ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿ Է ԱՐՁԱԿՎԵԼ
ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերը Պլեսեցկ տիեզերակայանից հաջողությամբ իրականացրել են ռազմական նշանակության միջին դասի «Союз-У» տանող հրթիռի արձակում: Հրթիռը տիեզերք է դուրս բերել «Космос» դասի տիեզերական սարքավորում, որն աշխատելու է ՌԴ պաշտպանության նախարարության համար: Արձակումը ղեկավարել է օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն:
Արձակման նպատակն է համալրել ռազմական նշանակության արբանյակների ռուսաստանյան խմբավորումը: Իսկ ամերիկյան «spaceflightnow.com» կայքի տվյալներով, հրթիռը տիեզերք է տարել ֆոտոհետախուզության «Кобальт» օպտիկական արբանյակ, որը նախատեսված է Երկրի մակերևույթի մանրամասն լուսանկարահանման համար:
Արձակումից մի քանի ժամ անց տիեզերանավի ղեկավարումը փոխանցվել է օդատիեզերական պաշտպանության ուժերի տիեզերական հրամանատարության գլխավոր տիեզերական փորձարարական կենտրոնին, որը տիեզերանավը կղեկավարի վերջինիս ուղեծրային թռիչքի ընթացքում: Արձակմանը ներկա են եղել զորատեսակի միավորումների ու զորամասերի շուրջ ութ տասնյակ հրամանատարներ, որոնք մասնակցում էին օդատիեզերական պաշտպանության ուժերի հրամանատարության առաջին ուսումնամեթոդական հավաքին:
Զորատեսակի հրամանատարությունը նաև հայտարարել է, որ «Союз-У» տանող հրթիռի 434-րդ արձակումը վերջինն է նրա շահագործման 40-ամյա պատմության ընթացքում: Հետայսու հրթիռին կփոխարինեն նոր «Союз-2» և «Ангара-А3» միջին դասինները: «Ангара»-ի առաջին արձակումը նախատեսվում է իրականացնել 2013 թվականին, իսկ Պլեսեցկի տիեզերակայանում արձակման հրապարակի կառուցումը թույլ կտա այնտեղից տիեզերք արձակել ռազմական նշանակության բոլոր արբանյակները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական