ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ
Հունվարի 31-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպեցին ԵՊՀ զոհված ազատամարտիկների մայրերին նվիրված մեծարման ցերեկույթ:
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դահլիճում հավաքվել էին համալսարանական ազատամարտիկների հարազատները, մարտական ընկերները, ուսանողներ: «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանը նշեց, որ միջոցառումը նպատակ ունի մեծարելու ԵՊՀ զոհված ազատամարտիկներին և նրանց մայրերին, ամրապնդելու բանակ-հասարակություն, բանակ-երիտասարդություն կապերը, բարձրացնելու երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան հասարակական եւ մշակույթի գործիչներ, զոհված ազատամարտիկների ծնողներ: Կազմակերպվեց համերգ՝ ռազմահայրենասիրական ստեղծագործությունների կատարմամբ: Ելույթ ունեցան Արսեն Գրիգորյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը: Համերգի ավարտին ազատամարտիկների մայրերին հանձնվեցին հուշանվերներ: