«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՇՐՋԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ ԷՐ
Նման եզրակացության են եկել Ռուսաստանում գործող Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնում, պնդելով, որ Խորհրդային Միության փլուզումը և երկբևեռ աշխարհակարգի կայունարար դերակատարության վերացումը հանգեցրին բազմաթիվ զինված հակամարտությունների «ապասառեցման», ինչի հետևանքով «սառը պատերազմի» դարաշրջանի համեմատ աշխարհում էապես նվազել է գլոբալ անվտանգության ընդհանուր մակարդակը, ինչի հետագա շարունակմանը մեծապես նպաստում է Միացյալ Նահանգների լիակատար անպատժելիությունը այլ պետությունների նկատմամբ զինված ուժ կիրառելիս:
Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը հրատարակության է պատրաստել «Օտար պատերազմներ» ժողովածուն, որում ներկայացված են 1991 թ.` Խորհրդային Միության փլուզումից ու երկբևեռ աշխարհի փլուզումից հետո առավել խոշոր զինված բախումների ընթացքն ու վերլուծությունը:
Կենտրոնի փորձագետների եզրակացմամբ, «Աշխարհում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանն ապագայում ևս ստիպված կլինի զինված պայքար մղել, ուստի ապագային պատրաստ լինելու համար առավել քան կարևոր է ուսումնասիրել ու վերաիմաստավորել ժամանակակից պատերազմների փորձը, որպեսզի հնարավոր լինի պատրաստվել ոչ թե անցյալ, այլ գալիք պատերազմներին: Առավել ևս, որ Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական դիրքի պատճառով դրանք կլինեն ինչպես փոքր ու տարածաշրջանային բախումներ, այնպես էլ միջպետական պատերազմներ»:
2001 թվականի սեպտեմբերի 1-ի ողբերգությունը «լրիվ ազատ արձակեց ԱՄՆ ձեռքերը, և Վաշինգտոնն այսօր ողջ աշխարհում պատերազմ է սկսել «համաշխարհային ահաբեկչության դեմ», իսկ նրա իրականացրած ներխուժումներին աստիճանաբար մասնակից է դառնում նաև Հյուսիսատլանտյան դաշինքը:
Կենտրոնի տնօրենի հավաստմամբ, չի կարելի բացառել ապագայում Ռուսաստանի` Միացյալ Նահանգների կամ ՆԱՏՕ-ի հետ զինված բախման հնարավորությունը, ինչի վկայություններից էր նաև հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի խնդիրներին նվիրված Մոսկովյան կոնֆերանսը, որի ժամանակ կողմերին այդպես էլ չհաջողվեց գալ ընդհանուր հայտարարի:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական