Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՏՕ-Ն ԱՅՍ ԱՄԻՍ ԿԴԻՄԻ՞ ԵՎՐՈՀՀՊ-Ի



Ռուսաստանյան զինվորականները չեն բացառում, որ մայիսի 20-21-ին Չիկագոյում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում կընդունվի հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի հետագա զարգացման մասին որոշում:

Այդ մասին հայտարերել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը: Իսկ մայիսի 3-4-ին Մոսկվայում տեղի կունենա հակահրթիռային պաշտպանության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանս, որին կմասնակցի ավելի քան հինգ տասնյակ պետությունների 200-ից ավելի պատվիրակ: Միայն ԱՄՆ-ը Մոսկվա է գործուղել 10 փորձագետ:

Ըստ Անատոլի Անտոնովի, նախատեսվում է Չիկագոյում հայտարարել, որ ԵվրոՀՀՊ-ն արդեն հասել է «սկզբնական օպերատիվ պատրաստության» մակարդակի, և չի բացառվում, որ ընդունվեն դաշինքի անդամ պետությունների հակահրթիռային պաշտպանության ուժերի հետագա ինտեգրմանն ուղղված նոր որոշումներ:

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Մոսկովյան կոնֆերանսի արդյունքները Դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին կստիպեն ևս մեկ անգամ լրջորեն մտածել իրենց նախաձեռնած քայլերի հետևանքների մասին: Կոնֆերանսի ընթացքում համակարգչային մոդելավորման միջոցով կներկայացվի ԵվրոՀՀՊ-ի, այդ թվում նաև Թուրքիայում, Ռումինիայում ու Լեհաստանում տեղակայվող նրա նոր բաղադրիչների ազդեցությունը ռուսաստանյան միջուկային զսպման ուժերի վրա: Հիմնական զեկուցմամբ հանդես կգա ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը: Նրա ելույթը կհեռարձակվի ուղիղ եթերով:

Անտոնովը հիշեցրել է, որ ԵվրոՀՀՊ-ի բաղադրիչների ծավալման երրորդ փուլն արդեն վտանգում է ռուսաստանյան ռազմավարական միջուկային ուժերի կիրառման արդյունավետությունը, և 2017 թվականին ՌԴ համարժեք արձագանքի առնչությամբ լուրջ հարցեր կառաջանան:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


03/05/2012