Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱԼԱՆ` ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՊԱՏՐՎԱԿՈՎ



Մայիսի առաջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները, չխնայելով ոչ իրենց և ոչ էլ սեփական ընթերցողին, մեծ խանդավառությամբ աղաղակում էին երկրի զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքված դրամական միջոցների ռեկորդային քանակի մասին: Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է ավելի քան 25 մլն ադրբեջանական մանաթ (մոտ 32 մլն դոլար):

Իրականում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածած հաղորդագրությունները` կապված այդ հիմնադրամի գործունեության հետ, սահմանափակվում են միայն հավաքագրված միջոցների մասին հրապարակումներով: Ստեղծման օրվանից` 2002թ. օգոստոս 17-ից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ գեթ մեկ անգամ հանրությանը չի տեղեկացրել հիմնադրամում հավաքագրված ֆինանսական միջոցների նպատակաուղղվածության մասին: Նշված հիմնադրամի թափանցիկ չլինելը, ինչպես նաև Ադրբեջանի` աշխարհի ամենակոռումպացված պետություններից մեկը լինելը հիմք են տալիս ենթադրելու, որ այդ միջոցները, մեղմ ասած, չեն օգտագործվում ըստ նշանակության: Կարելի է լինել լավատես և մտածել, թե հիմնադրամում հավաքված միջոցները անցած տասը տարիների ընթացքում դեռևս չեն օգտոգործվել: Սակայն տվյալ պարագայում հարց է առաջանում այդ հիմնադրամի գործունեության անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ:

Չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ հիմնադրամը ստեղծվել է ոչ թե հասարակական նախաձեռնությամբ, այլ հենց պետության կողմից` ի դեմս երկրի նախագահի: Զարմանալի է, որ նավթադոլարների մեջ խեղդվող Ադրբեջանը, որը տարբեր տեսակի եվրատեսիլներ կազմակերպելու և Բաքվում տասնյակ երկնաքերների կառուցման համար ամեն տարի միլիարդավոր դոլարներ է ծախսում, զինված ուժերի օգնության համար նախագահի մակարդակով հասարակ ժողովրդից փող է հավաքում: Վերջապես, հենց Ադրբեջանի իշխանություններն են ամենամյա տարվա բյուջեի նախագծման և ընդունման ամբողջ գործընթացի ժամանակ մի գլուխ հիացմունքով խոսում երկրի բյուջեի հսկայական աճի և հաջորդ տարի ռազմական ոլորտին հատկացվող հսկայական միջոցների մասին:

Ամեն դեպքում, մնում է միայն խղճալ ադրբեջանական հասարակ ընտանիքներին և ձեռնարկատերերին, քանի որ հանրությունը արդեն իրազեկ է Ադրբեջանում «ինքնակամ» հիմունքներով անցկացվող դրամահավաքության բոլոր մութ կողմերին, ինչի օրինակն է նաև այս տարվա մայիսի վերջին Բաքվում կայանալիք Եվրատեսիլի ծախսերի համար կազմակերպված անկանոն դրամահավաքը, երբ ադրբեջանական դպրոցների հասարակ ուսուցիչներին ուղղակիորեն թալանում էին` յուրաքանչյուրի աշխատավարձից առանց որևէ բացատրության պահելով 10 մանաթ (մոտ 12,5 ԱՄՆ դոլար): Մնում է միայն գուշակել, թե Ադրբեջանի հասարակ բնակչության որ խավն է տուժել այս անգամ:

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ

Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Ռազմաքաղաքական


16/05/2012