ՆԱՏՕ-Ն ՄԻՇՏ ԿՄՆԱ ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱՅԻ ԵՐԿՆՔՈՒՄ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում է ընդունվել Մերձբալթիկայի երկնքում օդային պարեկման առաքելությունն անժամկետ դարձնելու մասին: Մերձբալթյան պետությունների զինված ուժերի սպառազինությունում չկան օդային պարեկման համար պիտանի ինքնաթիռներ, և 2004 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո կազմակերպության անդամ պետությունները հերթով իրականացնում են Եվրոպայի այս հատվածի օդային սահմանների պարեկությունը:
2009 թվականին ՆԱՏՕ-ն հայտարարեց առաքելությունը մինչև 2014 թվականը շարունակելու մասին, սակայն Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի ղեկավարությունը պնդում էր օդային պարեկումը շարունակել նվազագույնը մինչև 2018 թվականը կամ այն իրականացնել մշտապես:
Օդային պարեկմանը միանալու ցանկություն են հայտնել նաև Հունգարիան ու Հոլանդիան, իսկ Լյուքսեմբուրգը ֆինանսական աջակցություն է խոստացել: Մերձբալթյան պետություններն իրենց հերթին հայտարարել են ծրագրի ֆինանսավորման իրենց չափաբաժնի մեծացման պատրաստակամության մասին:
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ սա մերձբալթյան պետությունների համար ՆԱՏՕ-ի ամենահաջող գագաթնաժողովն էր, և որ այժմ իրենք պաշտպանված են զգում իրենց:
Գագաթնաժողովում նաև որոշվել է Վիլնյուսի էներգետիկ անվտանգության կենտրոնին տալ ՆԱՏՕ-ի առաջավոր փորձի կենտրոնի կարգավիճակ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական