ԱՆՎԱՎՈՐ ՏԱՆԿԵՐ ՉԵՆՔ ԳՆԻ
Մեկնաբանելով ՌԴ զինված ուժերի կողմից մորձմոսկովյան մարզում իտալական արտադրության երկու «Centauro» անվավոր տանկերի փորձարկման և հետագայում դրանց ձեռքբերման հնարավորության մասին լուրերը, ռուսաստանյան բազմաթիվ զինվորական փորձագետներ պնդում են, որ դրանց ռուսաստանյան փորձարկումներն ընդամենը արտասահմանյան ժամանակակից սպառազինությունում օգտագործվող տեխնոլոգիաների ուսումնասիրության և հետագայում այդպիսիք հայրենական արտադրությունում ներդնելու նպատակով իրականացվող փորձարկումներ են:
Զրահատեխնիկայի գծով փորձագետ, պահեստի գնդապետ Վիկտոր Մուրախովսկու հավաստմամբ, փոքր-ինչ հնացած այս տանկերն ստացել են մի շարք առաջավոր լուծումներ և հարկ է նաև նկատի առնել այն հանգամանքը, որ ռուսաստանյան բանակում չկան այս դասի մարտական մեքենաներ, թեև դրանց ստեղծման ուղղությամբ աշխատանքներ էին իրականացվում դեռևս խորհրդային տարիներին: Մուրախովսկու կարծիքով, անիմաստ է խոսել Ռուսաստանում «Centauro»-ների լիցենզավորված արտադրության մասին, սակայն նրանց մանրակրկիտ ուսումնասիրությունը կարող է մեծապես նպաստել ռուսաստանյան նոր սերնդի անվավոր զրահատեխնիկայի ստեղծմանը:
«Centauro»-ի անձնակազմը բաղկացած է չորս մարտիկից: Տանկը կշռում է 24 տոննա, զարգացնում մինչև ժամում 100 կիլոմետր առավելագույն արագություն և մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 800 կիլոմետր տարածություն: Այս տանկերն ընդգրկված են Իտալիայի, Իսպանիայի, Օմանի ու Եգիպտոսի բանակների սպառազինությունում:
Խորագիր՝ #17 (933) 3.05.2012 – 9.05.2012, Ռազմական