ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԿԸ
Մենք կորցրինք մեր պատմական հողերը, բայց բարոյական հաղթանակ տարանք` սովորեցնում էր պատմության դասագիրքը ու չէր բացատրում, թե ինչպես կարող է պարտությունը բարոյական լինել։ Մեզ սպանեցին, մորթեցին, տեղահան արին, ցրեցին աշխարհով մեկ, բայց մենք բարոյական հաղթանակ տարանք` համոզում էին ուսյալ պատմաբանները ու չէին հասկանում, որ այդ յուրօրինակ «հաղթանակի» ներշնչած հպարտությունը նույնքան թույլ է ու անպտուղ, որքան հզորների սեղանից թղթե շերեփով բաժին պոկելու ակնկալիքը։ Բարոյական հաղթանակ` կորցրած հողերի, բռնաբարված արժանապատվության, հազարավոր մարդկային կորուստների դիմաց։ Ու մինչ մենք` սգավոր ու գթահայց, փորձում էինք համոզել բոլորին, որ մեզ կոտորել են, մորթել են, խլել են մեր պատմական հայրենիքը, աշխարհը զուսպ ու քաղաքակիրթ ցավակցում էր մեզ` հոգնելով գութ ու կարեկցանք շռայլելու, մեր ողբը լսելու պարտադրանքից։ Ու չէր հասկանում, թե մեր ուզածն ինչ է, թե ինչ է տալու մեզ այս արեւի տակ իրենց տեղը նվաճած, իրենց բարոյական պատերազմը վաղուց իրական հաղթանակով ավարտած ժողովուրդների ցավակցությունը, երբ մեր խաչքարերը պղծվում են, մեր սրբություններն անարգվում, մեր հողերը բաժին են հասնում օտարին։ Չէին հասկանում, քանի որ մեր լեզուն` արդարություն աղերսողի, գութ հայցողի լեզուն, խորթ ու անհասկանալի էր նրանց համար, որոնց ունկերը վաղուց արդեն վարժվել էին ուժի ու ըմբոստության բարբառին։ Մենք պիտի սովորեինք այդ լեզուն, որքան էլ մեր լալկան սիրտը խորթացած լիներ նրա հրացայտ ոգուց։ Մենք պիտի պեղեինք մեր արյունն ու Տիգրան Մեծի տրոփը զգայինք մեր մակարդուն զարկերակներում։ Մեր հավաքական հիշողության խորխորատներում կար-ապրում էր Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի հպարտությունը, որ հաղթանակ բառին նոր իմաստ ու խորհուրդ էր հուշում։ Մեր նախնիները փառահեղ հաղթանակներ էլ են տոնել։ Մեր բազկի ուժը թշնամին զգացել է իր քառատվող ողնաշարին ու ծնկել է մեր առաջ։ Մենք հաղթել ենք, երբ հավատացել ենք ինքներս մեզ ու իրար։ Երբ եղել ենք հավաք, միասնական ու հուսավառ։ Մենք Տիգրան Մեծի, Վարդանի, Նժդեհի ու Անդրանիկի զարմից ենք ու չէինք կարող բարոյական հաղթանակների` մեզ գետնաքարշ անող բեռը 21-րդ դար տանել։ Ու չտարանք։ Շուշիի ճակատամարտից մենք այլեւս սոսկ բարոյական հաղթանակ չէինք ակնկալում, մենք կռվի էինք ելել հաղթելու աներեր հավատով։ Այդ ճակատամարտին մենք վաղուց էինք պատրաստվում։ Երկրապահ բոլոր ջոկատների մարտիկները գիտեին, որ ճակատամարտի ելքը պատերազմի ելքն է որոշելու։ Ու Շուշին ազատագրող նվիրյալների շարքերը համալրվում էին օր օրի։ Թշնամին մեր գրոհին սպասում