Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ԶԾԱ միջոցառումների իրականացման արդյունքը կարող է տարբեր լինել: Որպես կանոն, այն բնութագրվում է ԶԾԱ իրավիճակով և մակարդակով /շատ բարձր, բարձր, միջին, ցածր, կրիտիկական/:

Զորամասում /ստորաբաժանումում/ ԶԾԱ մակարդակը շատ բանով կախված է հրամանատարից, նրա տնօրինության տակ գտնվող հնարավորություններից, մասնագիտական պատրաստությունից ու փորձից:

Առօրյա գործունեությունում անձնակազմի խնդիրների /աշխատանքների/ անվտանգ կատարման անմիջական կազմակերպումը դրանց /աշխատանքների/ կատարման համար հատուկ կազմակերպված միջոցառումների անցկացումն է: Այն անցկացվում է յուրաքանչյուր խնդրի /աշխատանքի/ կատարմանը բնորոշ փուլերով:

Խնդրի կատարմանը նախապատրաստվելիս, ստորաբաժանման հրամանատարը /պարապմունքի, աշխատանքի ղեկավարը/ անձնակազմին բացատրում է անվտանգության պահանջները /նաև անցկացվում են հատուկ պարապմունքներ և նպատակային հրահանգներ/, գնահատվում է յուրաքանչյուր զինծառայողի առողջական և բարոյահոգեբանական վիճակը, անհրաժեշտության դեպքում անցկացվում է գիտելիքների բանավոր հարցում և խնդրի /աշխատանքի/ անվտանգ կատարման ունակությունների ստուգում: Մարտական հերթապահություն /մարտական ծառայություն/, պահակություն ստանձնող, ճաշարանում աշխատող անձնակազմն, ինչպես նաև հավաքակայանից երթի դուրս եկող վարորդները անցնում են բժշկական զննում:

ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 78 հոդվածում սահմանված է, որ անձնակազմի զոհվելը և խեղվելը կանխելու ուղղությամբ հրամանատարի (պետի) ձեռնարկած միջոցառումները չպետք է հանգեցնեն մարտական առաջադրանքի կատարման ձախողման:

Խնդրի /աշխատանքի/ կատարման գործընթացում ստորաբաժանման հրամանատարը /պարապմունքի, աշխատանքի ղեկավարը, հերթապահ ուժերի հրամանատարը, պահակապետը/, բոլոր ուղղակի պետերը, ներառյալ զորամասի հրամանատարը, ինչպես նաև ծառայության պետերը պարտավոր են վերահսկել անձնակազմի անվտանգության պահանջների կատարումը: Անվտանգության պահանջների բոլոր խախտումները պետք է ժամանակին բացահայտվեն և կասեցվեն: Զինամթերքը և ռազմական տեխնիկան նորոգելիս, շինարարական և տնտեսական աշխատանքներ կատարելիս, պարապմունքներ անցկացնելիս, տրանսպորտային միջոցները շահագործելիս անձնակազմի անվտանգության պահանջների խախտումը կարող է առաջացնել վնասվածքներ, վթարներ, պայթյուն, հրդեհ, թունավորում: Մարտական հերթապահության, պահակային ծառայության անվտանգության ժամանակ անվտանգության պահանջների խախտումներ թույլ տված զինծառայողները հեռացվում են խնդիրների կատարումից:

Պարապմունքները, աշխատանքները կամ այլ միջոցառումները սկսելուց առաջ հրամանատարը պարտավոր է անձամբ համոզվել, որ դրա անցկացման համար ստեղծված և ապահովված են անվտանգ պայմաններ, իսկ ենթակաները յուրացրել են անվտանգության պահանջները և գործնականում ունակ են դրանք կատարելու:

Զորամասերի և ստորաբաժանումների առօրյա կենսագործունեությունում այս պահանջների ճշգրիտ կատարումը հնարավոր է միայն հրամանատարների և բոլոր ղեկավարների մեթոդական պատրաստության բարձր մակարդակի դեպքում:

Յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է խստորեն կատարել անվտանգության պահանջները: Նա պարտավոր է ուսումնասիրել իր պաշտոնեական և հատուկ պարտականությունների անվտանգ կատարման մեթոդները և եղանակները, հրահանգավորվել պարտականությունների կատարման տեղում, ստաժավորվել, ինչպես նաև անցնել անվտանգության պահանջների կատարման տեսական գիտելիքների և գործնական ունակությունների ստուգում, ճշգրիտ կիրառել անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցները, իսկ անհրաժեշտության դեպքում կարողանալ օգտագործել բուժկանխարգելիչ միջոցառումները և առաջին օգնություն ցույց տալ տուժածին, իր անմիջական պետին անհապաղ զեկուցել զինծառայողի մեղքով կատարված ցանկացած դեպքի մասին, ինչպես նաև զինծառայողին հասցված վնասի մասին, ինչպես նաեւ հաստատված ժամկետում անցնել բժշկական զննում:

Անվտանգության պահանջների կատարմանը զինծառայողների նախապատրաստումը ներառում է` անվտանգության պահանջների ուսուցում /անվտանգության պահանջների տեսական գիտելիքների, գործնական ունակությունների/ և սահմանված տեսակի հրահանգավորման անցկացում:

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

ԶԾԱ ապահովման հարցում հրամանատարների համար կարևոր խնդիր է ենթակաների զինվորական բարձր կարգուկանոնի պահպանումը:

Ստորաբաժանման բարձր զինվորական կարգուկանոնը նպաստում է մահացության և վնասվածքների մակարդակի անկմանը:

Հրամանատարները պետք է կարգուկանոնի պահպանման գործում ենթակաների համար լինեն օրինակ, զինծառայողների շրջանում միշտ բացատրական աշխատանքներ տանեն զինվորական կարգապահության դերի վերաբերյալ, ստորաբաժանումում ամուր կարգուկանոնի դրական ավանդույթներ ձևավորեն: Անձնակազմից պահանջեն օրենքների, զինվորական կանոնադրությունների, հրահանգների պահանջների անվերապահ կատարում:

ԶԾԱ ապահովման տեսանկյունից կարևոր են զինծառայողների միջև փոխհարաբերությունների, կանոնադրական կարգի խախտումների կանխարգելումը և այլ իրավախախտումների պրոֆիլակտիկան: Կազմակերպելով աշխատանքները, հրամանատարները պետք է ցուցադրեն բարձր պահանջկոտություն, հետևողականորեն և համակարգված ձգտեն զինծառայողների շրջանում փոխհարաբերությունների կանոնադրական կարգի պահպանման անհրաժեշտության գիտակցմանը: Զինծառայողների հետ աշխատանքում բացառեն ձևականությունը, ավելորդ հովանավորչությունը, արժանապատվությունը վիրավորող կոպտությունը, հոգ տանեն նրանց անձնական իրավունքների, պահանջմունքների և բավարարման նորմերի պահպանման համար, աշխատանք տանեն զինվորական կոլեկտիվի դրական ավանդույթների ձևավորման, ինչպես նաև բացասական երևույթների դեմ պայքարի ուղղությամբ:

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Ինքնասպանությունների կանխարգելումը հրամանատարության կարևորագույն խնդիրներից է: Ինքնասպանությունների ուսումնասիրման ընթացքում ուշադրություն պետք է հատկացնել զինվորական կոլեկտիվներում բավարար բարոյահոգեբանական իրավիճակի պահպանման, զինծառայողների միջև կանոնադրական կարգի խախտումների կանխարգելման և հոգեբանական համատեղելիության ապահովմանը: Անհրաժեշտ է իրականացնել հատուկ պրոֆիլակտիկ միջոցառումներ`

ա. ենթակաների անհատական հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրում,

բ. սուիցիդալ հակվածությամբ անձանց բացահայտում,

գ. հոգեբանական և մանկավարժական ուշադրության կարիք ունեցող զինծառայողների նկատմամբ մշտական հսկողության սահմանում,

դ. խեղված վարքագծով անձանց հանկարծակի գործողությունների կանխատեսում,

ե. հոգեբանական ճգնաժամում հայտնված զինծառայողին ժամանակին համապատասխան օգնության ցուցաբերում:

ԶԵՆՔԻ ԵՒ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Զենքը, զինամթերքը, պայթուցիկ նյութերը զորքերի գործունեության անքակտելի բաղադրիչն են և զինծառայողների ու շրջապատի համար առավել մեծ վտանգ ներկայացնող գործոններից մեկը:

Ելնելով դրանից, անհրաժեշտ է`

ա. զենքի, ՍՌՏ-ի մասին ենթականերին տալ կայուն գիտելիքներ,

բ. ենթականերից պահանջել զենքի և զինամթերքի հետ վերաբերվելու անվտանգության միջոցների և կանոնների պահպանում,

գ. մարտական խնդիրների, մարտական հերթապահության, պահակային ծառայության, ուսումնական պարապմունքների, հրաձգության և զենքի խնամքի ժամանակ բացառել անզգուշության հետեւանքով զինծառայողի մահվան կամ վիրավորելու հնարավորությունը:

Տեխնիկայի շահագործման, զինամթերքի հետ աշխատելու, շինարարական և տնտեսական աշխատանքների կատարելու ժամանակ վերահսկել ենթակաների կողմից անվտանգության կանոնների պահպանումը:

Անձնակազմի կողմից անվտանգության կանոնների պահպանման վերահսկումը համարվում է հրամանատարերի (պետի) ԶԾԱ ապահովման հիմնական խնդիրներից մեկը:

Ռազմական, տրանսպորտային, հատուկ տեխնիկայի և սպառազինության շահագործման, քիմիական վտանգավոր նյութերի հետ վարվելու, տակտիկական դասընթացների, մարտական պատրաստականության պարապմունքների անցկացման, շինարարական և տնտեսական աշխատանքների կատարման անվտանգությունը պետք է ապահովվի`

ա. ներքին ծառայության ճիշտ կազմակերպմամբ,

բ. զինամթերքի և տեխնիկայի, շահագործման, դրանց նյութական մասի նորոգման եւ սպասարկման կանոնների պահպանման մասին անձնակազմին կայուն գիտելիքներ ուսուցանելով,

գ. նորմատիվային փաստաթղթերի, ձեռնարկների և հրահանգների պահանջների պատշաճ պահպանմամբ,

դ. անվտանգության կանոնների և միջոցառումների ճշգրիտ կատարմամբ և ամուր գիտելիքներով:

Անվտանգության կանոնները պետք է պահպանվեն ցանկացած պայմաններում, անկախ հանգամանքներից: Ոչ մի արդարացում չի կարող լինել անվտանգության տեխնիկայի խախտման համար: Այսպիսին են ենթակաների կյանքի և առողջության պահպանմանը միտված հրամանատարների գործունեության հիմնական ուղղությունները: Յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր խնդիրները, որոնք որոշակի առանձնահատկություն են հաղորդում զինծառայողների առօրյա գործունեությանը, ուստի դրանից ելնելով, ԶԾԱ ապահովման հարցերը կոնկրետ ստորաբաժանումում դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել ցանկացած մանրուք:

Այսպիսով, ԶԾԱ ապահովման ճիշտ կազմակերպված աշխատանքը անվտանգ ծառայության գրավականն է:

Հ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Ռազմական


10/05/2012