Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱԶՔՈՒՂՈՒ ՀԱՅԱԶԳԻ «ՊՐՈՖԵՍՈՐԸ»



Մեծ եղեռնից փրկվածների երրորդ սերնդից է ամենահայտնի հայ ինքնաշարժային արշավորդ, Ֆորմուլա-1-ի աշխարհի քառակի չեմպիոն, մեծ մրցանակի մրցափուլերում 51 անգամ հաղթած Ալեն Պրոստը։

Ծնվել է Սեն Շամոնում, 1955թ. փետրվարի 24-ին, ֆրանսիացի Անդրե Պրոստի և հայուհի Մարի Ռոզ Կարատչյանի ընտանիքում։ Դեռ մանկուց զբաղվել է տարբեր մարզաձևերով` նախապատվությունը տալով ֆուտբոլին։ Ի դեպ, նրա հայտնի քթի ձևը, որը հայկական արմատների արդյունք են համարում, ֆուտբոլային խաղերի ժամանակ ստացած վնասվածքներից է՛լ ավելի է հայկականացել։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ արձակուրդներին Պրոստների ընտանիքն ուղևորվեց Սենտ Էտե քաղաք։ Այստեղ Ալենն առաջին անգամ կարտ (միկրոավտոմեքենա) վարեց և հենց այդ պահից էլ ծնվեց մեծ սերը մեքենաների և արագության հանդեպ։ 1973թ. դարձավ Ֆրանսիայի չեմպիոն կարտինգից։ Հաջող ելույթ ունենալով Ֆորմուլա Ֆորդ-1600, Ֆորմուլա-300 ինքնաշարժային արշավներում, Պրոստը հրավիրվում է մասնակցելու Ֆորմուլա-1 արհեստավարժ ինքնաշարժային արշավների։ 1980թ. Արգենտինայում նրա առաջին ելույթը Մակլարենի թիմում հաջողությամբ է ավարտվել։ Նա գրավել է 6-րդ տեղը։ Սակայն մրցաշրջանի վերջում մեքենաների բախման հետևանքով նրան անընդհատ հետապնդել են տեխնիկական խնդիրները, վնասվածքները, ինչի պատճառով նա հեռացել է Մակլարեն թիմից։

1981թ. մրցաշրջանը սկսել է Ռենոյի թիմում։ Եվ ահա առաջին մեծ մրցանակը` գրան-պրին։ 1983թ. աշխարհի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը` զիջելով միայն Նելսոն Պիկին։ Ռենոյի ղեկավարները ցանկանում էին, որ Պրոստը ֆրանսիական մեքենայով անմիջապես դառնա աշխարհի չեմպիոն և անընդմեջ ճնշում էին, պարտադրում։ Հոգնելով այս ամենից` Պրոստը 1984թ. վերադառնում է Մակլարենի թիմ։ 1985թ. նա նվաճում է աշխարհի գավաթը՝ առաջ անցնելով իսպանացի Միգել Ալբերտոյից։ 1986-ին Ավստրալիայում պահպանում է չեմպիոնի տիտղոսը՝ առաջ անցնելով անգլիացի Նայջլ Մենսելայից։ 1988թ. Մակլարենի թիմում նրա խաղընկերն է դառնում Այերթոն Սենանը։ Հաջող և փայլուն ժամանակաշրջան էր։ Այդ հատվածում 16 մրցափուլից 15-ում թիմն առաջինն է եղել, իսկ Սենանը դարձել է աշխարհի չեմպիոն։ 1989թ. Պրոստը երրորդ անգամ է դառնում աշխարհի չեմպիոն, սակայն սրվել էին նրա և Սենանի հարաբերությունները։ Փոխադարձ վեճերն ու վիրավորանքները դարձել էին նրանց անբաժան ուղեկիցը։ 1990թ. մրցաշրջանը Պրոստը մեկնարկում է Ֆերարիի թիմում։ Եվ անկասկած այն ժամանակ 4-րդ անգամ կդառնար աշխարհի չեմպիոն, եթե Ճապոնիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում անընդհատ վիճաբանությունների պատճառով Պրոստը և Սենանը չհեռացվեին մրցումներից։ Ու թեև հաջորդ տարի Պրոստը աչքի ընկավ անձնական հաջողություններով, այնուամենայնիվ Ֆերարիի ղեկավարները, Ճապոնիայի դառը պատմությունը հիշելով (թիմը զրկվել էր չեմպիոնությունից), ստիպում են Պրոստին հեռանալ թիմից։ 1992թ. Պրոստը չի մասնակցում Ֆորմուլա-1-ի մրցարշավներին։ Այդ ժամանակ նա երբեմն-երբեմն հանդես էր գալիս որպես մարզական մեկնաբան։ 1993թ. Վիլյամս Ռենո ֆրանսիական թիմում 4-րդ անգամ դառնում է աշխարհի չեմպիոն՝ հաղթելով Սենանին։

Առաջվա մոլի հակառակորդները կրկին դառնում են լավ ընկերներ։ Մեկ տարի հետո Սան Մարինոյի մեծ մրցանակի արշավում, որտեղ Պրոստը որպես ֆրանսիական TV-1-ի հաղորդավար մեկնաբանում էր մրցաշարը, զոհվում է Սենանը։ Ծանր էր կորուստը Պրոստի համար։ Նա միառժամանակ դադարեցնում է իր գործունեությունը ինքնաշարժային արշավներում։

1997-2001թթ. ղեկավարում է իր իսկ հիմնած «Պրոստ գրան-պրի» թիմը, որը ներկայացրել է Ֆրանսիան։

Ալեն Պրոստին համարում են 20-րդ դարի տեխնիկական մարզաձևերի աշխարհի լավագույն մարզիկ, մեքենա վարելու յուրահատուկ ոճի համար նրան կնքել են «Վազքուղու պրոֆեսոր» պատվանունով։ Սպորտային ձեռքբերումների համար Պրոստին շնորհվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ «Փառքի լեգեոնի» շքանշանը։

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոնը հպարտանում է իր արմատներով. «Իմ երեխաների երակներում հոսում է հայկական արյուն։ Նրանք դաստիարակվել են հայկական ոգով և գիտեն իրենց արմատների պատմությունը»:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Մարզաշխարհ


10/05/2012