչյուր զորամասում կան սպաներ ու զինվորներ, որոնք իրենց բարեխիղճ ու նվիրված ծառայությամբ օրինակ են ծառայում մյուսների համար: Իհարկե, բոլորն էլ կատարում են իրենց պարտականությունները, սակայն ոմանք կարողանում են ուրույն կերպով դրսևորել իրենց մասնագիտական և մարդկային որակները, հնարավորինս արագ ինքնահաստատվել զբաղեցրած պաշտոնում և, որպես արդյունք, արժանանալ հրամանատարության գովասանքին: Զորամաս մեր հերթական այցելության ընթացքում ծանոթացանք այդպիսի մի քանի զինծառայողների հետ, որոնց ներկայացրեց զորամասի հրամանատարը` բնութագրելով որպես կազմակերպված, նախաձեռնող, իրենց գործի գիտակ մասնագետների: Ուստի սիրով ներկայացնում ենք նրանց մեր ընթերցողին: Երկու սպա, երկու ժամկետային զինծառայող:

Մարտկոցի հրամանատար կապիտան Կարեն Հայրապետյան: Գերազանց գնահատականներով ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Սովորելու տարիներին բարձր առաջադիմության համար ստացել է անվանական կրթաթոշակ: Պաշտպանության նախարարի՝ զորամաս կատարած անակնկալ ստուգայցի ժամանակ վերակարգում ծառայական պարտականությունները գերազանց կատարելու համար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է որպես լավագույն պահակապետ: Բազմիցս արժանացել է նաև բարձրաստիճան հրամկազմի խրախուսանքին: Երիտասարդ սպայի «ակտիվության պատճառը» մեզ համար որոշակիորեն ավելի հստակ դարձավ, երբ իմացանք, որ նրա հայրը` Ալբերտը, պաշտոնաթող զինվորական է, եւ որ անցյալ տարի է զորացրվել` մինչ այդ իր կենսակերպով, իր ողջ էությամբ կարողանալով որդու մեջ սերմանել հայկական բանակի սպային վայել հատկանիշներ: Եվ հիմա էլ երբեմն որդին հորից խորհուրդներ է հարցնում, հայրն էլ սիրով նրան է փոխանցում իր հարուստ փորձը: Թեպետ պետք է նշել, որ զինվորականին հատուկ ջիղը նրանց արյան մեջ է. Կարենի և՛ հորական, և՛ մորական պապերը խորհրդային բանակի սպաներ են եղել, ապա հայրն է ընտրել զինվորականի ուղին, հորեղբոր տղան զորամասերից մեկում մարտկոցի հրամանատար է, ինքն էլ, ահա, առանց բանակի իր կյանքը չի պատկերացնում:

Զինվորների հետ նրա աշխատանքը յուրահատուկ է. խստապահանջ է, չի հանդուրժում որեւէ թերացում, որը արագ չի շտկվում, սակայն զինվորները նրան սիրում են, գնահատում, գուցեև այդ խստապահանջության համար, որ միմիայն իրենց` զինվորների օգտին է: Բացի այդ, Կարենը փորձում է առավել հետաքրքիր ու բազմազբաղ դարձնել զինվորի առօրյան: Նա բոլորին «վարակել է» իր սիրած զբաղմունքով: Հանգստի սենյակում, իր կաբինետում ակվարիում է տեղադրել տարատեսակ ձկներով, և այժմ հատկապես երեկոյան հանգստի ժամերին մարդաշատ է` մեկը կեր է տալիս, մյուսը ջուրն է մաքրում, մյուսը պարզապես դիտում է` մոռանալով անցնող օրվա դժվարությունների ու հոգնածության մասին:

Մարտկոցի հրամանատար կապիտան Արեն Փարսադանյանը նույնպես Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտ է: Զինվորականի մասնագիտությունն ընտրելիս անկասկած իրենց դերն են խաղացել ժառանգականությունն ու հոգու խորքում կուտակած վրեժի զգացումը. հայրը` Ռուբենը, Արցախյան ազատամարտի տարիներին կամավորական ջոկատների կազմում մասնակցել է մարտական գործողությունների տարբեր ուղղություններում, Քարվաճառի հատվածում ծանր վիրավորվել է` դառնալով զինհաշմանդամ: Նույն ժամանակահատվածում անհետ կորել է Արենի հորեղբայրը: Ու երևի թե չէր կարող նա ընտրել այլ մասնագիտություն… Երախտագիտությամբ է հիշում իր առաջին հրամանատարներին, որոնց աջակցությամբ և անմիջական հսկողության ներքո նա կարողացավ տիրապետել զորամասային կյանքի բոլոր նրբություններին, վստահ քայլեր կատարել իր մասնագիտական կարողությունները կատարելագործելու ուղղությամբ, ամբողջովին կայանալ որպես սպա: Այժմ նույն կերպ վարվում է ինքը՝ իրենից ավելի երիտասարդ սպաների խորհուրդներ է տալիս, թևութիկունք լինում, փոխանցում զորամասում անցկացրած իր առաջին ամիսների փորձը: Ճիշտ ծառայելու մեթոդները ցույց է տալիս նաև կոնկրետ օրինակներով: Նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած գործնական վարժանքների ժամանակ նրա ղեկավարած մարտկոցը գերազանց է գնահատվել` մի գլուխ բարձր լինելով նմանատաիպ մյուս ստորաբաժանումներից: Առաջիկայում նրա մարտկոցը մասնակցելու է ճամբարային հավաքի, պարապմունքներ է անցկացնելու պայմանական կրակային դիրքում: Հավաքին անձնակազմը պատրաստվում է ամենայն լրջությամբ: Արենը արդեն մի քանի տարի է, ինչ ծառայում է սահմանային զորամասում, լավ գիտի մարտական պատրաստության նշանակությունը և անձնակազմից պահանջում է առավել լավ տիրապետել ամրագրված զինատեսակին: Բոլորը ևս մեկ անգամ վերհիշում են ներզորամասային պարապմունքները, անվտանգության համապատասխան կանոնները` վարժանքները բարձր մակարդակով անցկացնելու համար: Եվ որևէ մեկը չի դժգոհում ավելորդ ծանրաբեռնվածությունից, հրամանատարի պահանջկոտությունից: Բոլոր զինվորներն էլ գիտեն, դա հօգուտ իրենց է:

-Եղել են պահեր, երբ զինվորը նեղսրտել է, թե՝ ինչի համար է պետք այս կամ այն աշխատանքը: Հետո ինքն է մոտեցել, ասել, որ հասկացել է իր սխալը, պարզապես զինվորին հարկավոր է ուղղորդել, բացատրել իր գործառույթների նշանակությունը, և նա իրապես կսկսի ավելի լավ ու գիտակցաբար ծառայել,-ասաց կապիտանը:-Բոլորն էլ հոգնում են խրամատ փորելուց, բայց երբ մենք նորակոչիկին բացատրում ենք, որ ինչքան խորը լինի այդ խրամատը, այնքան ապահով կլինի իր կյանքը, առօրյա պարապմունքների ժամանակ էլ այդ խրամատները փորվում են բոլոր նորմերին համապատասխան:

Այս երկու սպաներն էլ շատ ընդհանրություններ ունեն: Երիտասարդ են, հավակնոտ, չեն ուզում բավարարվել ձեռք բերածով և անընդհատ ձգտում են զարգացնել իրենց մասնագիտական ունակությունները և նոր բարձունքների հասնել` կարևորելով այդ դժվարին ճանապարհին շարքային զինվորի դերակատարումը:

♦♦♦

Կրտսեր սերժանտ Մեսրոպ Մեսրոպյանը և կրտսեր սերժանտ Մկրտիչ Դոխրամաջյանը ստորաբաժանումների սերժանտական խորհուրդների նախագահներն են: Իհարկե, նման պատասխանատու գործ նրանց վստահելուց առաջ հրամանատարությունը հաշվի է առել երկուսի պատրաստվածության աստիճանը, նախաձեռնողականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու և դրանք ներկայացնելու կարողությունը: Ինչպես իրենք են նշում, ժամկետային զինծառայողներին վերաբերող բազմաթիվ հարցեր են բարձրացրել հրամանատարության առջև, որոնք արագ և արդարացի լուծում են ստացել: Երկուսն էլ կարևորում են սերժանտական խորհրդի դերակատարումը, քանի որ համոզվել են` եթե սերժանտներն իրենց տեղում են, ապա ստորաբաժանման ներքին մթնոլորտը ավելի կայուն է, միջանձնային հարաբերություններում տարաձայնություններ չեն լինում, սպաների պահանջները կատարվում են ավելի ճշգրիտ և արագ, իսկ զինվորները չեն դժգոհում ուշադրության պակասից: Բացի այդ, իրենք են ձգտում արդարացնել իրենց նկատմամբ ցուցաբերված վստահությունը: Իրենց ծառայությունը գնահատել են, ուրեմն այսուհետ պետք է գործել առավել պատասխանատու և կրկնապատկված եռանդով:

Ինչ խոսք, տղաների հետ զրուցելիս աչքի է զարնում տարիքի համեմատ անսովոր, ինչ-որ տեղ նույնիսկ վաղաժամ լրջությունը: Նրանք զարմացնում են նաև կյանքի տարբեր հարցերի շուրջ արդեն ձևավորված սկզբունքայնությամբ: Դեռ ծառայությունը չի ավարտվել, սակայն զուգահեռ մտածում են հետագա տարիների մասին` ուսում, աշխատանք, ընտանիք: Եվ այս ամենի հաջող կայացման հիմքում նրանք անգնահատելի են համարում բանակից ստացած փորձը: Չէ՞ որ ավելի լրջմիտ են դարձել, ձեռք են բերել իսկական տղամարդուն վայել հատկանիշներ` ինքնուրույնություն, հասունություն, իրավիճակը ճիշտ գնահատելու և արագ կողմնորոշվելու կարողություն, ֆիզիկական ամուր կազմվածք, Մեսրոպը արժանացել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանի և այլն:

Պարապմունքների ժամն է: Մեսրոպը և Մկրտիչը իրենց ստորաբաժանումների հետ շտապում են գործնական պարապմունքների համար նախատեսված գոտի: Մարտկոցների կազմում կոնկրետ խնդիրներ կատարելուց հետո նրանք ստանում են անհատական առաջադրանքներ, իրենց զինատեսակները բերում են երթայինից մարտական իրավիճակի և հակառակը` վարժ գործողություններով ոգևորելով նաև անձնակազմի մյուս անդամներին: Այնուհետև իրենց հաշվարկներով հրաման են ստանում հակառակորդի պայմանական թիրախը խոցելու համար կատարել անհրաժեշտ գործողությունները: Քիչ անց ստորաբաժանումների հրամանատարներից` կապիտաններ Հայրապետյանից և Փարսադանյանից հետաքրքրվում ենք, թե ինչ արդյունք են ցույց տվել տղաները: Պարզվում է՝ երկուսն էլ գերազանց են կատարել իրենց խնդիրը. նախապես կատարել են բոլոր հաշվարկները, ճիշտ հրամաններ արձակել` սահմանված նորմատիվների համաձայն ապահովելով մարտական առաջադրանքի կատարումը: Իրականին մոտ մարտական իրավիճակում հակառակորդը արագ կոչնչացվեր: Հրամանատարները հավաստեցին, որ պատրաստվածության նման աստիճանը նրանց համար արդեն սովորական է դարձել, առավել ևս՝ նրանք տեղում չեն դոփում և անընդհատ կատարելագործում են իրենց մարտական պատրաստականությունը:

Ամենակարևորը՝ տղաները շատ հանգիստ են վերաբերվում իրենց հաջողություններին: Չէ՞ որ իրենց պարտքն են կատարում: Յուրաքանչյուր ոք, ով սիրում է հայրենիքը, պետք է ծառայի ազգային բանակում` ձգտելով իր նվիրումով բարձր պահել թե՛ հարազատ զորամասի եւ թե՛ իր պատիվը:

Առօրյա ծառայության մեջ մեր նյութի հերոսները ընկերներ են, ցանկացած իրավիճակում՝ իրար թևութիկունք:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Ազգային բանակ


02/05/2012