Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍԸ



Արցախյան ազատամարտին մասնակցել եմ ու մինչև մրուրը ճաշակել պատերազմի դառնությունը։ Փառք Աստծո, այսօր խաղաղություն է, սակայն այդ խաղաղությունը չափազանց թանկ գնով նվաճվեց. Եռաբլուրում, Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերի գերեզմանոցներում հանգչում են մեր այս մի բուռ հողի խաղաղության համար ընկած զինվորները։

Մենք պետք է ուժեղ լինենք, այնքան ուժեղ, որ թշնամու մտքի ծայրով իսկ չանցնի ոտք դնել մեր զոհված ընկերների արյամբ է՛լ ավելի սրբացած ու թանկ հողի վրա։
ՏԻԳՐԱՆ ԱԶԻԶՅԱՆ

♦♦♦

Այսօր մեր հայկական բանակում իմ Հայկ թոռն է ծառայում, ես որպես տատիկ, որպես մանկավարժ, որպես սովորական մարդ, ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր զինվորները, անկախ ազգությունից ու կրոնից, միայն խաղաղության մեջ ծառայեն։ Շուտով հաղթանակի օրն ենք նշելու։ Թող այսուհետ մեր բոլոր հաղթանակները լինեն գիտության և արվեստի բնագավառներում։ Թող մեր մոլորակում հավերժի խաղաղությունը։
ՄԱՐԻԵՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ

♦♦♦

Պատերազմի հասցրած բոլոր վնասները կարելի է վերականգնել, կառուցել և շենացնել։ Անդառնալի միայն մարդկային կորուստներն են… Այս աշխարհում ամենից կարևորը խաղաղությունն է։ Այն կյանքի չափ կարևոր է, օդի և լույսի նման անհրաժեշտ։
ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

♦♦♦

Երբ փողոցում զինվոր եմ տեսնում, գլուխս հարգանքով խոնարհում եմ… Զինվորը սրբություն է։ Ե՞րբ պիտի էս պարզ ճշմարտությունը հասկանանք, գիտակցենք…

Անիմաստ է զենքով մեր վրա գալը. հայ զինվորը դա ապացուցել է թե՛ Հայրենական պատերազմում, թե՛ Արցախում։
ՌԱՖԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ

♦♦♦

Բանակում ծառայելուս ժամանակահատվածում սահմանային կռիվներ էին։ Ես էլ ճակատագրի բերումով անմիջական մասնակիցը դարձա մարտական գործողությունների։ Պատերազմը ցավ ու կորուստ է, դառնություն։
Մեր կողքին մեր դարավոր թշնամին է, ու մենք պարտավոր ենք ուժեղ լինել, հզոր և միակուռ։
ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Բանակ և հասարակություն


10/05/2012