Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱԿԱՋԻՀԱԴ



Ղրղզստանի իշխանությունները մտադիր են խստացնել վերահսկողությունը ինտերնետային մի շարք կայքերի նկատմամբ, քանի որ, համաձայն նրանց պնդումների, երկրի բնակիչը տանը նստած կարող է մի քանի ամսում լրիվ յուրացնել «երիտասարդ շահիդի դասընթացը», կարդալ կրոնական տեքստերի կամայական մեկնաբանություններ, որոնք արդարացնում են բռնությունը, ինչպես նաեւ սովորել բնակարանում հրաձգարան սարքավորել և ձայնամեկուսացնել այն…

Իշխանությունների համբերության բաժակը վերջնականապես լցվեց վերջերս Ինտերնետում «Կիրգիզ ժողովրդին ուղղված դիմումի» հրապարակումից հետո, որով կոչ էր արվում սպանել «Մանաս» օդանավակայանում տեղակայված ամերիկյան ռազմաօդային ուժերի հենակայանում ծառայող «անհավատներին»:

Դրանից հետո երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Շամիլ Ատախանովը հայտարարեց, որ իր ղեկավարած ծառայությունն ուժեղացնելու է ղրղզական ինտերնետ կայքերի դիտարկման և ազգային ու կրոնական թշնամանք հրահրող բովանդակությամբ կայքերի հայտնաբերման աշխատանքները, որոնցում կկիրառվեն նաև լրացուցիչ տեխնիկական միջոցներ և հատուկ ծրագրային ապահովում: Նա միաժամանակ հստակեցրել է, որ այդ ամենը ոչ մի կապ չունի համացանցի նկատմամբ գրաքննության սահմանման հետ, և իրենք գործելու են բացառապես օրենքի սահմաններում:

Նրա խոսքերը հաստատել է նաև Ղրղզստանի հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ռուստամ Մամասադիկովը՝ հայտարարելով, որ բոլոր լրատվամիջոցներն ազատորեն քննադատում են թե՜ նախագահին, թե՜ կառավարությունը, և ոչ ոք իրավունք չունի բռնանալու ազատ խոսքի իրավունքի վրա, սակայն այժմ տեղեկատվական տեխնոլոգիաները վտանգավոր գործիք են դառնում ահաբեկիչների ու իսլամ ծայրահեղականների ձեռքում, ինչն անթույլատրելի է:

Գեներալ Մամասադիկովը նաև հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ղրղզստանում բացահայտվել է երկու խոշոր ահաբեկչական խմբավորում, երկուսն էլ իրենց հայացքների քարոզման ու նոր անդամների հավաքագրման նպատակով ակտիվորեն օգտագործում էին համացանցի ընձեռած հնարավորությունները:

Միաժամանակ նրա իսկ խոստովանությամբ, դեռևս չի մշակվել հստակ օրենսդրական բազա, որը թույլ կտար արգելափակել արտասահմանյան կայքերը (ինչպես դա իրականացվում է Ռուսաստանում), իսկ ղրղզական լսարանի համար հիմնականում աշխատում է օտարերկրյա ինտերնետ ռեսուրսը, որն առավելապես ռուսերեն նյութեր է հրապարակում Կենտրոնական Ասիայի համար: Այնինչ վերջերս հայտնվել են նաև ղրղզերեն ու ուզբեկերեն նույնաբովանդակ կայքեր:

Խորագիր՝ Նորություններ


16/05/2012