ՓՈԽՎԵՑԻՆ ՌԴ ԶՈՒ ԶՈՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ
Երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրերով ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում ծովակալ Վլադիմիր Վիսոցկուն փոխարինել է Բալթյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Չիրկովը, իսկ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինին` նրա առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարևը: Ալեքսանդր Զելինը նշանակվել է պաշտպանության նախարարի օգնական և ղեկավարելու է մինչև 2030 թվականը ռուսական ավիացիայի զարգացման դաշնային նպատակային ծրագիրը: Օրեր առաջ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովի փոխարեն նշանակվել էր գեներալ գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
Վերջին շրջանում զորատեսակների գլխավոր հրամանատարությունում իրականացված հաստիքային մեծ կրճատումներն ու վերջին փոփոխությունները շատերին բերել են այն եզրահանգման, որ առաջիկայում զորատեսակների գլխավոր հրամանատարություններն ընդհանրապես կլուծարվեն` վերակազմավորվելով զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում գործող վարչությունների:
Խորագիր՝ Նորություններ