ՎԱՐՔ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ
ԶԱՐԹՈՆՔ
Չեմ կարող ասել, թե ե՞րբ, որտե՞ղ, քանի՞ տարեկանում եմ առաջին անգամ լսել «Բյուրավոր ու անշիրիմ նահատակաց հիշատակին» արտահայտությունը… Թերևս իմ ծնվելու օրվանից, գուցե նույնիսկ ավելի շուտ, ասենք հարյուր տարի առաջ… Բայց հստակորեն կարող եմ ասել, որ հաջորդ արտահայտությունը, որ դաջվել է իմ մանկական հոգում Հայոց Մեծ Արդարության հաղթանակի նկատմամբ անսասան հավատն է եղել… Եվ եղերագործությանն ի պատասխան մենք վերստեղծեցինք այն հրաշքը, որ պետականություն է կոչվում և իրականացրինք այն երազանքը, որ դարերով էինք փայփայում` անկախ, ազատ մեր Հայրենիքը:
Ժամանակն անողաքաբար առաջ է շարժվում` մեզ ընդհուպ մոտեցնելով Հայոց Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին, և թերևս մատների վրա հաշվենք մարդկության նկատմամբ գործած ամենասարսափելի ոճրագործության ականատես վկաներին, բայց մենք չենք հրաժարվում Մեծ Արդարության մեր հավատից` քրտնաջան աշխատանքով ու պայքարով, մեր մտքով ու քանքարով, մեր զավակների բազկի ուժով կռելով մեր հատուցման սուրը` մեր հզոր Հայրենիքը: Եվ մեր ստեղծագործ մտքին և արարող ձեռքին, մեր ժողովրդի ու պետության անվտանգությանը պահապան ենք կարգել մեր Բանակը և Հայ Զինվորին: Եվ է՛լ ավելի բարձր ենք պարզել մեր ժողովրդի ազնվության փողփողացող դրոշները, որոնց վրա մեր հայրերն իրենք ոգու լույսով գրել էին «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ» և տպագիր դրոշմել` «Ուրբաթագիրք»…
Արցախյան պատերազմը եկավ ապացուցելու, որ այն միայն զենքի, սրի ու նիզակի պատերազմ չէր, այլև առաջին հերթին բախում էր հարևան, բայց մշակութային ու քաղաքակրթվածության տարբեր մակարդակներում գտնվող երկու ժողովուրդների, և այդ պատերազմում, բնականաբար մենք չէինք կարող պարտվել կամ չէինք կարող այդ պատերազմից հաղթանակով դուրս չգալ: Մենք հաղթեցինք, քանզի ամեն հայ զինվոր իր մեջ կրում էր իր ժողովրդի դարավոր մշակութային և բարոյական արժեքները, որոնք չէին կարող ինչպես խաղաղության օրերին, այնպես էլ հատկապես փորձության ժամին ու օրհասի պահին նյութական և բարոյական առավելության` Հաղթանակի չվերածվել:
Մեր Բանակի հզորության, նրա այսօրվա անուրանալի հաջողությունների հիմքում միայն «մկանը»` նորագույն տեխնիկան ու ժամանակակից զինամթերքը չէ, ինչպես թյուրիմացորեն կարծում են մեր թշնամիները, այլև մեր ժողովրդի հազարամյա պատմական փորձառությունը և մեր հազարամյա մշակութային ժառանգությունը… Այսինքն` մեր հավատարմությունը մեր հայրերի պատգամին` «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ. իմանալ զբանս հանճարոյ»:
Ամեն ինչ, այնուամենայնիվ, հանգում է գրքին, այսինքն` մտքին:
Քանի դեռ կղողանջեն հայկական եկեղեցիների և դպրոցների զանգերը, քանի դեռ մենք գիրք կտպագրենք և մեր մանուկների ձեռքին կդնենք մեսրոպյան տառերով մեր այբուբենը, քանի դեռ մեր զինվորը արթուն կանգնած կլինի մեր հայրենիքի սահմաններին, ուրեմն մենք կանք ու կլինենք որպես հզոր ժողովուրդ ու հզոր պետություն… Որովհետև մենք դեռ «էն գլխից» ենք հասկացել, որ գիրք նշանակում է միտք, գիտելիք, առաջընթաց, զարգացում, իսկ սուր նշանակում է կա՛մք, վճռականությո՛ ւն և ուժ, ասել է թե` անվտանգ Ներկա և Ապագա:
Եվ մենք աշխարհին ու մարդկությանը ի ցույց դրեցինք, և աշխարհը տեսավ, ճանաչեց ու հասկացավ, որ պատմությունն այն երկու հայուհիների մասին, որոնք արյան ու կոտորածի տարում իրենց նուրբ ու փխրուն ուսերին կրելով փրկել են Մշո սուրբ Ավետարանը, այսինքն` մեր միտքը, մեր խիղճը, գեղեցիկ առասպել, հորինվածք չէ, այլ մի ժողովրդի ոգեղենության վկայությունն ու հարատևության առհավատչյան:
Այնպես որ, քանի դեռ մենք Գիրք կտպագրենք և Զենք կկռենք, ուրեմն` Կա՛նք:
Գ. ԱՍԱՏՐՅԱՆ
Խորագիր՝ #16 (932) 26.04.2012 – 2.05.2012, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում