ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ 1914-1918ԹԹ.
ՍՄԲԱՏ
Ծնվել է Մուշում։ Փոքր հասակից մասնակցել է ֆիդայական «Վարդանանց» խմբին։Անդրանիկի մղած բոլոր կռիվներում (Առաքելոց վանքի, Սասունի ապստամբության ժամանակ, 1-ին կամավորական ջոկատի մղած մարտերում) եղել է Զորավարի անփոխարինելի օգնականը։ Հայտնի է նաև Մախլուտո անունով։
Մահացել է Երևանում, թաղված է Սուրբ Էջմիածինի Սբ. Գայանե վանքի բակում, Խենթի կողքին, համաձայն իր կտակի. «Հավատքիս համար ինձ կթաղեք Սբ. Էջմիածնում, իսկ քաջությանս համար՝ «Խենթի» կողքին, եթե հարմար կդատեք»։
ԶՈՐԱՎԱՐ ՍՄԲԱՏԻ ԵՐԳԸ
Տարոնի առյուծ, քո հոգուն մատաղ,
Քեզ ենք ասում, քաջաց քաջ Սմբատ,
Տարոնի ազգիդ օգնության հասիր,
Տառապյալ ազգիդ օգնության հասիր։
Քեզ կսպասե Տարոն անդադար,
Հասիր օգնության, դուն քաջ ղեկավար,
Անդրանիկ, Սմբատ, ուր է քաջ Սեպուհ,
Լուր տվեք Վարդանին ու Քեռուն։
Եկեք Ձեր խմբերով՝ շուտ միացեք,
Ջարդեցեք վատ թուրքին, երբեք մի խնայեցեք,
Գազան թշնամին յուր սուրն է բռներ,
Կոտորում է անզեն հայերին։
Նրա մասին կարդացեք Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքում։
ԴՐԱՍՏԱՄԱՏ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԿԱՆԱՅԱՆ
(1883 մայիսի 1, Իգդիր – 1956թ. մարտի 8, Բոստոն, ԱՄՆ)
Ծնվել է Սուրմալուի գավառի կենտրոն Իգդիրում։ Սովորել է Երևանի ռուսական գիմնազիայում։ 1904թ. ընդունվել է զինվորական ուսումնարան, սակայն հեղափոխական շարժումներին մասնակցելու համար հեռացվել ուսումնարանից, առանց լրիվ դասընթացը ավարտելու։1905-ին 22-ամյա Դրաստամատը Նիկոլ Դումանի հրահանգով սպանեց Բաքվի նահանգապետ Նակաշիձեին, որը կազմակերպում էր հայ-թաթարական ընդհարումներ՝ ձգտելով նրանց հեռու պահել ցարիզմի դեմ ընդհանուր պայքարից։ Մինչ այդ Դրաստամատը Հայկ Բժշկյանցի (Գայի) հետ մահափորձ էր կատարել Կովկասի փոխարքա Գոլիցինի դեմ (1903թ.), որի հրամանով փակում էին հայկական դպրոցները։ 1907թ. հունիսին ահաբեկել է հայ և վրաց ժողովրդի դահիճ Ալիխանով Ավարսկուն։
1908թ. Դրաստամատն անցել է Արևմտյան Հայաստան՝ Բայազետ, ակտիվորեն մասնակցել ֆիդայական շարժմանը։ 1914թ. նշանակվել է կամավորական 2-րդ ջոկատի հրամանատար (ուղղությունը՝ Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան)։ Կովկասի փոխարքայի գրասենյակի հատուկ բաժնի պետ գեներալ Պիսարևսկին գրում է.«Հայ կամավորները հրաշք էին գործում ոչ միայն մարտական խնդիրների կատարման օրինակով, այլ նաև արդյունքներով»։
Գեներալ Կուլեբյակինը (հետագայում՝ ռազմական պատմաբան) ընդգծել է Դ.Կանայանի անձնական քաջությունն ու հավատարմությունը ռուսական զենքին։
1917թ. Դ. Կանայանը Հայ Ազգային Խորհրդի կողմից նշանակվում է Հայկական կորպուսի կոմիսար (հրմ.՝ Թ. Նազարբեկյան)։
1918թ. ղեկավարել է Բաշ Ապարանի հաղթական ճակատամարտը։ Լինելով ռուսական կողմնորոշման ջատագով, 1920թ. օգոստոսի 10-ին համաձայնություն կնքեց Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանի հետ՝ ապահովելով Կարմիր բանակի մուտքը Հայաստան։ 1920թ. նոյեմբերին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար, իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ Կարմիր բանակի հրամանատար, սակայն դժգոհ Ստալինի հակահայ քաղաքականությունից՝ հեռացել է արտասահման։
ՄԵԾԵՐԻ ՎԵՃԸ
1914թ. Դրոն կամավորական 2-րդ ջոկատի հրամանատարն էր, իսկ Նժդեհը՝ նրա տեղակալը։ Հաճախ էին վիճում իրար հետ։ Երկուսն էլ սկզբունքային, երկուսն էլ բանավեճի վարպետ։ Ու նրանց բոլոր վեճերը ավարտվում էին թեյի, երբեմն էլ գինու բաժակի շուրջ՝ մեծերին վայել վերջաբանով։-Դրո ջան, կենացդ, էդ ինչ լավ հայոց պատմություն գիտես, ինչ լավ էլ պատմում ես…
-Նժդեհ ջան, կենացդ, էդ ինչ լավ ես խոսում. բոլոր լեզվագետները քեզնից պիտի շարահյուսություն սովորեն։
Մեզ մնում է նրանց օրինակել ու մեկ էլ զարմանալ… որտեղից են նրանք սովորել Հայոց պատմությունն ու լեզուն, երբ երկուսն էլ ռուսական կրթություն ունեին…
ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ
Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Պատմության էջերից