ՄԱՅԻՍԻ 9-Ը
Անգլիացի գրող Ջեյմս Օլդրիջը 20-րդ դարի համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից է, հասարակական գործիչ, որը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ (1939-45թթ.), որպես լրագրող եւ զինվորական թղթակից, եղել է տարբեր ռազմաճակատներում ու ճշմարտացի ներկայացրել պատերազմի իրական դեմքը, 1949-ին արժանացել է խաղաղության ոսկե մեդալի։
1945թ. մայիսի 9-ին Օլդրիջը եղել է Մոսկվայում եւ տարիներ անց, Մեծ հայրենականի 40-ամյակի առթիվ գրել «Մայիսի իննը» հուշագրություն, որը եւ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը։
Պատերազմի մասին իմ վերջին թղթակցությունը, որ ես Լոնդոնում լույս տեսնող մեր թերթին ուղարկեցի 1945 թվականի մայիսի 9-ին, հետաքրքիր հակադրության մեջ է այդ օրվա մասին իմ ներկայիս հիշողությունների հետ. ինչ հիշում եմ հիմա, շատ ավելի թարմ է և վառ այն ամենից, ինչ տասնամյակներ առաջ կարող էի գրել թերթում։ Հնարավոր է, որ դա այդպես էլ կա, և հին օրերի հաղորդագրությունը նման է վայրկենական լուսանկարի, որի մեջ նշմարվում է այն մեծ օրվա նշանակալիությունը, զգացվում է իմ պատանեկության շնչառությունը. չէ՞ որ այդ օրը իրականում մի օր էր, որ եղավ բազմաթիվ այլ օրերի ավարտը, և, ինձ թվում է, միայն նրանք են ունակ հասկանալու մեծ իրադարձության՝ պատերազմի ավարտի բուն իմաստը, ովքեր ապրել են պատերազմական այդ հազարից ավելի օրերը։
Ի վերջո՝ մայիսի 9-ը չի կարելի բաժանել դրան նախորդած բոլոր օրերից, և երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում այդ օրվան նվիրված հանդիսավոր արարողություններ, և մարդիկ արցունքներ են հեղում, դա ոչ միայն նրանից է, որ հիշում են զոհվածներին, այլ նրանց արցունքներում նաև հիշողությունն է այն մասին, ինչը երբեք չպետք է լիներ – պատերազմը, որ կարելի էր կանխել, եթե Արևմտյան Եվրոպայի երկրներն ընդհանուր ուժերով և քաղաքականապես ավելի վճռական հանդես գային ֆաշիզմի դեմ և ոչ թե փորձեին շոյել նրան՝ մեկը մյուսի հետևից կատարելով նենգամիտ քայլեր. արդյունքում՝ Եթովպիան, Իսպանիան, Չեխոսլովակիան…
Հիշում եմ վերջին տարին Մոսկվայում՝ հաղթանակների տարին։ Դեռ պատերազմական օրեր էին, բայց արդեն սկսվել էր խաղաղ կյանքի նախապատրաստությունը, և պատերազմի ու խաղաղության այդ բարդ ներհյուսումը հիմա ավելի դյուրին է իմաստավորել, քան այն ժամանակ։ Ստալինգրադից հետո պատերազմում տեղի ունեցավ բեկում, և մենք գիտեինք՝ հաղթանակը սարերի հետևում չէ. խորհրդային զորքերը մարտերով հետ նվաճեցին Ուկրաինան, Բելառուսը, մտան Արևելյան Եվրոպա և, վերջապես, հենց Գերմանիա, Մոսկվայում ամեն երեկո որոտում էին հաղթական հրավառությունները՝ ի պատիվ մեծ և փոքր քաղաքների ազատագրման։ Խորհրդային Միությունը ոտք էր դնում իր պատմության նոր փուլ, ձևավորվում էր այլ Եվրոպա, այլ աշխարհ…
Իմանալով, որ մեր աչքերի առջև վճռվում է պատմության բախտը, մենք՝ թղթակիցներս (այդ ժամանակ Մոսկվայում աշխատում էին անգլո-ամերիկյան թերթերի 15 թղթակիցներ), հետևում էինք ոչ միայն պատերազմի ընթացքին, այլև նրա քաղաքական հեռապատկերին։ Թերևս, այդ իմաստով ամենագլխավորը այն ջանքերի համեմատումն էր, որ ներդրել էին արևմտյան դաշնակիցները և Խորհրդային Միությունը, հատկապես երբ ինքներս մեզ պատկերացնում էինք պատերազմում խորհրդային մարդկանց տեղը։ Մեզնից բոլոր նրանց համար, ովքեր եղել էին այլ ռազմաճակատներում, առաջներում իրենց ամբողջ տեսածը թվում էր ինչ-որ մանր, աննշան մի բան։
Մենք տեսնում էինք ոչ բոլորը, ինչ ցանկանում էինք, բայց մեր տեսածն էլ թույլ էր տալիս հասկանալ, թե ինչ հզոր, ինչ մեծ էր այն երկիրը, որ ծառս էր եղել պաշտպանելու իրեն, և տեսնում էինք նաև այլ բան՝ վայրենի, դաժան, ամեն տեսակ սանձարձակության ընդունակ թշնամուն, որը չէր խնայում ոչինչ և ոչ ոքի՝ դեռևս մոր արգանդից դուրս չեկած երեխայից մինչև ծերերն ու հաշմանդամները։ Մենք չէինք կարող անտարբեր լինել այն բանի նկատմամբ, որ մեր աչքերի առջև ծավալվող պատերազմը պատմության մեջ իր նախադեպը չէր ունեցել՝ նախորդ պատերազմները երբեք նման ավերածություններ չէին գործել, այդքան մարդկանց կյանք չէին խլել։
Եվ, այնուամենայնիվ, չանտեսելով զանգվածային մահվան հսկայական ճամբարների գոյությունը, պատերազմական թեմաներով խորհրդային պաշտոնական հաղորդագրություններում և լրագրային հոդվածներում միշտ ընդգծվում էր՝ երկիրը մղում է Հայրենական պատերազմ համակարգի և ոչ թե գերմանական ժողովրդի դեմ։ Ճիշտ է, անձնապես ինձ համար երբեմն դժվար էր պատկերացնել, թե խորհրդային մարդիկ ինչպես կարող էին այդ երկուսը բաժանել մեկը մյուսից. մենք ինքներս էինք տեսնում, թե Խորհրդային Միության գյուղերում, ավաններում ու քաղաքներում իրենցից հետո ինչ էին թողնում վերմախտի նահանջող զինվորները։ Խորհրդային մարդիկ, սակայն, ստույգ գիտեին՝ ինչի դեմ են կռվում, որովհետև այդքան վիթխարի ուժեր ոտքի էին ելել պայքարելու ֆաշիզմի դեմ, որովհետև անգլիական, ֆրանսիական, ամերիկյան և խորհրդային զինվորները դարձել էին ճշմարիտ դաշնակիցներ։
Մենք տեսել էինք ամայացած Սևաստոպոլի ավերակները, գիտեինք նաև, թե ինչպես էին զավթիչներն անարգել Ղրիմը, և երբ Խերսոնի հրվանդանում, որը հեռու չէր Սևաստոպոլից, հարկ եղավ անցնելու երեք թե չորս ֆաշիստական դիվիզիաների մնացորդների միջով՝ տեսնելով ջախջախված զրահամեքենաներ, շուռ տված բեռնատարներ, պատերազմական քաոս և ամենուրեք՝ մեռած մարմիններ, մեզ թվում էր, որ հրձիգներն ստացել են արժանի պատիժ։ Հիշում եմ. Կարմիր բանակի մի սպա՝ բոլորովին ջահել մի պատանյակ, նայեց այդ դիակներին, օրորեց գլուխը և ասաց. «Ինչքա՜ն կան դրանց մեջ մեղավորներ։ Իսկ քանի՜ անմեղներ են զոհվել»։ Հետո շուռ եկավ և ավելացրեց. «Այդ ի՞նչ համակարգ է, որն իր ժողովրդին դարձրել է ճիվաղ»։
Հիմա այս հիշողությունները շատ կարևոր են, որովհետև պատերազմի այդ վերջին տարում մենք զգում էինք. այո՛, դաշնակիցների արևելյան և արևմտյան բանակների զինվորները մարտնչում են ընդհանուր թշնամու դեմ, մղում ոչ թե կենաց, այլ մահու կռիվ, սակայն նրանց քաղաքական վերաբերմունքը թշնամու նկատմամբ ինչ-որ չափով տարբեր էր։ Մենք հասկանում էինք՝ ապագան կախված չէ միայն ռազմական հաղթանակներից, մեծ դեր պետք է խաղա այն հանգամանքը, թե ինչ քաղաքական լուծման կհանգեն դաշնակիցները։ Պահանջվում էր փոխել այն մահաբեր համակարգը, որ ձևավորվել էր Եվրոպայում, իսկ ինչո՞վ փոխարինել՝ ահա հենց այս խնդրի վրա էին գլուխ ջարդում քաղաքական գործիչները։ Թեհրանի, Յալթայի և Պոտսդամի կոնֆերանսներն ըստ էության կոչված էին հարթելու պատերազմի նկատմամբ դաշնակիցների մոտեցումներում առկա տարաձայնությունները, և ընդհանուր առմամբ ցանկալի արդյունքը ձեռք բերվեց։ Այնինչ մենք՝ թղթակիցներս, գիտեինք, որ ինչ-որ մեկը հիշյալ կոնֆերանսների որոշումները վիժեցնելու փառասիրական ծրագրեր էր որոճում, մինչ այդ որոշումները տպվում էին և խնամքով դրվում կարմիր թղթապանակներում։
Մոսկվայում մենք երջանիկ հնարավորություն ունեցանք տեսնելու այլ երկրների պետական գործիչներին։ Ճիշտ է, թղթակիցներին թույլ չտրվեց ներկա լինել Յալթայի կոնֆերանսին, սակայն մենք Մոսկվայում էինք, երբ ժամանեցին Չերչիլը, դը Գոլը, Արևելյան Եվրոպայի ազատագրված երկրների պատվիրակությունները։
Եվ այսպես, դեռևս 1943 թվականին Չերչիլին ավելի շատ հետաքրքրում էին ռուսները, որովհետև նա ուներ ապագայի իր ծրագրերը։ Անգլիան և Ամերիկան արդեն խոստացել էին ափ դուրս գալ Նորմանդիայում, և Չերչիլը փորձում էր համոզել Միացյալ Նահանգներին՝ հետ կանգնելու իր այդ խոստումից, քանի որ նրա կարծիքով՝ ավելի լավ կլիներ հարվածել «երկրի առանցքին աճուկից» և ափ իջնել Բալկաններում։ Մինչև պատերազմը Բալկաններն Արևմտուտքի համար «սանիտարական կորդոն» էին՝ ընդդեմ բոլշևիզմի, և այնտեղ կարմիր բանակից առաջ հայտնվելու միտքը ցայտունորեն արտահայտվեց նոր սանիտարական կորդոն ստեղծելու փորձով, իսկ ռազմական տեսակետից նման գործողությունն այնքան աննշան էր, որ նույնիսկ նախագահ Ռուզվելտը դեմ արտահայտվեց դրան։ Նույն թվականին՝ մի քիչ ավելի ուշ, Չերչիլը նորից փորձեց այդ գաղափարն առաջ քաշել Թեհրանի կոնֆերանսում, բայց այն դարձյալ մերժեցին՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ, քանի որ դաշնակիցների շահերը պահանջում էին այլ բան։ Ավելի ուշ, 1944 թվականին, երբ Չերչիլը ժամանեց Մոսկվա, իսկ Կարմիր բանակն արդեն մտել էր Ռումինիա և Բուլղարիա, նա փորձեց համոզել՝ «կիսելու» այդ գոտին Անգլիայի հետ։ Նրա առաջարկությունը, սակայն, նորից մերժվեց։
Եվ այսպես, մենք տեսանք, թե միստեր Չերչիլն ինչպես ժամանեց Մոսկվա, բայց գրեթե չգիտեինք, թե իրականում նա ինչի շուրջն է բանակցություններ վարում… Մենք այդ ժամանակ չգիտեինք, որ արդեն հասունանում է «սառը պատերազմի» գաղափարը, որ այդ հին հակաբոլշևիկն արդեն իսկ Եվրոպայի համար ծրագրում է մի ապագա, որը, ինչպես կաթիլը ջրում, մի քանի տարի անց արտացոլվեց «երկաթե վարագույրի» մասին նրա նշանավոր ճառում։
Ողբերգությունն այն էր, որ Կարմիր բանակի մարտիկները, անգլիական և ամերիկյան զինվորները, ազատագրության համար քաղաքացիական պայքարի ելած մարդիկ, որոնք իրենց կյանքը տվեցին Եվրոպայի բոլոր երկրներում՝ պարզապես պաշտպանելով աշխարհը ֆաշիզմից, նույնիսկ պատկերացնել չէին կարող, որ քիչ կմնա՝ դավաճանություն կկատարվի իրենց ապագայի նկատմամբ։ Այդ ժամանակներից սկսած հաճախ է հնչում հարցը՝ «Իսկ եթե նրանք իմանային… Եթե կասկածեին, թե տասը, քսան տարի անց ամեն ինչ շուռ է գալու, ի՞նչ կլիներ այդ դեպքում»։
…Մի անգամ՝ Լենինգրադի պաշարումը վերացնելուց անմիջապես հետո, ես քայլում էի քաղաքի փողոցներով և տեսնելով, թե ինչ զրկանքներ են բաժին ընկել լենինգրադցիներին, վայրկենապես սահմռկեցուցիչ մի զգացում ապրեցի, որովհետև ուղեղս շամփրեց մի միտք. «Իսկ ի՞նչ կլիներ, եթե այս զարմանալի քաղաքը նորից ստիպված լիներ ապրել այն, ինչ ապրեց պաշարման մեջ»։ Չգիտեմ՝ ինչու այդ մասին մտածեցի հենց այն ժամանակ, երբ հեռավոր նշույլ իսկ չկար, թե նման բան կարող էր պատահել։ Եվ, այնուամենայնիվ, դա միստիկ կանխազգացում չէր, ես ուղղակի ենթագիտակցորեն չէի հավատում այն ապագային, որ պատրաստում էին մեզ համար։ Ինչ-որ բաներ ես, այնուամենայնիվ, գիտեի և, թեև աղոտ, պատկերացնում էի, թե ինչ կարող էր լինել պատերազմից հետո՝ վաղ թե ուշ։ Եվ ամեն անգամ, հենց ոտքս Լենինգրադ է ընկնում ու հայտնվում եմ այնտեղ (Կիրովի անվան թատրոնից ոչ հեռու), որտեղ մի օր գլխիս մեջ ծագեց վերոհիշյալ միտքը, ինձ համակում է նույն տագնապալի զգացումը։ Ավելի ուշ՝ «սառը պատերազմի» տարիներին, երբ նոր պատերազմի սպառնալիքը դարձավ բավական շոշափելի, Լենինգրադի մասին իմ այդ միտքը, թերևս, օգնեց ինձ հասկանալու, թե խորհրդային մարդիկ ինչպես են վերաբերվում պատերազմին։ Նրանք այնքան տառապանքներ են կրել, որ խաղաղության ծարավը նրանց համար երբեք չի կարող դատարկ խոսք լինել։ Դրա հետևում անմարելի հույսն է, խոր համոզմունքը։
Եվ հիմա՝ քառասուն տարի անց, մենք տոնում ենք ոչ միայն պատերազմի վերջին, այլև խաղաղության առաջին օրը։ Խաղաղություն, որը միշտ շատ փխրուն եղել է, որը պահպանվել է շնորհիվ խորհրդային մարդկանց զարմանալի, ոչնչի հետ չհամեմատվող համբերության ու վճռականության, շնորհիվ աշխարհի այն միլիոնավոր մարդկանց, որոնք պաշտպանում են խաղաղությունը այն համոզմունքով, որ հիմա այլևս խաղաքարտի վրա դրված է մարդկության գոյության հարցը։
Լոնդոն, 1985թ., ապրիլ
ՋԵՅՄՍ ՕԼԴՐԻՋ
Ռուսերենից թարգմանեց
Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