Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԻԾՆ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ



Ազգային բանակի ինժեներական ստորաբաժանումներն ստեղծվեցին Արցախյան պատերազմի թեժ օրերին, սեպտեմբերի յոթին լրանում է զորատեսակի քսանամյակը։ Ստեղծման օրից մինչ այժմ զորատեսակի ստորաբաժանումները վիթխարի աշխատանք են կատարել մեր երկրի սահմանների պաշտպանությունն ամրապնդելու, թիկունքի և առաջնագծի կապն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Նախապատրաստվելով զորատեսակի հոբելյանական տարեդարձին, գնդապետ Արա Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի ստորաբաժանումները, միաժամանակ, ձգտում են հավուր պատշաճի պատրաստվել աշնանը նախատեսված գլխավոր ռազմական տեսչության ստուգումներին։

-Այժմ մեր մասնագետները շարունակում են ինժեներական աշխատանքները։ Ձյան գարնանային հալոցքի շրջանում ճանապարհները մշտապես նորոգելու կարիք են ունենում,- ասում է գնդապետ Ա. Հարությունյանը և շարունակում ներկայացնել ուսումնական փուլի ընթացքը։ -Ձմռան ամիսներին պարապմունքները, հիմնականում, անցկացվել են զորամասում, լսարանային պայմաններում, ուսումնական տեղամասերում։ Մարտ ամսից սկսել ենք կազմակերպել ճամբարային հավաքներ։ Նախ՝ դաշտ դուրս եկան ուսումնական գումարտակի կուրսանտները։ Գործնական պարապմունքները և հավաքի եզրափակիչ փուլում անցկացված զորավարժությունը ցույց տվեցին, որ մասնագիտությունների ուսուցումն ընթանում է նախատեսված ծրագրով և այս անգամ էլ մարտական զորամասերը մեզնից կստանան բանիմաց մասնագետներ։ Այժմ ճամբարային հավաքի մեջ են ստորաբաժանումներն իրենց սպառազինությամբ ու տեխնիկայով։ Ապրիլի 25-ին տեղի ունեցավ ստորաբաժանման մարտավարամասնագիտական զորավարժությունը՝ մարտական տեխնիկայի ընդգրկումով։ Մասնակցեցին ԳՄԶ դասակը և ՊՄԶ-4 հաշվարկները։ Արդյունքներից գոհ եմ։ Զորավարժության է նախապատրաստվում ինժեներասակրավորային գումարտակը, և նախատեսված է, որ այն ղեկավարի ինժեներական զորքերի վարչության պետ գնդապետ Կառլոս Աբրահամյանը։ Դաշտային պայմաններում անցկացվող պարապմունքները, մարզումները շատ կարևոր են ստորաբաժանումների մասնագիտական հմտությունների կատարելագործման համար։ Մենք պետք է տեսնենք, ի հայտ բերենք թերությունները, որպեսզի հետագա պարապմունքների ընթացքում դրանք շտկենք և համոզված լինենք, որ զորամասը մարտունակ է և կկարողանա հաջողությամբ կատարել հնարավոր բոլոր առաջադրանքները։ Հետևողական աշխատանք ենք տանում նաև մյուս, համազորային առարկաների ուսուցման ուղղությամբ։ Յուրաքանչյուր ուրբաթ վաշտերում տեղի է ունենում արդյունքների ամփոփում։ Ամիսը մեկ տեղի է ունենում գումարտակների կատարած աշխատանքների ամփոփում, որին մասնակցում են բոլոր սպաները, հասարակական ակտիվի անդամները։ Միաժամանակ, ամիսը մեկ մասնագիտական և մարտավարամասնագիտական առարկաներից անցկացվում է գումարտակների խաչաձև ստուգում։ Այսինքն՝ մի գումարտակի հրամկազմը ստուգում է մյուս գումարտակը և հակառակը։ Մենք հետևում և պահանջում ենք, որ այդ ստուգումները լինեն անաչառ, սպաները միմյանց «լավություն» չանեն, որպեսզի ստանանք մեր հնարավորությունների իրական պատկերը։ Շատ ենք կարևորում երիտասարդ սպաների հետ տարվող աշխատանքը։ Դասակի հրամանատարներին կցում ենք ավելի փորձառու սպաներին, որպեսզի նրանք օգնեն զինվորական ստորաբաժանում ղեկավարելու, առաջնորդելու հարցերում։ Սա նույնպես արդյունավետ մեթոդ է, և երիտասարդ սպաներից մեկին արդեն նշանակել ենք վաշտի հրամանատար։ Վերանայել ենք անձնակազմի հետ տարվող աևշխատանքները և այն կազմակերպում ենք ԱՀՏԱ վարչության կազմակերպած վերջին հավաքի ժամանակ արված առաջարկությունները հաշվի առնելով։ Ասեմ նաև, որ, այցելելով զորամաս և մանրամասնորեն ծանոթանալով մեր պայմաններին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման համար պատրաստել համապատասխան նախագծեր ու փաստաթղթեր։ Այնպես որ` առաջիկայում զորամասում սկսվելու են նոր շենքերի կառուցման աշխատանքները։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ

Առաջիկա հանգստյան օրերից հետո սկսվելու են ավարտական քննությունները։ Քանի որ ուսումնական ծրագիրն ամբողջությամբ կատարվել է, այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Պարապմունքների ընթացքում կուրսանտները կրկնում, վերհիշում են անցած թեմաները։

-Գումարտակի այս կազմը լավագույններից է, որ ունեցել ենք վերջին տարիներին,- ասաց հրամանատարի տեղակալ մայոր Է. Սահակյանը։ -Ծրագիրն ամբողջությամբ կատարված է, բացթողումներ չկան։ Ճամբարային հավաքի ժամանակ մանրամասնորեն փորձարկել ենք ինչպես անհատական կարգով ականի տեղադրման, այնպես էլ դասակի կազմով ականների տեղադրման գործողությունները։ Զորավարժությունն էլ ցույց տվեց, որ կուրսանտներն ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ։ Այս ուսումնական փուլը կարևոր էր դասակների հրամանատարների համար, և նրանք արդարացրին մեր սպասելիքները։ Հուսով ենք, որ քննություններից գումարտակի գնահատականը բարձր կլինի։

♦♦♦

Լսարաններից մեկում կուրսանտները մայոր Մ. Սարգսյանի շուրջը հավաքված ականների մարտավարատեխնիկական բնութագրերն էին վերհիշում։

-Դասերն ավարտել ենք, պարզապես զրուցում, քննարկում ենք,- ասաց մայորը։

Երբ հարցրինք, թե այս խմբից ովքեր են հավակնում «գերազանց» գնահատականի, մայոր Մ. Սարգսյանը վստահորեն տվեց կուրսանտներ Սիմոն Հայրապետյանի, Աշոտ Գալստյանի, Ենոք Անտոնյանի, Նարեկ Պետրոսյանի, Վազգեն Բաբախանյանի և վերջերս ազատ ոճի ըմբշամարտից Հայաստանի Հանրապետության երիտասարդների չեմպիոն դարձած Շամիր Աթյանի անունները։ Վանաձորցի այս տասնութամյա երիտասարդը մարտ ամսին մասնակցել է հիշյալ առաջնությանը և հաղթել։

-Հունիսի 21-ին սկսվելու է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին նույնպես ուզում եմ մասնակցել։ Հավանաբար քննություններից հետո պաշտպանության նախարարությունն ինձ կթույլատրի մասնակցել հավաքականի մարզումներին և մասնակցել այդ մրցաշարին,- ասաց Շամիրը։

♦♦♦

Ստորաբաժանումներից մեկն էլ նախապատրաստվում էր ամբողջ կազմով։ Ավագ լեյտենանտ Գ. Դանիելյանը կուրսանտներին փորձնական քննատոմսեր էր բաժանել, որոնցով էլ կուրսանտները նախապատրաստվում ու պատասխանում էին։ Կարեն Հովհաննիսյանի, Գոռ Սարգսյանի, Մարտին Եղիազարյանի, Պարգև Կթունյանի և Գառնիկ Թադևոսյանի պատասխանները գրեթե լիարժեք էին և գոհացրին երիտասարդ սպային։

-Եթե հոգեբանորեն չընկճվեք և քննության ժամանակ էլ ձեզ այսպես դրսևորեք, համոզված եղեք, որ կստանաք «գերազանց» գնահատականներ,- տղաներին ոգևորելով ասաց հրամանատարը։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Կրտսեր սերժանտ Անդրանիկ Ավետիսյանի ծառայությունը շուտով կավարտվի։ Նա ջոկի հրամանատար է։ Ծառայությունը կատարել և կատարում է բարեխղճորեն, ինչի համար էլ պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, այլ պարգևներով։ Անդրանիկը, 2006թ. ավարտելով մայրաքաղաքի N 192 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։ 2010-ին ավարտել է ուսումը և զորակոչվել բանակ։

-Եղել եմ առաջնագծում, մասնակցել եմ ճամբարային հավաքների և զորավարժությունների, երբեք չեմ դժվարացել, ինքնագլուխ ոչինչ չեմ արել, միշտ կատարել եմ հրամանատարներիս հրամանները և շարժվել նրանց խորհրդով։ Հայտնի բան է՝ սակրավորը չպետք է սխալվի։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/05/2012