Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ



Ժամը 10։00-ին մարտական տեխնիկան ու անձնակազմը կենտրոնացել են հրապարակի հարակից փողոցներում։

Ժամը 10։15-ից մինչեւ 10։20-ը միացյալ նվագախումբը շարային քայլերգի կատարմամբ փողոցից շարժվում է դեպի հրապարակ եւ զբաղեցնում ելման դիրքերը։

Երևի բոլոր պետությունների մայրաքաղաքներում նույն ժամին այսպես են սկսվում բոլոր զինվորական շքերթները: Սովորաբար միանման են լինում նաև իրադարձությունները, որոնց նվիրված է լինում զինվորական շքերթը: Իսկ այս անգամ…

Պատմում է պահեստի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը. «Շուշիի ազատագրման մասին խոսելիս կարևոր է համադրել, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ խնդիր էր կատարում: Շուշին մեր հարազատ քաղաքն էր, որը սիրում էինք ու կարոտում, իսկ նա մահ ու ավեր էր սփռում մեզ վրա և մինչև 1992-ի մայիսի 8-ը հասցրեց ավերել Ստեփանակերտի շուրջ երեք չորրորդը: Թշնամին ոչ միայն զինական, այլև օպերատիվ-դիրքային բացարձակ առավելություն ուներ, իսկ միջոցների՝ զենք-զինամթերքի հարաբերակցության մասին խոսելն ուղղակի անիմաստ է, որովհետև Շուշի-Լաչին ավտոճանապարհն անխափան գործում էր՝ ի տարբերություն Հայաստան-Արցախ ուղղաթիռային կապի: Ճիշտ է՝ մեր օդաչուներն ուղղակի հրաշքներ էին գործում՝ թռչելով ոչ թե դասական առումով օդային տարածքով, այլ ձորերով ու բարձունքների միջեւ ընկած միջանցքներով, բայց դրա համար գոնե պարզ եղանակ էր պետք, որը լեռնային բարձրադիր տեղանքում, որտեղ ձմեռը շատ շուտ է գալիս ու բավական ուշ հեռանում, միշտ չէ, որ լինում է»:

Ժամը 10։20-ին նվագախումբը կատարում է տոնական շեփորականչը, որը ավարտվելուն պես սկսվում է զինվորական շքերթին մասնակից շարասյուների մուտքը դեպի հրապարակի նախանշված տեղերը։

Շարասյուները եկել են հեռու-մոտիկ՝ հանրապետության մայրաքաղաքում ու մերձակայքում 20 տարի առաջ մահ ու ավեր սփռող թշնամական հենակետերում տեղակայված զորամասերից ու նաև Արաքսի ափից, Տոնաշենի անտառապատ բարձունքներից: Ստեփանակերտի հրապարակ հասնելու համար յուրաքանչյուր շարասյան ամեն մի զինվոր երկար ճանապարհ է անցել: Սկզբում քայլել է զորամասի շարահրապարակում, ապա զինվորական մեքենաներով հասել կենտրոնական զորավարժարան, որտեղ տեղի են ունեցել զորահանդեսի գլխավոր փորձերը, հետո նոր եկել հրապարակ: Եթե բոլոր այդ ճանապարհների երկարությունը գումարենք իրար, գուցե կստանանք զգալի մասն այն ճանապարհի, որը 1992 թվականին արդեն բռնել էին նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներն ու հայաստանյան կամավորական ջոկատները, իսկ ավելի ճիշտ՝ արցախահայությունն ու ողջ հայ ժողովուրդը: Քսան տարի առաջ ետդարձի ուղի այլևս չկար, ու դժվարին այդ ճանապարհը միայն առաջ էր տանում` դեպի բարձունքում գտնվող անմատչելի բերդաքաղաքը, դեպի մեզ պարտադրված պատերազմի հրդեհների կիզակետը, որի այն կողմում արցախահայության հզոր ու պաշտպանված ապագան էր:

Պատմում է պահեստի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը. «Շուշին պաշտպանում էր 2.800 հոգուց բաղկացած ադրբեջանական ուժեղ զորախումբը: Ըստ ռազմական տեսության՝ հարձակման գնացող կողմը պիտի կարողանա ապահովել ուժերի և միջոցների եռապատիկ, իսկ լեռնային տեղանքում՝ քառապատիկ առավելություն: Մեր տրամադրության ներքո այդքան ուժեր բնականաբար չկային, և Շուշիի ազատագրմանը՝ ոչ թե բուն գրոհին, այլ ողջ գործողությանը (ներառյալ ռեզերվային, ապահովման և այլ խնդիրներ կատարող ստորաբաժանումները) մասնակցել է հենց 2.800 մարտիկ, իսկ բուն հարձակմանը՝ 1200:

Ունեցած ուժերով ու զինամթերքով մենք կարող էինք առավելագույնը եռօրյա հարձակողական գործողություն իրականացնել: Այնինչ Շուշիի մեկ պաշտպանին, նվազագույն հաշվարկներով, բաժին էր ընկնում ավելի քան երեսուն մարտահամալիր, այսինքն՝ առանց լրացուցիչ օգնության և մատակարարման, քաղաքն առնվազն մեկ ամիս կարող էր պաշտպանվել: Իսկ «Գրադների», անխափան մատակարարման ու մեկ զինվորին բաժին ընկնող երեսուն մարտահամալիրների փոխարեն մենք ունեինք միայն կամավորական ջոկատներ: Բայց նրանց ոգին բարձր էր, քանի որ նախընթաց մարտերում ռազմական ու ֆիզիկական առումով մեծապես կոփվել ու հմտացել էին, մարտական փորձ ձեռք բերել: Մինչ Շուշիի գրոհն արդեն եղել էին օպերատիվ-դիրքային առումով ծանրագույն, դժվար գործողություններ, թեկուզ միայն Տողի ու առանձնապես Սարուշենի ազատագրումը: Վերջինս առավել անմատչելի դիրք ուներ և պաշտպանության ինժեներական ավելի հզոր ապահովում, քան Շուշին, ու մինչև 1991-ի նոյեմբերի 14-ը երկրորդ Շուշի էր Հադրութ ավանի համար: Նման յուրաքանչյուր գործողությունից հետո մեր կամավորները մարտի կազմակերպման ու վարման մեծ փորձ էին ձեռք բերում, իսկ հրամանատարները կարողանում էին առավել լավ կազմակերպել հրետանու, կապի, ինժեներական և մյուս ստորաբաժանումների համագործակցությունը, գրագետ իրականացնել օպերատիվ քողարկումն ու դիմել ռազմական խորամանկությունների»:

Այսպիսի մի հասկացություն կա՝ «կարմիր գիծ»: Այլ կերպ ասած՝ «անդառնալիության կետ»: Այն անցնելուց հետո կողմերի համար այլևս վերադարձ չկա: Ու հիմա դժվար է ասել, թե երբ գծվեց ու խախտվեց այդ «կարմիր գիծը». անցած դարասկզբի հայ-թաթարական ընդհարումների ընթացքում 1905 թվականի օգոստոսի 16-ից 22-ի Շուշիի առաջի՞ն, հաջորդ տարվա հուլիսի 12-ից 22-ի երկրո՞րդ կռիվների ժամանակ, թե՞ 1920-ի մարտին Շուշիի մեծ հրդեհի օրերին: Իսկ գուցե 1988-ի սեպտեմբերի՞ն, երբ Շուշիից հեռացան վերջին հայերը, թե՞ 1989-ի դեկտեմբերի 20-ին, երբ հրդեհվեց քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

1991-ի նոյեմբերից մինչև 1992-ի մայիսի 8-ը Շուշիից ու մերձակա կրակակետերից Ստեփանակերտի վրա արձակված շուրջ 15.000 արկերից ու հրթիռներից ո՞ր մեկի պատճառած ավերածություններում ի հայտ եկավ այդ «անդառնալիության կետը», և պարզ դարձավ, որ «ադրբեջանաբնակ» Շուշին ու հայկական Ստեփանակերտն այլևս կողք կողքի չեն կարող գոյատևել…

Մի կողմից Շուշիի բնական դիրքը, մյուս կողմից՝ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի աղքատիկ սպառազինությունը գրեթե անհնար էին դարձնում պատասխան կամ հակառակորդին փոքրիշատե զսպող գործողությունների իրականացումը: Արդյունքում ավերվեցին հարյուրավոր բնակելի ու հասարակական շինություններ, հարյուրավոր մարդիկ զոհվեցին, վիրավորվեցին, դարձան խեղանդամ: Թշնամու բանակի լիակատար շրջապատման մեջ գոյության կռիվ մղող երիտասարդ հանրապետության մայրաքաղաքն ուղիղ կես տարի ապրեց նկուղային կյանքով: Նկուղում վիրավոր էին վիրահատում, ծնունդ ընդունում…

Նկատի առնելով Շուշիի մատույցները երիզող կրակակետերի շուրջ 35 կիլոմետր ձգվածությունը, ինչն անհնար էր դարձնում ողջ ճակատով հարձակողական մարտերի ծավալումը, որոշվեց քաղաքը գրոհել չորս ուղղություններով:

Դարձակետային այդ գործողությունը նախատեսվել էր իրականացնել ապրիլին, բայց եղանակային պայմանների ու այլ գործոնների պատճառով մի քանի անգամ հետաձգվեց: Ապրիլին Ստեփանակերտ եկան Գուրգեն Դալիբալթայանը, Լեոնիդ Մարտիրոսովը ու այլ բարձրաստիճան զինվորականներ՝ նախապատրաստելու դժվարին, ուղղակի անհավանական թվացող այս գործողությունը:

Եթե լրիվ հրապարակվի գրոհի նախօրեին Ինքնապաշտպանության ուժերի ունեցած հրթիռահրետանային սպառազինության ու զինամթերքի անվանացանկը, երևի ոչ ոք չհավատա, թե Շուշիի ազատագրմանը պատրաստվելիս լոկ այդքան արկ ու հրթիռ կար, որոնց մի մասն էլ լրիվ կոմպլեկտավորված չէր: Բայց իրականությունն այն է, որ Շուշիի գործողության ժամանակ հայկական զինված ուժերում առաջին անգամ ստեղծվեց հրետանու խմբավորում:

Գրոհի նախօրեին ստացվեցին նաև առաջին քսան «Ալինկո» գերկարճալիք ռադիոկայանքները, որոնցով կապ էր ապահովվում վերադաս հրամանատարության, իսկ խորհրդային «Ռ-159»-ներով՝ ենթակա ստորաբաժանումների հետ:

Ինքնապաշտպանության ուժերի ինժեներական ծառայությունը նախընթաց օրերին Զառիսլուի և Քոսալար-Ջանհասանի ուղղություններում հարձակման ինժեներական ապահովման մեծ աշխատանքներ էր իրականացրել: Սակրավորները գրոհից մեկ շաբաթ առաջ այնտեղ էին, իսկ երկու օր առաջ՝ հարձակման ուղղությունների ելման դիրքերում:

Վիրավորներին որակավորված բժշկական օգնության շուտափույթ ցուցաբերման նպատակով ռազմադաշտային հոսպիտալներն Ինքնապաշտպանության ուժերի ռազմաբժշկական ծառայության հիմնադիր, մեզնից անժամանակ հեռացած Վալերի Մարությանի նախաձեռնությամբ առավելագույնս մոտեցվեցին մարտական գործողությունների գոտուն, և Սղնախի ու Քարինտակի միջև առաջին գծից երկու կիլոմետր հեռավորության վրա դաշտային հոսպիտալ բացազատվեց: Հայաստանյան բժիշկներին ղեկավարում էր Մարատ Բոյաջյանը, իսկ Ստեփանակերտի ախտորոշիչ կենտրոնում մնացած բուժանձնակազմին՝ Արամայիս Գրիգորյանը:

Ոչ ոք կենդանի մնալու հույս չուներ, բայց այլ ելք չկար. գրոհի չգնալը դանդաղ մահ էր, և մարտիկները համբուրվեցին, հրաժեշտ տվեցին միմյանց ու գնացին, հավատացած, որ հաղթելու են, բայց շատ մեծ զոհերով, ու քչերն են տեսնելու հաղթանակը…

Զորահանդեսի հրամանատարն իրականացնում է անձնակազմի զորատեսը։

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր հեռուստառադիոկայններով հնչում են նույն խոսքերը.

Ստեփանակերտ։

9-ը մայիսի, 2012 թվական։

Զորահանդես՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին։

Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն:

Քսան տարի առաջ, մայիսի 8-ի գիշերը, ժամը 2.30-ին տրվեց հարձակման հրամանը, և չորս ուղղություններով սկսվեց բերդաքաղաքի գրոհը:

Պատմում է պահեստի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը. «Եթե այս մարտիկները սովորական զորքերի կազմում լինեին, ես և մյուս հրամանատարները նրանց պիտի ստիպելով տանեինք գրոհի: Բայց ես այնպիսի ուժերի հրամանատար էի, որ ենթարկվում էի մարտիկների կամքին, որովհետև նրա՛նք էին պահանջում գնալ խելահեղ գրոհի, գնալ անհնար թվացող ազատագրման: Ես երբեք չեմ մոռանա Խոջալուի ազատագրման հաջորդ առավոտը, երբ երիտասարդ մարտիկը, որին բոլորս «Ճուտ» էինք կոչում, քարտեզը փռեց դիմացս ու հրամայաբար հարցրեց. «Հրամանատար, ե՞րբ ենք գրոհելու Շուշին»: Շուշին այդպես գրավվեց: Գործում էր Նապոլեոնի հանրահայտ դրույթը՝ բարձր մարտական ոգին եռապատկում ու քառապատկում է եղած ուժերը: Շուշիի ազատագրումը դրա դասական արտահայտությունն էր, երբ ոգու բարձրությունն ու արիությունը փոխհատուցեցին ուժերի ու միջոցների մեծ պակասը»:

Ստեփանակերտի (հյուսիսային) ուղղությունը ղեկավարում էր մեզնից անժամանակ հեռացած գնդապետ Վալերի Չիթչյանը, Շոշ գյուղի (արևելյան) ուղղությունը՝ Արկադի Կարապետյանը, Լաչինի (հարավային) ուղղությունը՝ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ Սամվել Բաբայանը, իսկ Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղությունը՝ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պահեստազորի հրամանատարն էր Յուրա Հովհաննիսյանը:

40 րոպեանոց հրետանային նախապատրաստությունը կատարյալ անակնկալ էր թուրքերի համար: Շուտով կարգադրվեց Աղդամի վրա 40 հրթիռ կրակել, որ սսկվեն և չփորձեն շեղող հարձակում ձեռնարկել:

Թշնամին բետոնե բլոկներով փակել էր գլխավոր ճանապարհը, շուրջը հող լցրել ու ականապատել: Բայց շտապել էին, ու որոշ ականներ անգամ երևում էին: Մինչև սակրավորները կաշխատեին, տանկերը սարերով շրջանցեցին այդ հատվածը:

Ամեն ինչ հարթ էր ընթանում, մինչև տանկը խփվեց, ապա ՀՄՄ-ն շուռ եկավ, և գործողությունը վտանգվեց: Բայց Արկադի Տեր-Թադևոսյանը պնդեց դիմանալ ու սպասել: Իսկույն այդ ուղղություն մեկնեց Ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ, այսօր պահեստի գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանը, որ մարտիկների ոգին բարձրացնելու համար հետը տարավ նաև… 13-ամյա որդուն:

Ինքնապաշտպանության ուժերի կապի պետ Արթուր Փափազյանը թեև ձեռքի լուրջ վերք ուներ, գործողության կապի ապահովումը ղեկավարելուն զուգընթաց նաև անձամբ ապահովեց կապը գրոհող ստորաբաժանումների ու բարձր հրամանատարության միջև: Եվ միայն վերջին գրոհի հրամանն Արկադի Տեր-Թադևոսյանը բոլոր զորքերին անձամբ հաղորդեց. հայերեն փոքր-ինչ դժվարությամբ արտահայտվելով, պարզ, հասարակ բառերով ասում էր, որ վերջին մի ճիգ է պետք Շուշին գրավելու համար, գործի կեսն արդեն արված է, ու նաև բացատրում էր, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա, ու հիմա եթե անգամ հաջողվի հետ դառնալ բերդաքաղաքի մատույցներից, այլևս անհնար կլինի նման հարձակում կազմակերպել: Ու զորքերը վերստին առաջ գնացին:

Առավոտյան ազատագրվեցին Քոսալարի ու Ջանհասանի բարձունքները: Կեսօրին քաղաքի պաշտպանությունը հյուսիսից ու արևելքից ճեղքվեց, և արդեն կռիվներ էին մղվում շուկայում ու քաղաքի կենտրոնական մասում, ինչպես նաև բանտի մերձակայքում: Քիրս լեռան ուղղությամբ գործող ջոկատները, գրավելով կարևոր բարձունքները, սկսեցին վերահսկել Շուշի-Լաչին ավտոճանապարհը, ինչը վերջնական խուճապ առաջացրեց հակառակորդի շարքերում: Ադրբեջանական մեկ ինքնաթիռ, ապա երկու ուղղաթիռ, գնդակոծեցին Ասկերանի ու Մարտունու մի շարք բնակավայրեր, բայց ապարդյուն… թշնամին արդեն տարբեր ճանապարհներով փախչում էր ազատագրվող քաղաքից: Հակառակորդը շեղող խոշոր հարձակում ձեռնարկեց նաև Հադրութի շրջանի Տող գյուղի ուղղությամբ, բայց հետ շպրտվեց դեպի ելման դիրքեր: Մայիսի 9-ի առավոտյան Շուշին լրիվ ազատագրված էր:

Հաջորդ օրը Ստեփանակերտն առաջին անգամ ենթարկվեց օդային հարվածի: Հակառակորդը մի քանի տասնյակ տանկերի ու զրահամեքենաների աջակցությամբ մտավ Ասկերանի սահմանամերձ մի քանի բնակավայրեր, բայց թանկ զոհերի գնով հետ շպրտվեց:

Իսկ հոսպիտալը տեղափոխվեց Շուշի՝ իրականացնելու Լաչինի մարդասիրական միջանցքի բացման գործողության ռազմաբժշկական ապահովումը…

Շուշիի ազատագրման հրամանատարներից այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բնորոշմամբ՝ «Շուշիի ազատագրումը և Լաչինի միջանցքով Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնումն Արցախյան պատերազմի ամենամեծ նվաճումներից էին, որոնք հռչակված անկախությունը դարձրին առավել իրատեսական ու շոշափելի»:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


16/05/2012