«БМД-4М»-Ը` ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ
ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Վլադիմիր Շամանովը հայտնել է, որ 2016 թվականին կսկսվի այս դեսանտային մարտական մեքենայի «լրիվ թվայնացված» տարբերակի արտադրությունը: Այն կունենա հեռանկարային հետևակի մարտական մեքենաների համար ներկայում մշակվող կառավարման ավտոմատ համակարգ, իսկ զրահապատ պաշտպանության ուժեղացումից հետո կբավարարի դեսանտայինների բոլոր պահանջները:
Ավելի վաղ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ բարձր գնի և մեքենայում «զինվորի վատ պաշտպանվածության» պատճառով ռուսական բանակը հրաժարվում է ձեռք բերել «БМД-4М» դեսանտային մարտական մեքենա:
Խնդիրն այն է, որ դեսանտային մարտական մեքենաներն անկարգելով օդից նետելու համար կան քաշի խիստ սահմանափակումներ: Անդրադառնալով այդ խնդրին, գեներալ-լեյտենանտ Շամանովը հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ում 70-ականներին լուրջ փորձեր ձեռնարկվեցին մոտոհրաձգային ու դեսանտային ստորաբաժանումների համար ստեղծելու մեկ միասնական մարտական մեքենա, բայց ապարդյուն. «Հեռանկարային հետևակի մարտական մեքենան կշռելու է 25 տոննա, իսկ «БМД-4М»-ը լրիվ մարտահամալիրով կշռում է ընդամենը 14 տոննա»:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական