Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ



«Ֆորմուլա-1»-ը արագընթաց ավտոմեքենաների շրջանաձև մրցավազք է, որն անվանում են նաև Արքայական մրցարշավ։

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնությունը հիմնվել է 1950թ.: Անցկացվում է յուրաքանչյուր տարի, բաղկացած է մոտ երկու տասնյակ փուլերից (գրան-պրիներից)։ Առաջնության ընթացքում մրցում են ինչպես մրցարշավորդները (պիլոտները), այնպես էլ թիմերը։ Յուրաքանչյուր թիմ ներկայացնում է 2-ական մեքենա, որոնց` գրան-պրիների ընթացքում վաստակած միավորները գումարվում են, ինչի արդյունքում տարեվերջին որոշվում են կոնստրուկտորների գավաթի հաղթողը և մրցանակակիրները։ Հաշվարկվում են նաև մրցարշավորդների անհատական միավորները և որոշվում են աշխարհի չեմպիոնն ու մրցանակակիրները։

Մրցակից թիմերը գրան-պրիների ընթացքում օգտագործում են սեփական արտադրության մրցարշավային ավտոմեքենաները (բոլիդները)։ Այդպիսով՝ թիմերի խնդիրը ոչ միայն փորձառու և արագընթաց պիլոտների ընտրությունն է, այլև, որ ամենակարևորն է, մեքենաների նախագծումը, սպասարկումը և ամբողջությամբ մրցաշրջանի կազմակերպումը։

Այս սպորտաձևը հետաքրքիր է նրանով, որ մրցում են ոչ միայն մարզիկները, այլև թիմերը` իրենց տեխնոլոգիական նորամուծություններով ու նոր մտահղացումներով, որոնք հետագայում օգտագործվում են հասարակական օգտագործման ավտոմեքենաների արտադրության մեջ։ Օրինակ՝ ամենահայտնի նորամուծություններից մեկը 1990 թվականին «Ֆերարրի» թիմի ստեղծած հակատեղապտույտային համակարգն է, որը այժմ կիրառում են գրեթե բոլոր ավտոարտադրողները։ Հետևաբար՝ «Ֆորմուլա-1»-ը կարելի է համարել ամենաժամանակակից և օգտակար մարզաձևերից մեկը։

Կանոնակարգ

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջնությունը կազմակերպում է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիան (ԱՄՖ), որի մշակած տեխնոլոգիական և մարզական կանոնակարգին են հետևում բոլոր թիմերը։

Հիմնական կանոններն են՝

– Յուրաքանչյուր թիմ պետք է ստեղծի սեփական բոլիդը, սակայն մեքենայի վրա թույլատրվում է տեղադրել այլ արտադրողի շարժիչ, ինչի համապատասխանությանը սահմանված չափանիշներին և անվտանգությանը մանրամասնորեն հետևում է ԱՄՖ-ն։

– Յուրաքանչյուր թիմից յուրաքանչյուր գրան-պրիին պետք է մասնակցեն երկու մրցարշավորդ, որոնց մեքենաները իրենց արտաքին տեսքով չպետք է տարբերվեն իրարից։

– Գրան-պրին անցկացվում է ուրբաթ օրվանից մինչև կիրակի և բաղկացած է ազատ մրցավազքերից (ուրբաթ), որակավորման մրցավազքից, որի ընթացքում, ըստ գրանցված արդյունքների, որոշվում են գլխավոր մրցավազքում մեքենաների մեկնարկային դիրքերը (շաբաթ), և գլխավոր մրցավազքից (կիրակի)։

– Մրցաշրջանը բաղկացած է լինում տարբեր քանակի գրան-պրիներից. 7-ից (1950թ.) մինչեւ 20 (2011թ.) և հիմնականում անցկացվում է մարտից մինչև նոյեմբեր։

– Գրան-պրիի արդյունքում առաջին տասը տեղերը զբաղեցրած մրցարշավորդները վաստակում են միավորներ՝ 25-18-15-12-10-8-6-4-2-1 համակարգով։ Երեք լավագույնները բարձրանում են պատվո հարթակ։ Հաղթողի պատվին հնչում է այն երկրի օրհներգը, որտեղ գրանցված է տվյալ ավտոակումբը, այնուհետև հնչում է հաղթող մրցարշավորդի հայրենի երկրի օրհներգը։ Եթե մրցարշավորդը և ավտոակումբը ներկայացնում են միևնույն երկիրը, օրհներգը հնչում է մեկ անգամ։

Գրան-պրի

Գրան-պրիները անցկացվում են այն երկրներում, որտեղ կան ԱՄՖ լիցենզավորած և տվյալ մրցաշրջանի օրացույցում ընդգրկած մրցուղիներ։ Յուրաքանչյուր երկրի համար մեծ պատիվ է ունենալ համապատասխան մրցուղի և մասնակցություն ունենալ «Ֆորմուլա-1»-ի առաջնությանը։ Նման մրցուղի կառուցելու համար մի քանի միլիարդ դոլար է ծախսվում։

Սակայն վերջին շրջանում զարգացող երկրները, օրինակ` Մալայզիան, Բահրեյնը, Սինգապուրը, Չինաստանը, ոչինչ չեն խնայում նման մրցուղիներ ունենալու համար, քանի որ դրանով ողջ աշխարհի ուշադրությունն ուղղում են դեպի իրենց երկիրը, ինչը նաև ֆինանսական մեծ հոսքեր է ապահովում:

Յուրաքանչյուր տարի ԱՄՖ-ն ընդունում է մասնակցության հայտեր և ընտրում է այն երկրները, որտեղ պետք է անցկացվեն գրան-պրիները: Օրինակ` 2012թ. ընտրվել են Ավստրալիան, Մալայզիան, Չինաստանը, Իսպանիան, Մոնակոն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունգարիան, Բելգիան, Իտալիան, Սինգապուրը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Աբու Դաբին, ԱՄՆ-ն և Բրազիլիան:

Բոլիդներ

Բոլիդը եռանկյունաձև հենք է` արտաքին հետնաքարշակ անվադողերով: Շարժիչը տեղադրված է հետևի մասում, որի առջևում մրցարշավորդի նեղ խցիկն է:

Նախագծողների հիմնական խնդիրը արտաքին դիզայնն է, որից կախված է բոլիդի աերոդինամիկան (հակազդումը քամուն): Մեքենայի արագությունը և մանևրելու ընթացքում առավել կառավարելի լինելը ամբողջովին կախված են աերոդինամիկ ճիշտ լուծումներից:

Բոլիդները պատրաստվում են հատուկ թեթև և ամուր նյութերից, որպեսզի ապահովվի առավելագույն թեթևություն: Նրանց քաշը մոտ 700 կգ է:

Բոլիդների վրա տեղադրված են 2,4 լիտր աշխատանքային ծավալով 8 մխոցային շարժիչներ, որոնք ապահովում են 750-1000 ձիաուժ հզորություն: Այսչափ հզոր շարժիչով և թեթև քաշով «Ֆորմուլա-1»-ի մեքենաները զարգացնում են մինչև 360 կմ/ժ արագություն: Այս ամենը հաշվի առնելով` զարմանալի չէ, որ բոլիդների արժեքը առանձին դեպքերում հասնում է մոտ 2 մլն. դոլարի:

Մրցավազքի արդյունքի համար մեծ նշանակություն են թողնում նաև անվադողերը, որոնք պատրաստվում են հատուկ տեխնոլոգիայով և բարձր արժեք ունեն: Մրցարշավի ընթացքում կատարվում են պիտ-ստոպներ (կանգառներ), որոնց ընթացքում փոխվում են մաշված անվադողերը, որոնք բացասաբար են ազդում մեքենայի արագության վրա եւ կարող են վթարի պատճառ դառնալ: Դա թիմերին բազմաթիվ տակտիկական լուծումների հնարավորություն է տալիս:

Մեկ մրցավազքի ընթացքում յուրաքանչյուր բոլիդի համար օգտագործվում է անվադողերի մի քանի հավաքածու: Անվադողերը լինում են տարբեր տեսակի` չոր, կիսաչոր, փափուկ, անձրևային, կիսաանձրևային և այլն:

Պիլոտներ

Ինչպես նշվեց` Արքայական մրցավազքում յուրաքանչյուր թիմից մասնակցում է երկուական պիլոտ, որոնք պայքարում են աշխարհի չեմպիոնի կոչման համար: Կան նաև տեստ պիլոտներ, որոնք հիմնականում բոլիդները փորձարկելու համար են և անհրաժեշտության դեպքում կարող են նաև փոխարինել հիմնական պիլոտներին:

Առաջին հայացքից թվում է՝ մրցարշավորդներին անհրաժեշտ է միայն մեքենան վարելու հմտություն, վարպետություն և փորձ, սակայն, եթե հաշվի չառնենք, թե ինչ ֆիզիկական ծանրաբեռնվածության են ենթարկվում պիլոտները:

Յուրաքանչյուր մրցավազքի ընթացքում նրանք կորցնում են մի քանի կիլոգրամ քաշ, սիրտը րոպեում 190 զարկ է կատարում, մշտապես ենթարկվում են G ուժի ճնշմանը և դեռ պահպանում են նախանձելի սառնասրտություն և կենտրոնացում: Պատահական չէ, որ նրանք ստանում են ահռելի մեծ գումարներ, առանձին դեպքերում նրանց աշխատավարձը հասնում է տարեկան մինչև մի քանի տասնյակ մլն. դոլարի: Ավելորդ չէ նշել, որ աշխարհում արտոնագիր ունեցող պիլոտներն ավելի քիչ են, քան տիեզերագնացները:

Տեսնելով, թե ինչ մեծ գումարներ են ծախսվում բոլիդների նախագծման, տեխնոլոգիական նորամուծությունների, սպասարկման, տեղափոխությունների, թիմերի անձնակազմի, մրցուղիների կառուցման վրա և հաշվի առնելով պիլոտների աշխատավարձի չափը, ինչպես նաև գովազդատուների ներդրումներից, հեռուստահեռարձակման իրավունքի և տոմսերի վաճառքից ստացվող եկամուտները՝ միանշանակ կարելի է ասել, որ «Ֆորմուլա-1-ը» այսօր աշխարհի ամենաթանկ մարզաձևն է:

ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Մարզաշխարհ


10/05/2012