Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏՎԵԼ Է



ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայությունը կարծես թե վերջակետ է դնում ՌԴ պաշտպանության նախարարության և ռուսաստանյան բանկերի միջև ծայր առած հակամարտությանը, որը լայն քննարկման առարկա դարձավ նաև լրատվամիջոցներում:

Խնդիրը ծագեց անցած սեպտեմբերին, երբ նախարարության սոցիալական երաշխիքների դեպարտամենտի պետ Աննա Կոնդրատևան նախարարության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին, այդ թվում նաև պաշտպանական արդյունաբերության այնպիսի խոշոր ձեռնարկությունների, ինչպիսիք են «Оборонстрой»-ը, «Ремвооружение»-ն, «Авиаремонт»-ը, հրահանգեց զինծառայողների բոլոր լրացուցիչ վճարումները կատարել բացառապես «ВТБ» բանկի միջոցով: Լրատվամիջոցների պնդմամբ, նախարարությունն ավելի ուշ սկսել էր այս բանկ փոխադրել իր, զինվորական օկրուգների, նավատորմների ու զորատեսակների, ինչպես նաև գործընկեր ձեռնարկությունների բոլոր բանկային հաշվեհամարներն ու բանկային նախագծերը՝ պահանջելով մինչև 2011 թվականի սեպտեմբեր փակել մյուս բոլոր բանկերում ունեցած հաշվեհամարները:

Եվ քանի որ խնդիրը վերաբերում էր աստղաբաշխական գումարների (միայն պաշտպանական արդյունաբերական ձեռնարկություններին այս տարի փոխանցվելու է 486 միլիարդ, իսկ մինչև 2020 թվականը՝ 20 տրիլիոն ՌԴ ռուբլի), դաշնային գերատեսչությունների հետ բացահայտ հակամարտությունից սովորաբար խուսափող ռուսաստանյան բանկերն իսկույն միավորվեցին, ընդ որում իրենց դաշնակից դարձնելով նաև ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայությանը: Իսկ «ВТБ» բանկի հետ աշխատելու վերաբերյալ ՊՆ յուրաքանչյուր հրահանգ զարմանալի օպերատիվությամբ հայտնվում էր մի քանի լրատվամիջոցի ձեռքում:

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները մասնավոր զրույցներում պնդել են, որ մեկ խոշոր բանկի հետ համագործակցելը թույլ է տալիս պարզեցնել ֆինանսական հոսքերի տեղադրման գործընթացը, իսկ տեղերում՝ պայքարել կոռուպցիայի դեմ, ու այդպես էլ չբացատրեցին, թե ինչու և ինչ հիմունքներով էր ընտրվել հատկապես «ВТБ»-ն:

Ծառայությունը պաշտպանության նախարարին հրահանգել է պաշտպանական արդյունաբերության համալրի ձեռնարկություններից չպահանջել բանկային ծառայություններն իրականացնել միայն «ВТБ» բանկի միջոցով, ինչպես նաև ինքնուրույն բանկային գործընկեր ընտրելու կարգի մասին մանրամասն բացատրություններ տեղադրել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում, տրամադրել խնդրին առնչվող բոլոր փաստաթղթերը, հիշեցնելով, որ հակառակ դեպքում գերատեսչությունը կտուգանվի մինչև կես միլիոն ՌԴ ռուբլի՝ հայտարարելով, որ պաշտպանության նախարարության կարգադրությունները հակասում են «Մրցակցության պաշտպանության մասին» ՌԴ օրենքի պահանջներին:

Խորագիր՝ Նորություններ


16/05/2012