ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼՈՒ ՎՆԱՍ ԱՆՈՐԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Համաձայն ՌԴ գլխավոր զինվորական դատախազության տվյալների, շարունակվում է անորակ տեխնիկայի մատակարարումը երկրի զինված ուժեր, ինչի հետևանքով միայն 2011 թվականի ընթացքում ռուսական բանակին պատճառվել է ավելի քան մեկ միլիարդ ՌԴ ռուբլու վնաս: Այդ գումարի մեծ մասը գոյացել է միայն “Петр Великий” ծանր ատոմային հրթիռակիր կրեյսերի նորոգման աշխատանքների, ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի արդիականացման և “Воентелеком” ԲԲԸ կողմից հեռուստահաղորդակցության սարքավորումների մատակարարման ընթացքում կատարված մեքենայությունների հետևանքով:
Միաժամանակ չափազանց վատ է վերահսկողությունը կոմերցիոն կառույցների միջոցով իրականացվող գնումների նկատմամբ: Անձնակազմի պարենային ապահովման նպատակով իրականացվող գնումները երբեմն կատարվել են իրական արժեքից մի քանի անգամ թանկ գնով, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 550 միլիոն ՌԴ ռուբլու վնաս: Նաև լայն տարածում ունի չիրականացված աշխատանքների դիմաց կեղծ հաշվետվություններ ներկայացնելը:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին միայն պաշտպանական պետական պատվերի կատարման շրջանակներում զինդատախազությունը հայտնաբերել է օրենքի պահանջների 3.600 խախտում և հարուցել 84 քրեական գործ:
Խորագիր՝ Նորություններ