էր ապրիլի 24-ին։ Նա չգիտեր, որ Շուշիի ճակատամարտը մեզ համար ավելին է, քան վրիժառությունը։ Որ մեզ սնողը միայն ատելությունն ու ցեղասպանության համար վրեժ լուծելու մղումը չէ, որ քաղաքի ճակատին բազմած ռուսատառ Շուշա բառը մեսրոպատառ Շուշի դարձնելը նախ եւ առաջ ազգային արժանապատվության խնդիր է, Ավարայրով, Սարդարապատով անցնող ու վաղուց ընդհատված ճանապարհը շարունակելու երազանք… Ու մենք ընտրեցինք մայիսը` մեր հաղթանակների ամիսը, մեզ Ավարայր ու Սարդարապատ պարգեւած մայիսը նորօրյա փառքով պսակելու համար։ Թշնամին զգում էր, որ այդ կռիվը ճակատագրական է լինելու։ Թշնամին զգում էր մեր ուժը, կամքը, ոգին։ Ճակատամարտից առաջ ոգու հաղթանակ տոնող հերոսները ոգու պարտություն էին պարտադրում թշնամուն։ Ապրիլի 24-ից մայիսի 8-ը ձգվող սպասումը հավասարակշռությունից հանեց թշնամուն։ Նրանք նախահարձակ եղան, սկսեցին գնդակոծել Արցախի մայրաքաղաքը։ Սակայն թշնամուն ոչինչ չփրկեց։ Ո՛չ օր ու գիշեր փորված ստորգետնյա խրամատները, ո՛չ լրացուցիչ ամրությունները բերդավանում, ո՛չ հսկայական ուժերի կենտրոնացումը, ո՛չ էլ նախահարձակ լինելով ինքնավստահություն ներշնչելու հնարանքը։ Շուշին գրավելու ռազմական գործողությունները սկսվեցին մայիսի 8-ի առավոտյան։ Մթնշաղին հայ ազատամարտիկը մտավ Շուշի։ Թշնամին հեռացավ մեր քաղաքից մեծ կորուստներով։ Թերեւս առաջին անգամ թշնամին լիովին զգաց մեր բազկի զորությունը, հասկացավ` մենք ոչինչ չենք մոռացել ու չենք մոռանալու։ Որ Շուշի անունը չլսած, Շուշիի տեղը չիմացող երեւանցի, արարատցի, ապարանցի հայորդին Շուշին իր սրտի, իր արյան մեջ ունի եւ պատրաստ է կյանքը տալ այդ հողի համար։ Որ միլիոնավոր տարիներ էլ անցնեն, մեր բիբլիական հողի յուրաքանչյուր թիզը հարազատ ու թանկ է լինելու բոլոր նրանց համար, ում երակներում գոնե մի կաթիլ հայկական արյուն է հոսում։ Մենք չենք մոռացել ու չենք մոռանալու, առավել եւս հիմա, առավել եւս այս սերունդը։ Մեր հայրերի, եղբայրների, հարազատների արյամբ է ցողվել ազատագրված հայրենիքի` Արցախի յուրաքանչյուր թիզ հողը։ Ու իրական հաղթանակների երանելի հպարտությունը այլեւս անդարձ հիշողություն է դարձրել բարոյական հաղթանակների տխուր ինքնախաբկանքը։ Մենք հաղթեցինք Շուշվա ճակատամարտում, մենք կռվեցինք հերոսաբար ու մաքրեցինք մեր հողը թշնամուց` սովորեցնում է պատմության դասագիրքը 21-րդ դարի հայորդուն, ու այդ հաղթանակը արյան գույն է դառնում նրա համար, լցնում ազգային հպարտությամբ, վեհությամբ, ըմբոստությամբ ու հայրենիքի հանդեպ գիտակցված սիրով։ Մենք ազատագրեցինք Արցախը, վերականգնեցինք ավերված եկեղեցիները, փրկեցինք խաչքարերը մոռացության փոշուց` արձանագրում են նորօրյա պատմագիրները, հայրենիքի համար ամենաթանկը չխնայելու պատգամ ավանդելով բարձրացող սերնդին։ Հիմա մեր ողբը ցասում ունի, ցավը` հպարտություն, տառապանքը` վրեժ։
Ես կարող եմ ասել` նախախնամության մատն էր խառը, կարող եմ հավատացնել, որ մեր բաժին Աստվածն էր այդպես կամեցել ու պատմության խավար քառուղիներում, ցրտաշունչ ու մահաբեր, անսկիզբ ու անվախճան ձմեռներից հետո իբրեւ հույսի միակ փարոս, իբրեւ լինելության վերջին առհավատչյա մեզ մայիս էր նվիրել։ Մայիս… որը պիտի մեր դարավոր ու կորստաշատ, մեր դժվարին ու սխրալից երթի վերջին հանգրվանը լիներ, կամ դառնար ավիշ, դառնար արյուն մեր ցամաքած երակների համար, դառնար ապրելու կամք ու ապրեցնող հավատ։ Մայիս… որ պատմության թատերաբեմում ճակատագիրը չգուժեր հայոց կենսագրության վերջին արարն ու չփակեր վարագույրը մեր մաքառումի կեսճանապարհին։
Ես կարող եմ ասել` մայիսն օրինաչափ էր, ինչպես գարնան գալը, ինչպես ծլարձակումն ու ծաղկազարդը, անակնկալ` ինչպես արեւը ամպրոպից հետո։ Ես կարող եմ հավատացնել, որ արարումի ու զարթոնքի, պտղաբերումի եւ վերածնության շունչն էր դարձել վերջին հարվածի մղում` սրտի վերջին զարկի նման ուժգին, հույսի նման թանկ ու նվիրական։ Իսկ իրականում մայիսը սովորական ամիս է բոլոր ամիսների նման։ Ու եթե թերթենք մեր պատմության բազմահատոր գրքի էջերը, կտեսնենք, որ միայն մայիսին չէ, որ մենք հաղթել ենք։ Որ նույնիսկ մայիսյան հաղթանակների հետեւում բազում մեծ ու փոքր հաղթանակներ են, եւ առանց այդ հաղթանակների մայիսը Մայիս չէր լինի ու չէր կոչվի հաղթական ամիս։
Ուրեմն մայիսը խորհրդանիշ է` նախախնամությամբ կանխորոշված, թե օրինաչափ։ Մայիսը մեր ջանադիր արարումի խորհրդանիշն է, մեր վերսլաց մտքի, մեր տաղանդի։ Որովհետեւ մենք ենք մեր հողը հայրենիք դարձրել։ Մենք հողը զատել ենք քարից, քարից տուն ու տաճար ենք կառուցել, խաչքար ու եկեղեցի, աղբյուր ու ամրոց։ Քարին ձեւ ենք տվել, շունչ ու հոգի։ Հայի հոգին։ Մեր մատների ջերմությունն ենք տվել, մեր հոգու պատկերն ենք նկարել քարին։ Ու հայացրել ենք քարը։ Մենք սերմ ենք գցել հողին, հողի հետ հայերեն ենք խոսել, հողին ջուր ու արեւ ենք տվել։ Հողը մայրացել է` ծաղիկ է ծնել, պտուղ է երկնել։ Հետո մենք հողին մայր հող ենք ասել, մայր հայրենիք։ Ու… հայացրել ենք հողը։
Ու երբ ոսոխը զենք ու զորքով եկել է մեր հողի վրա, եկել է մեր հողին տիրանալու, մենք մեր հողը հոժարակամ չենք զիջել նրան, մենք հողը չենք փոխել… կյանքի հետ։ Հողը կյանքից վեր ենք դասել։ Որպես անջինջ հիշողություն, որպես անանց կնիք` մեր արյունն ենք թափել հողին շռայլորեն, որ նա գերեվար` հայրենիք չդառնա օտարի համար։ Ուրեմն՝ մայիսը մեր ինքնազոհության խորհրդանիշն է։
Դարեդար դամոկլյան սրի պես մեր գլխին թուրքը յաթաղան է կախել, բայց երբ արհավիրքը նահանջել, երբ խավար երկնքից արեւի շող է կաթել հողին, մենք նորից կերտել ու կառուցել ենք, ցանել ու վարել ենք։ Հարսանիք ենք արել, զավակ ենք ծնել։ Մենք ապրել ենք ի հեճուկս բոլոր արհավիրքների։ Ուրեմն` մայիսը մեր կենսունակության խորհրդանիշն է։
Մենք վերջին զարկը չենք զիջել թուրքին։ Մենք սուր ենք բարձրացրել, երբ դանակը հասել է ոսկորին։ Բայց մեր վերջին զարկն անվրեպ է եղել։ Ու թշնամին ծնկել է մեր վերջին զարկից։ Այդ վերջին զարկը երբեմն ուշացել է դարերով, երբեմն թվացել է` այլեւս ուժ չի մնացել զարկելու, բայց երբ պահը եկել է, մենք մեր կամքը պողպատ ենք դարձրել, մենք պրկել ենք մեր բազուկն ու… զարկել ենք։ Ուրեմն` մայիսը մեր վերջին զարկի խորհրդանիշն է։
Մենք պարտվել ենք, երբ կարելի էր հաղթել։ Մենք հաղթել ենք, երբ հաղթելը թվացել է անհնար։ Մենք հաղթել ենք տանկերի վրա քարեր նետելով, մեկը տասի դեմ կռվելով ենք հաղթել։ Ուրեմն` մայիսը մեր ոգու խորհրդանիշն է։
Ու երբ թշնամին վառել է մեր տները, լլկել է մայր ու մանուկ, խոշտանգել է անզեն ու անօգնական մարդկանց, երբ անարգել, երբ պղծել է մեր սրբությունները, մենք գազանի դեմ գազան չենք դարձել, մենք վայրագությանը չենք պատասխանել վայրագությամբ։ Մենք սուր չենք բարձրացրել ընկածի վրա, չենք գնդակահարել անզեն ոսոխին, թուրքի կնոջը չենք անպատվել։ Թուրքի զավակին չենք գլխատել մոր աչքի առաջ։ Մենք հայ ենք մնացել։ Ուրեմն` մայիսը մեր արժանապատվության խորհրդանիշն է։
Մենք ասել ենք` արու զավակը հայրենիքինն է։ Մեր զավակին սահմանապահ ենք կարգել։ Մենք մեր որդու սիրտն ու կյանքն ենք վահան դարձրել թշնամու առաջ, որպեսզի մեր հողն աննվաճ մնա։ Հայ մնա։ Ուրեմն` մայիսը մեր հայրենասիրության խորհրդանիշն է։
Մայիսը չէր կարող չլինել` նախախնամությամբ կամ օրինաչափորեն, որովհետեւ կան ու լինելու են մեր մտքի թռիչքն ու մեր անձանձիր արարումը, մեր անկորնչելի կամքն ու անբավ կենսունակությունը, մեր ոգին ու հերոսականությունը, մեր արժանապատվությունն ու վեհությունը, մեր ինքնանվիրումն ու հայրենասիրությունը, մեր ուժն ու արիությունը։ Մեր վերջին զարկի իրավունքը։ Ուրեմն` մայիսը մեր հավերժության խորհրդանիշն է։
Մենք այսպես ենք ապրել ու այսպես ենք ապրելու։ Նախախնամությամբ, թե օրինաչափորեն` մեր պարտությունները վաղանցուկ են, իսկ հաղթանակներն` անկասելի։ Մեր կորուստները չունեն վաղեմության ժամկետ, որովհետեւ մեր հիշողությունն արյան գույն ունի։ Որովհետեւ մեր Մայիսն անկասելի է, ինչպես գարնան գալը, ինչպես ծաղկազարդն ու պտղաբերումը, ինչպես զարթոնքն ու վերածնունդը։ Նախախնամությամբ։ Օրինաչափորեն։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Բանակ և հասարակություն