ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Եթե կան աստեղային ժամեր, ապա կան նաև աստեղային օրեր, և մեր ազգային օրացույցում այդպիսի օրերից մեկը մայիսի 9-նն է։ Օր, որ նշանավորված է մեծ իրադարձություններով և հավերժորեն մտել է մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ, դարձել անցած ճանապարհի նշանակ և ուղեցույց։
Այդպիսի օրերն իրենց անուններն ունեն, և մայիսի 9-ը մենք կոչում ենք Հաղթանակի և խաղաղության օր։ Մեծ հայրենականն էր՝ պարտադրված պատերազմ, և մենք ևս ոտքի ելանք՝ խստաշունչ տարիների, արյան և զոհողությունների, կենաց և մահու կռիվների ու մարտական փառավոր սխրանքների միջով հասնելու այդ օրվան։ Եվ ի՜նչ երանելի է եղել այդ օրը, և ի՜նչ տխուր ու վշտահար։ Սերմնացաններից քանի՜սը տուն չվերադարձան, քանի՜ ընտանիքներ որբացան, քանի՜-քանիսն այդպես էլ չհասցրին ընտանիք կազմել, ի՜նչ երազանքներ կիսատ մնացին…
Ճիշտ է, Մեծ հայրենականի պատերազմական գործողությունները մեր հայրենի հողում չծավալվեցին, բայց մենք կռվի գնացինք հանուն այդ հողի՝ երդվելով, որ ֆաշիզմի սև ամպը չպետք է մթագնի մեր երկինքը։ Հիտլերյան Գերմանիայի ջախջախիչ պարտությունը Ստալինգրադի ճակատամարտում, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր հայեր, նաև նրա դաշնակից Թուրքիայի պարտությունն էր, և թուրքական բանակը, որ հարմար պահի էր սպասում ներխուժելու Արաքսից այս կողմ, ատամները կրճտացնելով «ճանկերն իրեն քաշեց»։
Մեծ աշխարհամարտ էր, և մենք միացած էինք աշխարհի այն ժողովուրդներին, որոնք դաշն էին կազմել՝ կանգնեցնելու և խորտակելու հիտլերյան մարդակուլ մեքենան, վիժեցնելու Հիտլերի «Բարբարոսայի պլանը», որն իրապես ամենավայրագ բարբարոսի մի ճիվաղային ծրագիր էր։ Մենք իրավունք ունենք հպարտանալու, որ 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան միակն է ԽՍՀՄ-ում կազմավորված ազգային դիվիզիաներից, որ, իր հաղթարշավն սկսելով Գրոզնիի մատույցներից, պատերազմի ավարտին մտավ ֆաշիզմի որջը՝ Բեռլին, և հաղթանակն այնտեղ դիմավորեց՝ Մայիսի 9-ը տոնելով մեր ավանդական «Քոչարիով»։ Ավերակված Ռայխստագի պատերին հայերեն գրություններ հայտնվեցին, և հայոց մեսրոպատառ գրերն այդ օրը մեկ ուրիշ իմաստ, նշանակություն ստացան…
Մենք իրավունք ունենք հպարատանալու հարյուրից ավելի այն հայ քաջորդիներով, որոնք արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման, շուրջ 6 տասնյակ այն հայ գեներալներով, որոնք զորագնդեր տարան առաջ և կարևոր մարտական առաջադրանքներ կատարեցին՝ ապահովելով ընդհանուր հաղթանակը, սփյուռքի մեր հայրենակիցներով, որոնք, լավ հասկանալով պատերազմի ելքի նշանակությունը հայրենիքի ճակատագրում, ոչ միայն առատ նվիրատվություններով օգնեցին կարմիր բանակին, այլև իրենք էլ կռվեցին աշխարհամարտի տարբեր ճակատներում, միացան Դիմադրության շարժմանն Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր։
Հայաստանում հիմա չկա մի քաղաք կամ գյուղ, որտեղ կանգնեցված չլինի Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթող կամ հուշաղբյուր։ Դա ոչ միայն հարգանքի տուրք է նրանց հիշատակին, այլև հիշողության դաս, որ ավանդվել և դեռ ավանդվելու է գալիք սերունդներին։
Մայիսի 9-ը մեկ այլ անուն էլ ունի՝ Շուշիի ազատագրության օր։ Հայն այս անգամ արդեն կռվեց ոչ թե «դրսում», այլ իր հայրենի հողում, և կռիվն այդ հողի ազատագրման համար էր, Արցախ աշխարհը ադրբեջանցիների ճիրաններից ազատելու համար, ուստի կռիվը կոչվեց ազատամարտ, կռվողը՝ ազատամարտիկ։
Մեծ անարդարություն էր եղել՝ յոթ տասնամյակ առաջ ադրբեջանցին ապօրինի, խաբեությամբ տիրացել էր հայոց հողին և ուզում էր հավերժացնել իր տիրապետությունն այնտեղ՝ հայաթափելով Արցախը, նրա իսկական տիրոջը դարձնելով իրավազուրկ, և արցախցին, հպա՛րտ արցախցին ոտքի ելավ՝ ազատ ապրելու իր տանը, դառնալու իր ճակատագրի տերը։ Հիրավի ազատագրական, արդար պատերազմ…
Շուշիի ազատագրումը, ահա, դարձավ այդ պատերազմի բարձրակետը, այն հզոր լիցքը, որ զորացրեց Արցախի ինքնապաշտպանական ուժերին՝ հասնելու վերջնական հաղթանակի։ Դա այդ ուժերի հաղթական մեծ մկրտությունն էր, որը վերահաստատեց գեներալ Դրոյի հեռատես խորհուրդն ու պատգամը՝ «ով տիրում է Շուշիին՝ տիրում է Ղարաբաղին»։
1992թ. մայիսի 8-ի երեկոյան, գտնվելով մարտական գործողությունների կիզակետում, Վազգեն Սարգսյանը հայտարարեց. «Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է»։
Իսկապես հրաշք էր. որտեղի՞ց պարզ, հասարակ, բայց հպարտորեն իրենց երկրապահ կոչող տղաների մեջ այդքան քաջարի ոգի, կամք, հերոսականություն՝ դիմադարձ կանգնելու իրենց զգալիորեն գերազանցող թշնամական ուժերին և հաղթելու։
Եվ ի՜նչ հաղթանակ… Շուշիի ազատագրումը… մարտական մի փայլուն գործողություն էր, որը հարուցել և դեռ հարուցելու է ռազմական արվեստի գիտակների զարմանքն ու հիացմունքը։ Եվ այնքան նշանակալից էր այն, որ ԼՂՀ Ազգային ժողովի 1994թ. մայիսի 7-ի որոշմամբ սահմանվեց «Շուշիի ազատագրման համար» մեդալը՝ արժանի պարգև բոլոր նրանց, ովքեր ազատագրեցին հերոսական անցյալով իրեն փառաբանած հայոց հին բերդաքաղաքը, Լեոյի, Մուրացանի, Հայկ Գյուլիքևխյանի, Նելսոն Ստեփանյանի, Ալեքսանդր Մելիք-Փաշայանի և ուրիշ շատ անվան հայերի ծննդավայրը, հայ մշակույթի նշանավոր օջախներից մեկը…
Շուշիի ազատագրումը ձեռք բերվեց հմտորեն նախապատրաստված մարտարվարության, շտաբային հսկայածավալ աշխատանքի, բոլոր աստիճանների հրամանատարների ամուր փոխգործակցության, ռազմական հնարամտության և, իհարկե, ամենից առաջ, կամավորական ջոկատների մարտիկների անձնուրաց հայրենասիրության շնորհիվ։ Այն ռազմավարական մեծ նշանակություն ունեցավ՝ վերջնականապես վնասազերծվեցին շրջակա բոլոր թշնամական հենակետերը, ամուր հենարան ստեղծվեց Արցախի ինքնապաշտապանական ուժերի հետագա հաղթական գործողությունների, դրանց առավել լայն և նպատակասլաց ծավալման համար։ Եվ բոլորովին պատահական չէր, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ 1992թ. մայիսի 9-ը հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։ Այդ բանակն այսօր հզոր մի ուժ է՝ ժամանակակից բանակներին հատուկ ռազմական հանդերձմամբ, կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ, բարձր մակարդակով անցկացվող զինավարժություններով՝ պատրաստ դիմակայելու թշնամու բոլոր նկրտումներին, ինչ ձևով էլ դրանք արտահայտվելու լինեն։
Լինելով ուժեղ և մարտունակ՝ Արցախի պաշտպանության բանակն այսօր այն զսպիչ ուժն է, որը երաշխավորում է նոր պատերազմի կանխումը և տևական խաղաղության ապահովումը տարածաշրջանում։
Մայիսի 9-ը, ահա, այսպիսի նշանավոր օր է մեզ համար, և այն իր խորհուրդն ունի։ Դա խաղաղության խորհուրդն է, ազատ ապրելու, ստեղծագործելու, արարելու, հայրենի հողը շենացնելու խորհուրդը։
Հրաշալի, գեղեցիկ, իմաստուն խորհուրդ…
Ն.ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում