ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ
Զորամաս ձգվող ճանապարհի ողջ երկայնքով աջ եւ ահյակ կանգառել էին մեքենաները՝ երթեւեկը դարձնելով գրեթե անհնար։ Մարդիկ խմբերով շարժվում էին դեպի զորամաս, որի դարպասների մոտ ասեղ գցելու տեղ չկար։ Մերթընդմերթ դուրս էր գալիս հսկիչ-անցագրային կետի հերթապահ սպան եւ հավաքվածներին հորդորում մի քիչ էլ համբերել։
-Մի քանի րոպեից թույլ կտրվի մտնել զորամաս,- հավաքվածներին է դիմում նա, ապա մտնում ներս՝ պատասխանելու հերթական հեռախոսազանգին։
Եկավ սպասված պահը։ Զորամասի դարպասները բացվեցին, եւ մարդիկ, իրար հերթ չտալով, փութացին դեպի շարահրապարակ, որտեղ զինվորական երդման համար տողանի էր շարված ուսումնական գումարտակը, որի հրամանատար փոխգնդապետ Կ. Անդրեասյանը վերջին հրահանգներն էր տալիս իր ենթականերին։
Հունվարի 22-ին գնդապետ Ա. Հարությունյանի հրամանատարությամբ գործող ինժեներասակրավորային զորամասում տեղի ունեցավ զինվորական երդման արարողություն՝ բանակային կյանքի թերեւս ամենից սպասված ու գեղեցիկ, պատասխանատու մի միջոցառում, որի ընթացքին նորակոչիկ զինվորների հարազատները հետեւեցին հպարտությամբ, հանդիսավոր զգաստությամբ, ուրախության արցունքներն աչքերին։
Երբ բարձրախոսին մոտեցավ հրամանատարը, շարահրապարակում տիրեց քար լռություն։
-Գո՛ւնդ, դրոշի ներքո զգա՛ստ,- լսվեց գնդապետի հուժկու ձայնը, եւ դրոշակակիր դասակը գնդի դրոշը հանդիսավորությամբ բերեց շարահրապարակ։
Այնուհետեւ, դիմելով երդման արարողության մասնակիցներին, նրանց հարազատներին եւ հյուրերին, հրամանատարն ասաց.
-Սիրելի՛ նորակոչիկներ, կուզենայի, որ ձեզնից յուրաքանչյուրը խորությամբ ըմբռներ զինվորական երդման խորհուրդը եւ այս երկու տարիների ընթացքում զինվորական ծառայությունը անցկացներ իր տված երդմանը համապատասխան, ասել է թե՝ նվիրվածությամբ։ Ձեզնից յուրաքանչյուրի անձնվեր ծառայությունից եւ մասնագիտությանը լիարժեք տիրապետելուց է կախված հայրենիքի պաշտպանության հուսալիությունը…
Գնդապետ Ա. Հարությունյանի խոսքից հետո սկսվեց բուն երդման արարողությունը։ Նորակոչիկների հարազատները օղակել էին շարահրապարակը, եւ ամեն մեկը հայացքով փնտրում էր իր որդուն, եղբորը, ընկերոջը՝ իր զինվորին ու պաշտպանին։
Գյումրեցի Էդգար Եղոյանը Մոսկվայից վերադարձել ու զորակոչվել է բանակ։
-Երկու տարեկան եմ եղել, երբ Հայաստանից ընտանիքս մեկնել է Ռուսաստան, որտեղ հաճախել եմ մանկապարտեզ, ավարտել միջնակարգը։ Եկել է հայրենիքին պարտքս տալու ժամանակը, եւ ես այն պատվով կկատարեմ,- վստահեցնում է Էդգարը։
Արմատներով Զանգեզուրից Էրիկ Ղուշունցն էլ 15 տարի առաջ է իր ընտանիքի հետ հեռացել Հայաստանից՝ բնակություն հաստատելով Սարատովի մարզի Բալակովո քաղաքում։
-Այսօր ես եւ իմ ընկերները պատվի եւ արժանապատվության երդում տվեցինք, եւ վստահեցնում եմ՝ մեր երդումը երբեք չենք դրժի։ Ինձ համար, նախ եւ առաջ որպես զանգեզուրցու, մեծ պատիվ է կրել հաղթանակած երկրի բանակի զինվորի համազգեստը,- հպարտանում է Էրիկը։
Ագրարային համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Արտակ Մանուկյանը զորակոչվել է Արտաշատի տարածքային զինկոմիսարիատից։ Իմ առջեւ կանգնած է լուրջ, զգաստ ու ձիգ կեցվածքով մի պատանի, որը քաջ գիտակցում է, թե ինչ նշանակություն ու կարեւորություն ունի զինվորական երդումը իր համար։
-Ինչպես մեր հրամանատարն ասաց, այս պահից մենք պատասխանատու ենք մեր պետության սահմանների անձեռնմխելիության համար եւ իրավամբ համարվում ենք մեր ժողովրդի անվտանգության, խաղաղ գոյության երաշխավորը։ Ինժեներ-սակրավորի մասնագիտությունը սրտովս է, միաժամանակ էլ գիտակցում եմ՝ անչափ պատասխանատու եւ վտանգավոր մասնագիտություն է։ Սակրավորը նաեւ առաջամարտիկ է, մշտապես առջեւից ընթացող զինվոր, որը սխալվելու իրավունք չունի։ Հայտնի ճշմարտություն է՝ սակրավորը մեկ անգամ է սխալվում։ Պետք է շատ լավ տիրապետեմ մասնագիտությանս, որ երբեք չսխալվեմ,- ասում է Արտակը եւ շտապում քիչ հեռվում իրեն սպասող հարազատների մոտ։
