Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՇԻՆ՝ ՀՐԱՇԱԶՈՐ ԿԱՄՔ



Թվում է, թե Շուշիի ազատագրման մասին ամեն ինչ ասված է՝ հաղթեցինք, որովհետև հավատում էինք, հաղթեցինք, որովհետև միասնական էինք, հաղթեցինք, որովհետև չէինք կարող պարտվել: Թվում է, թե Շուշիի ռազմագործողության մասին ամեն ինչ ասված է՝ դա հայոց ռազմական տաղանդի դրսևորում էր, դա ոգու առավելությունն էր քանակի նկատմամբ, դա Աստծո միջամտությունն էր մեր գործերին, դա հրաշք էր: Թվում է, թե Շուշիի ազատագրման պատմական նշանակության մասին ամեն ինչ ասված է՝ վերջնականապես հաստատեց հավատը, որ կարող ենք մեր ուժերով հաղթել թշնամուն, բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ, կոտրեց թշնամու ինքնավստահությունը, հիմք դարձավ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման համար, Լաչինի միջանցքի ազատագրման նախադրյալ դարձավ, միջազգային հանրության աչքերը բացեց և ի ցույց դրեց ԼՂ հիմնախնդիրն իր ամբողջ սրությամբ ու դրամատիզմով, վերջապես, փոխեց հայի հոգեբանությունն ու նրան վերադարձրեց հաղթողի կեցվածքը:

Ամեն ինչ ասված է, և սակայն ամեն տարի նորովի է իմաստավորվում Շուշիի հաղթանակը: Ամեն տարի այս օրերին զարմանքով ենք հիշում հաղթելու մեր հրաշազոր կարողության այդ փայլուն դրսևորումը՝ պատմականորեն բազմիցս հաստատված: Շուշիի ազատագրման ղեկավարներն ու մասնակիցներն այսօր պատմում են՝ ով, ինչ և ինչպես արեց, ինչ ասաց, ինչ մտածեց. ի հայտ են գալիս նորանոր մանրամասներ: Եւ այդ մանրամասների ի հայտ գալուն զուգահեռ է՛լ ավելի է արմատավորվում համոզմունքը, որ կատարվածը ինչ-որ տեղ անբացատրելի մի երևույթ էր, մի հրաշք, բայց նաև հրաշագործ կամք:

Շուշիի հաղթանակը մեզ ոգի ու հավատ է տալու, քանի դեռ զարմացնում է, քանի դեռ թվում է առեղծվածային ու գերբնական: Այդ հաղթանակը հայ ժողովրդի աստեղային ժամերից մեկն է՝ Ավարայրին ու Սարդարապատին համարժեք: Հաղթանակ, որը չպետք է սովորական դառնա մեզ համար: Հրաշքը հնարավոր է, քանի դեռ հավատում ենք դրան՝ հրաշագործ զարմանքի և զարմանահրաշ կամքի պոռթկումով:

Խորագիր՝ #18 (934) 10.05.2012 – 16.05.2012, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


16/05/2012