ՉՄՈՌԱՑՎՈՂ ՀՈՒՇԵՐ
67 տարի է անցել այն օրից, երբ Բեռլինում ծածանվեց հաղթանակի դրոշը։ Այդ բաղձալի հաղթանակի նվաճման գործում իրենց լուման բերեցին նաև Երևանի N 17 հրետանային հատուկ դպրոցի ուսուցիչներն ու սովորողները։ Այսօր արդեն Պուշկինի անունը կրող դպրոցում 1939թ. բացվեց հրետանային հատուկ դպրոցը՝ խորհրդային բանակի կրտսեր հրամանատարական կազմը լրացնելու նպատակով (1941թ. տեղափոխվեց կայարանամերձ նոր շինություն, որտեղ հիմա Ավ. Իսահակյանի անվան դպրոցն է)։ Ուսուցումը ռուսերեն էր, լրիվ միջնակարգ կրթության ծրագրով։ Զուգահեռ ռազմական գործ էինք սովորում։ Հրետանավորի ուսադիրներով, զինվորական համազգեստով աշխույժ ելումուտ էինք անում զորանոցում, գնում ուսումնական շենք, մարզասրահ և հրաձգարան, մասնակցում ռազմական և շարային պարապմունքներին։ Հրետանավորի համազգեստով մենք մեզ հերոսներ էինք համարում, մարդիկ ակնածանքով էին նայում մեզ, սիրով և գորովանքով։
Որքան էլ տարիներ անցնեն, ինչքան էլ ջրեր հոսեն, միևնույն է, ժամանակի մեջ մոռացություն չկա։ Հիմա ավելի հաճախ եմ հիշում մեր հրետանայինի տղաներին։ Իսկ ի՜նչ հրաշալի ուսուցիչներ էին մեզ դասավանդում։
Ադոնց Մուշեղ՝ մեզնից ուժեղ,
Մենք քո առաջ ճանճ ու մժեղ,
Քշում ես մեզ ինչպես տաշեղ…
Տղերքը կատակերգ էին նվիրել մեր մաթեմատիկայի ուսուցչին՝ ընկեր Մուշեղին։ Շատ բարի մարդ էր, բայց չափազանց խիստ էր` մեզնից գիտելիքներ պահանջելիս։ Մեր երգը հասավ դպրոցի հրամանատարությանը և՝ «ով երգի Ադոնց Մուշեղ՝ երեք օր կալանատուն»։
Է՜, թռավ ժամանակը։ Հիմա մեր հրետանային դպրոցի տղերքից հազիվ մի քանի հոգի մնացած լինենք։ Ամեն տարի Հաղթանակի օրը հավաքվում էինք Երևանում, հուշերի գիրկն ընկնում։ Հիշում էինք մեր անցած օրերը և քահ-քահ ծիծաղում, հիշում էինք մեր անցած օրերը ու լաց լինում…
Երևանի Պուշկինի անվան դպրոցի պատի հուշատախտակին փորագրված են Մեծ հայրենականում զոհված մեր հատուկ դպրոցի տղաների անուն-ազգանունները. Սահակ Այվազյան, Ասատուր Վարդանյան, Ֆյոդր Վերյուտին, Ջեյմս Շահինյան, Վլադիկ Էյֆենջյան… 26 սան իր կյանքը նվիրեց հայրենիքին։
Մեր հրետանայինի շրջանավարտներից շատերը հետագայում արժանացան զինվորական բարձր կոչումների՝ գնդապետներ Արշալույս Աթաբեկյան, Լևոն Կունջուլով, Սուրեն Ջեյրանյան, Վարդան Հակոբյան, Պավել Արզումանյան, Ալեքսանդր Հարությունյան, Սերգեյ Ղալումյան… (հետպատերազմյան տարիներից ի վեր մեր հավաքած ոչ լրիվ տվյալներով, շրջանավարտներից շուրջ 60-ը ավագ սպաներ էին, ունեցել ենք նաև գեներալներ)։ Ուրիշ էին մեր հրետանայինի տղերքը։ Նրանցից ամեն մեկի մասին կարելի է երկար-երկար պատմել. շինարարներ, բանասերներ, մանկավարժներ, արվեստի գործիչներ…
Հանրապետության հրապարակում գտնվող Յոթաղբյուրից ո՞վ ջուր չի խմել։ Հեղինակը մեր հրետանային դպրոցի սան Սպարտակ Կնդեղցյանն է։ Ո՞վ չի հիացել նկարիչներ Անատոլի Պապյանի, Ազատ Լեյլոյանի կտավներով։ Ո՞վ չի գերվել-հմայլվել Գրիգոր Հախինյանի դյութական մեղեդիներով… Մեր հրետանայինի հրաշք տղերքը։ Ո՞ր մեկի մասին պատմեմ։ Տարիների ընթացքում պարապ չեմ նստել, Մարտիկ Ծատուրյանի հետ մեկիկ-մեկիկ հավաքել ենք մեր դպրոցի շրջանավարտների մասին տեղեկություններ (նրանք ցրվել էին ամբողջ աշխարհում) և տրամադրել «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին։
…Մայիսի 9-ին մտքերս ու հոգիս է՛լ ավելի կփոթորկվեն, ու էլի կհիշեմ մեր հրետանայինի տղաներին ու …մի աչքիս ժպիտ կլինի, մյուսին՝ արցունք…
ՍՈՒՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայրենական պատերազմի վետերան