ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ
Պատմում է Պողոս Խամոյանը
Նախնիներս Սասնի Բերմ գյուղից են։ Գաղթից հետո բնակություն ենք հաստատել Թալինի Դավթաշեն գյուղում։ Երբ սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, ես մեկնեցի Արցախ ու զինվորագրվեցի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի կամավորականների ջոկատին։ Հրամանատարը Արմեն Մելքումյանն էր։ Բացի ինձանից բոլորը նույն գյուղի տղաներն էին։ Պատերազմի օրերին գյուղը 28 զոհ տվեց։ 1992 թվականի սեպտեմբեր ամիսն էր՝ Մաճկալաշենի ձորակում ահեղ մարտի ժամանակ զոհվեցին մեր սիրելի հրամանատարը՝ Արմենը, Արամը, Գարիկը, Նելսոնը…
Հուղարկավորությունը կատարեցինք գիշերով։ (Այն օրերին այդպես էր)։ Գիշերային լռություն, տղաների հետեւից անաղմուկ շարժվող թաղման թափոր։ Մեկընդմեջ լսվում էին միայն մի կարճ հեծկլտոց, ճիչ, եւ նորից լռություն ու ցածր ոտնաձայներ… Լռությամբ հողին հանձնեցինք տղաներին, ու երբ բարձրացան թարմ շիրմաթմբերը, բռնեցինք հետդարձի ճամփան՝ մայրերը, կանայք, ծերունիները՝ դեպի գյուղ, իսկ ազատամարտիկները՝ դիրքեր…
Մինչ օրս գիշերային այդ լռությունը աղաղակում է իմ հոգում։ Աստված իմ, որքա՜ն ասելիք ունեինք մենք, զոհվածների մայրերը, կանայք, երեխաները… Հավատում եմ, որ կգա օրը, եւ այն հեռավոր գիշերների լռությունը կխոսի ու կլսեն բոլորը…