Զոհված ազատամարտիկ Հարություն Դավթյանի մայրը եկել էր թոռան՝ Հովհաննես Բաբայանի զինվորական երդմանը ներկա լինելու։
-Հովհաննեսն էլ իր քեռու նման պատվախնդիր է, հայրենասեր։ Հարությունս զոհվել է 1993թ. Սարսանգի ջրամբարի մատույցներում։ Խիզախ մարտիկ էր, իսկական նվիրյալ։ Թոռնիկս երդվում է ոչ միայն մեր, մեր հայրենիքի, այլեւ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության սուրբ գործին տված մեր քաջ որդիների առջեւ,- հուզմունքով ասաց Ազնիվ մայրիկն ու թաշկինակը մոտեցրեց աչքերին։
Այդ օրը երդում տվեցին նաեւ Սամվել Մկրտչյանի երկու որդիները՝ Վարդանն ու Ռազմիկը։ Նրանց շնորհավորելու էր եկել փոքրիկ քույրը՝ 3-ամյա Լուսինեն, որ Վարդանի գրկից գնում էր Ռազմիկի գիրկը, Ռազմիկից՝ Վարդանի։
Վարդգես Մարտիրոսյանն անչափ հպարտ է. նրա Մեսրոպ զավակը հայոց անկախ պետության բանակի զինվոր դարձավ։ Երդման արարողությունից հետո դիմելով նորակոչիկներին՝ նա ասաց.
-Աստեղ հավաքված հարյուրավոր ծնողների անունից մեր հույսի, հավատի, շնորհակալության եւ երախտագիտության խոսքն եմ բերել այս սուրբ ու հիշարժան օրվա առթիվ։ Դուք ամեն մեկդ մի տան ճրագ եք։ Իմ միակ որդին այսօր զինվորական դարձավ։ Նա այժմ հավասարի իրավունքով ձեր կողքին է կանգնած։ Եղեք կարգապահ, առաքինի, ազնիվ, ընկերասեր, հայրենասեր։ Բարի ծառայություն ձեզ։
Ազատամարտիկ, պահեստազորի ավագ լեյտենանտ Գառնիկ Կակոյանն էլ այս գեղեցիկ, հիշարժան, իր իսկ բնորոշմամբ՝ պատմական օրվա կապակցությամբ եկել է շնորհավորելու հորաքրոջ թոռանը՝ Արայիկ Դավայանին։
-Կասկած չունեմ՝ Արայիկս հավատարիմ կմնա զինվորական երդմանը՝ տառին ու շնչին։ Այս օրն անջնջելի կմնա մեր որդիների հիշողության մեջ՝ նրանց կոչելով ողջախոհության, պարկեշտության, առաքինության,- ասաց ազատամարտիկ Գառնիկ Կակոյանը, որի կուրծքը զարդարում էին անցած մարտական ուղին փաստող մեդալները։
Լեւոն Սողոմոնյանը Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի փրկարարական բաժնի ուսանող է, ծնունդով Արմավիրի շրջանի Լեն ուղի գյուղից։ Բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, ամուր բազուկներով, հպարտ կեցվածքով զինվորին շրջապատել են հարազատ բարեկամներն ու շնորհավորում են զինվորական երդման կապակցությամբ։
Հանդիսավոր արարողությունից հետո զինվորներին ու նրանց հարազատներին շնորհավորեցին ինժեներական զորքերի վարչության պետ գեներալ-մայոր Ո. Ադոյանը, գնդի հրամանատար գնդապետ Ա. Հարությունյանը, զորամասի հոգեւոր սպասավոր Համլետ սարկավագ Մովսիսյանը, զինվորների ծնողներ, հարազատներ։ Տպավորիչ էր նորակոչիկ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող Նարեկ Ծերեթյանի խոսքը.
-Այսօր մեզ համար մեծ տոն է՝ հիշարժան եւ անմոռանալի։ Մեզնից յուրաքանչյուրը սրտատրոփ սպասում էր այս օրվան։ Երդում ենք տալիս մեր հայրենիքին, հանուն ազգի իրենց կյանքը զոհած մեր եղբայրներին։ Մենք՝ նորակոչիկներս, որպես հաղթանակած ազգի զավակներ, կփորձենք արժանի լինել նրանց եւ համախմբվել հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գաղափարի շուրջ եւ առանց երկմտանքի պատրաստ լինել զոհաբերության՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
Գնդի ուսումնական գումարտակի հրամանատար փոխգնդապետ Կ. Անդրեասյանը նշեց, որ կարճ ժամանակում իրենք կարողացել են մեծ ծավալի աշխատանք կատարել, ինչի արդյունքն են միայն տեսնում նորակոչիկների հարազատները։ Փոխգնդապետի, որ այս օրերին թերեւս նորակոչիկների հետ ամենից շատ շփված պատասխանատուներից մեկն է, տրամադրությունը տոնական է ու բարձր։ Զինվորների ծնողները, մեկը մյուսին հերթ չտալով, շնորհավորում են երիտասարդ սպային՝ բարձր մակարդակով կազմակերպված հանդիսության համար, նրան հորդորում իրենց գնահատանքի խոսքը փոխանցել գնդի հրամանատարին, ողջ հրամկազմին։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր