Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԸ



Վլադիմիր Պուտինը, ստանձնելով Ռուսաստանի Դաշնության նախագահի ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները, երկրի պաշտպանության նախարարի ներկայությամբ, ինչն արդեն դարձել է ավանդույթ, ստացել է «միջուկային ճամպրուկը», որում գտնվում են երկրի միջուկային ուժերի կիրառման ծածկագրերը: Դրանց միջոցով է իրականացվում կապը ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հետ: Այն ռազմավարական նշանակության միջուկային ուժերի ավտոմատ կառավարման «Կազբեկ» համակարգի մի մասն է: Երկրորդ և երրորդ ճամպրուկները գտնվում են Ռուսաստանի պաշտպանության նախարարի ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մոտ:

Իսկ մինչ այդ, հեռանալով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից, Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել ՌԴ զինված ուժերի ողջ անձնակազմին:

ՌԴ նախագահի առաջին հրամանագիրը վերաբերում էր Մեծ հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ Մեծ Հայրենականի վետերանների ու հաշմանդամների մի խումբ ներկայացուցիչների մայիս-հունիս ամիսներին 1-ից 5 հազար ՌԴ ռուբլի միանվագ գումար վճարելուն:

Մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել է 2012 թվականին «զինված ուժերի մարդկային զորակոչային ռեսուրսի պատրաստման ու կուտակման նոր համակարգի ստեղծման շրջանակներում ապահովել երկրի զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական միավորումների, մարմինների և պատերազմական ժամանակ ստեղծվող հատուկ միավորումների համար Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման նոր պայմաններում ազգային ռեզերվի ստեղծումը»:
Կառավարությանը հանձնարարվել է նաև իրականացնել 2012 թվականին քաղաքային իշխանություններին ու ՌԴ սուբյեկներին սեփականության հանձնման ենթակա անշարժ ունեցվածքի գույքագրում, և օրենսդրական փոփոխությունների միջոցով հասնել բնակչության շրջանում զինվորական ծառայության վարկի բարձրացմանը` լրացուցիչ սոցիալական արտոնություններ տրամադրելով հայրենիքի նկատմամբ զինվորական պարտքը կատարած անձանց:

ՌԴ նորընտիր նախագահը մեկ այլ` «Ռուսաստանի Դաշնությունում զինվորական ծառայության հետագա կատարելագործման մասին» հանձնարարականով կառավարությանը պարտավորեցրել է առաջիկա հինգ տարիներին յուրաքանչյուր տարի ՌԴ զինված ուժերի պայմանագրային զինծառայողների թվակազմն ավելացնել առնվազն 50.000-ով:

Պուտինը նաև հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել պետական պաշտպանական պատվերի տեղադրումն ու նրա կատարման վերահսկողությությունն իրականացնող դաշնային գերատեսչությունները պաշտպանության նախարարության ենթակայությունից դուրս բերելու մասին: Այդ գերատեսչություններն այսուհետև պետք է ենթարկվեն անմիջապես ՌԴ կառավարությանը: Խոսքը մասնավորապես վերաբերվում է պաշտպանական պատվերի դաշնային գործակալությանն ու Սպառազինության, ռազմական ու հատուկ տեխնիկայի և նյութական միջոցների մատակարարման դաշնային գործակալությանը:
Կառավարությունն առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկի նաև երկրի ռազմավարական շահերի պաշտպանության նպատակով ռազմածովային ուժերի զարգացման համար: Խոսքը վերաբերում է հատկապես Արկտիկական գոտուն և Հեռավոր Արևելքին: Բացի այդ, լուրջ քայլեր են նախատեսվում Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության զարգացման և զինված ուժերն արդիական սպառազինությամբ վերազինելու ասպարեզներում: Սպառազինությունների արդիականացումն առաջին հերթին վերաբերվելու է միջուկային զսպման ուժերին, օդատիեզերական պաշտպանության զորքերին, կապի, հետախուզման ու ղեկավարման համակարգերին, ռադիոէլեկտրոնային պայքարի ու ռոբոտացված հարվածային համակարգերին, անօդաչու թռչող սարքերին, փոխադրական ավիացիային, բարձր ճշգրտության զենքին ու զինծառայողների անհատական պաշտպանության միջոցներին:

Նախագահի հաջորդ հանձնարարականը հասցեագրված է արտգործնախարարությանը և վերաբերվում է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման վերաբերյալ պայմանագրի հետևողական կատարմանն ու հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգը Ռուսաստանի դեմ չուղղելու վերաբերյալ իրավական երաշխիքների տրամադրմանը:

Իսկ ահա Դմիտրի Մեդվեդևի վերջին` մայիսի 6-ով թվագրված մի հրամանագրով վերացվել է Լիբիային զենքի վաճառքի արգելքը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


08/05/2012